«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Նյարդավիրաբուժական բաժանմունք

«Արմենիա» բժշկական կենտրոն. Նյարդավիրաբուժական բաժանմունք

 

«Արմենիա» ՀԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունքը գործում է 1978 թվականից: Բաժանմունքը իր մասնագիտության ուղղվածությամբ Հայաստանի Հանրապետությունում առաջինն է: Այն հիմնադրվել է ՀՀ լավագույն նյարդավիրաբույժներից` դոցենտ Սոկրատ Ստեփանի Հովհաննիսյանի կողմից: Լինելով հիանալի կազմակերպիչ, կլինիցիստ եւ գիտնական` նա կարողացավ ստեղծել հրաշալի ավանդույթներով բաժանմունք, կազմակերպեց նյարդավիրաբուժական ծառայություն, աճեցրեց նյարդավիրաբույժների մի ամբողջ սերունդ:

 

Տարբեր տարիներին բաժանմունքում աշխատել են Սերգեյ Մելիքսեթյանը, Սերգեյ Մարտիրոսյանը, Էդուարդ Միրզոյանը, Ռոբերտ Գաբոյանը, Ռոբերտ Օգանեզովը, Անդրոնիկ Քալայջյանը, Ռուբեն Ֆանարջյանը, Դավիթ Պատրկյանը եւ այլոք: Երկար տարիներ բաժանմունքի վարիչն է կլինիցիստ, նյարդավիրաբույժ Սերգեյ Ավագի Մելիքսեթյանը: Ներկայում, արդեն տարեց նյարդավիրաբույժները հիշում են այս հրաշալի մարդկանց նյարդավիրաբուժական գործունեությունը, նրանց կատարած խելամիտ քայլերի, գործողությունների հետ են կապել իրենց մարդկային, գիտական, մասնագիտական աճը: Բաժանմունքը միշտ էլ եղել է առաջամարտիկների շարքում, անխափան զբաղվել է բուժական, ուսումնական եւ գիտական գործունեությամբ: Բաժանմունքի բժիշկների կողմից հատկապես վերջին տարիներին պաշտպանվել են մի շարք թեկնածուական ու դոկտորական թեզեր:


Բաժանմունքում աշխատում են նյարդավիրաբույժներ Վարազդատ Սահակյանը, Արսեն Բեյբությանը, բ.գ.թ. Կարեն Նահապետյանը, բ.գ.թ. Հայկ Միրզոյանը, Արթուր Պատվականյանը: Բաժանմունքում աշխատում է բարձրագույն մասնագիտական որակավորում ունեցող նյարդաբան-օրդինատոր Աննա Լեբեդեւան:

 

Կատարվում են բոլոր նյարդավիրաբուժական վիրահատությունները՝ ԿՆՀ ուռուցքային գոյացությունների, պարազիտային ախտահարումների, թարախաօջախային հիվանդությունների, վնասվածքների կապակցությամբ: Կենտրոնի ախտորոշիչ ծառայությունը հնարավորություն է տալիս իրականացնել նյարդավիրաբուժական հիվանդների ամբողջական հետազոտություններ: Բաժանմունքը հագեցած է ժամանակակից նորագույն սարքավորումներով: Կան բազմաթիվ ծրագրեր է՛լ ավելի հագեցնելու ու կատարելագործելու կենտրոնի բժշկական ներուժը:

 

Ներկայում բաժանմունքի ղեկավարն է բ.գ.թ., դոցենտ Դավիթ Արտաշեսի Պատրիկյանը: