«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Ընդհանուր վիրաբուժական կլինիկա


«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկան գործում է 1970թվականից, բազա է  Երևանի պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 1 ամբիոնի համար: Կլինիկայում գործում են ընդհանուր վիրաբուժության երկու վիրաբուժական բաժանմունքներ: Կատարվում են տարեկան մինչև 2000 պլանային և անհետաձգելի վիրահատական միջամտություններ, բարձրակարգ բուժսպասարկում են ապահովում անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ծառայությունները:

 

Հայաստանում առաջին անգամ մեր կլինիկայում է կատարվել պորտոկավալ բերանակցման ձևավորում պորտալ հիպերտենզիայի բուժման  նպատակով (պրոֆ. Վ.Թ. Ափոյան, 1992թ.), ուռուցքի կապակցությամբ կերակրափողի հեռացում և պլաստիկա ստամոքսով  (պրոֆ. Վ.Թ. Ափոյան, 1995թ.), ներդրվել է հակահելմինթային դեղորայքային բուժումը էխինոկոկոզի բուժման և կանխարգելման նպատակով  (պրոֆ. Վ.Թ. Ափոյան,1997թ.):

 


2001թ. կլինիկայում ներդրվել է լապարոսկոպիկ վիրաբուժությունը (պրոֆ. Ս.Ս. Հովհաննիսյան, Դ.Ա. Սարգսյան, Ս.Ս. Հովհաննիսյան): Մեր վիրաբուժական ծառայությունում են առաջինը Հայաստանում կատարվել աշխատանքներ կպումային սուր բարակաղիքային անանցանելիության (դոց. Ս.Ա. Ստեփանյան, 2009թ.), 12-մատնյա աղու պերֆորատիվ խոցի  (դոց. Ս.Ա. Ստեփանյան, 2010թ.) լապարոսկոպիկ վիրահատությունների ուղղությամբ: Հայաստանում առաջին անգամ մեզ մոտ է կատարվել աճուկային ճողվածքների էնդոսկոպիկ էքստրապերիտոնեալ պլաստիկա ինքնաֆիքսվող ցանցերով (դոց. Ս.Ա. Ստեփանյան, 2014թ.): 

 

Վիրաբուժական կլինիկան համագործակցում է Գերմանիայի, Ավստրիայի, Ռուսաստանի Դաշնության առաջավոր բժշկական կենտրոնների հետ: Այդ կենտրոններում վերապատրաստված վիրաբույժները կատարում են բազմապրոֆիլ բաց և լապարոսկոպիկ վիրահատություններ լեղաքարային հիվանդության, ճողվածքների տարբեր տեսակների, էխինոկոկոզի, ստամոքսաղիքային տրակտի տարբեր տեղակայման ուռուցքների և նրանց բարդությունների, լյարդի, ենթաստամոքսային գեղձի, վահանագեղձի, հարվահանագեղձերի, մակերիկամների հիվանդությունների կապակցությամբ:


Հայաստանում առաջին անգամ մեր կլինիկայում է ներդրվել կերակրափողի և ստամոքսի 24-ժամյա pH-մոնիտորինգ և իմպեդանսոմետրիա, որն անհրաժեշտ հետազոտություն է կերակրափողի և ստամոքսի հիվանդությունների ախտորոշման և բուժման համար:


Մեզ մոտ կարելի է որակյալ էնդոսկոպիկ և վիրահատական բուժօգնություն ստանալ կերակրափողի տարբեր ախտահարումների դեպքերում:

 

Վիրաբուժական բաժանմունքներում կատարվում են ընդհանուր վիրաբուժական, կրծքային և որովայնային լայն սպեկտրի միջամտություններ.

  • կերակրափողի էնդոսկոպիկ ստենտավորում ուռուցքների, նեղացումների դեպքում,
  • կերակրափողի պլաստիկա ստամոքսով, հաստ աղիքով՝ ուռուցքների կապակցությամբ, էքստիրպացիայից հետո,
  • կերակրափողի դիվերտիկուլների հեռացում,
  • կերակրափողի բուժավորում, պլաստիկա հաստ աղիքով՝ հետայրվածքային և այլ նեղացումների կապակցությամբ,
  • Կերակրափողի ախալազիայի կապակցությամբ` կարդիոդիլատացիա,
  • ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքների և գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդության կապակցությամբ կիրառվում են ֆունդոպլիկացիայի, ցանցով պլաստիկայի բաց և լապարասկոպիկ մեթոդներ,
  • պորտալ հիպերտենզիայի ժամանակ կերակրափողի և կարդիայի վարիկոզ լայնացած երակներից արյունահոսության դեպքում կատարվում են էնդոսկոպիկ լիգավորում և սկլերոթերապիա,
  • թոքերի ուռուցքների, էխինոկոկոզի, բուլյոզ հիվանդության, սնկային ախտահարումների կապակցությամբ վիրահատություններ,
  • միջնորմի ուռուցքների, բշտերի կապակցությամբ վիրահատություններ,
  • կրծքագեղձի ուռուցքների, դիսհորմոնալ հիվանդությունների, մաստիտների կապակցությամբ վիրահատություններ,
  • ստամոքսի ուռուցքների, ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության կապակցությամբ վիրահատություններ,
  • ստամոքսի և 12-մատնյա աղու խոցերից արյունահոսության դեպքում կատարվում է էնդոսկոպիկ դադարեցում,
  • ստամոքսի և 12-մատնյա աղու խոցերի պերֆորացիաների կապակցությամբ՝ բաց և լապարասկոպիկ վիրահատություններ,
  • ստամոքսի պոլիպների էնդոսկոպիկ հեռացում,


    «Արմենիա» բժշկական կենտրոն. II վիրաբուժական բաժանմունք  

    «Արմենիա» բժշկական կենտրոն. II վիրաբուժական բաժանմունք



  • ենթաստամոքսային գեղձի ուռուցքների և կիստաների կապակցությամբ վիրահատություններ,
  • բարակ և հաստ աղիների հիվանդությունների դեպքում վիրահատություններ,
  • վիրահատություններ հաստ աղու, ուղիղ աղու քաղցկեղի ժամանակ,
  • հաստ աղու պոլիպների էնդոսկոպիկ հեռացում,
  • լապարոսկոպիկ և բաց վիրահատություններ են կատարվում լեղաքարային հիվանդության տարբեր արտահայտությունների  (սուր, քրոնիկ քարային խոլեցիստիտներ, խոլեդոխոլիթիազ) դեպքում,
  • լեղուղիների ուռուցքների, տարբեր պատճառականության մեխանիկական դեղնուկների կապակցությամբ վիրահատություններ,
  • էնդոսկոպիկ պապիլոսֆինկտերոտոմիա և լեղածորաններից քարերի հեռացում,
  • էխինոկոկոզի տարբեր տեղակայումների (լյարդի, թոքերի, փայծաղի և այլ) կապակցությամբ վիրահատություններ և հատուկ դեղորայքային բուժում էխինոկոկոզի կրկնությունը կանխելու նպատակով,
  • պրոկտոլոգիական միջամտություններ թութքի, հետանցքի ճաքի, պարապրոկտիտների, պոչուկի էպիթելային ուղիների կապակցությամբ,
  • սինթետիկ ցանցերով պլաստիկաներ տարբեր տեղակայման ճողվածքների դեպքում,
  • աճուկային ճողվածքների լապարոսկոպիկ վիրահատություն (TEP մեթոդով) ֆրանսիական արտադրության ինքնաֆիքսվող ցանցերով,
  • լապարոսկոպիկ և բաց ապենդէկտոմիա,
  • վահանագեղձի (հանգուցավոր խպիպ, դիֆուզ տոքսիկ խպիպ), հարվահանագեղձերի (ադենոմաներ, հիպերպարաթիրեոզ) վիրահատություններ,
  • մակերիկամների հիվանդությունների` հիպերպլազիաների, կիստաների, ուռուցքների դեպքում վիրահատություններ,
  • Ճարպակալման դեպքում ներստամոքսային բալոնի տեղադրում, ճարպամաշկային գոգնոցի հեռացում,
  • աղիքային անանցանելիության դեպքում լապարոսկոպիկ և բաց վիրահատություններ,
  • որովայնի խոռոչի թարախակույտերի, կիստաների միջմաշկային դրենավորում ՈՒՁՀ և համակարգչային տոմոգրաֆիայի հսկողութան տակ,
  • շաքարային դիաբետի վիրաբուժական բարդությունների, դիաբետիկ ոտնաթաթի բուժում:

 

«Արմենիա» բժշկական կենտրոն. Վիրաբուժական բաժանմունք   «Արմենիա» բժշկական կենտրոն. Վիրաբուժական բաժանմունք

 

Կլինիկայում գործում է օպերատիվ գինեկոլոգիայի ծառայություն:


Մեծ թիվ են կազմում սիմուլտանտ միջամտությունները, երբ մեկ վիրահատության ընթացքում կատարվում են միջամտություններ տարբեր օրգանների վրա:


Բանիմաց և բարեխիղճ բուժանձնակազմն ապահովում է որակյալ ախտորոշում և բուժում: