Բրոնխոսկոպիա
Բրոնխոսկոպիան շատ ինֆորմատիվ հատուկ գործիքային քննության մեթոդ է,որն ապահովում է շնչափողի և բրոնխների հետազոտումը ակնադիտման միջոցով՝ զբաղեցնելով իր ուրույն տեղը բրոնխաթոքային հիվանդությունների ախտորոշման և բուժման գործում:
Բրոնխոսկոպիկ հետազոտության ցուցումները.
- բարորակ կամ չարորակ թոքի ուռուցքի կասկած, ինչը ճշտելու նպատակով կատարվում է բիոփսիա` բջջաբանական հետազոտության համար,
- քրոնիկական բորբոքային և թարախային թոքերի հիվանդություններ, որոնց ժամանակ կատարվում է բուժական բրոնխոսկոպիա, ինչը շատ արդյունավետ է,
- արյունախխումը, թոքային արյունահոսությունը,
- շնչափողի, բրոնխների լուսանցքներում օտար մարմիններ,
- թոքերի և բրոնխների տուբերկուլոզային գործընթացների ախտորոշում, կատարվում է բրոնխյալ ջրերի հետազոտություն նաև այլ պարագաներում:
Բրոնխոսկոպիայի կաբինետին կից գործում է ինհալացիոն կաբինետ, որտեղ կատարվում են խորխաբեր, բրոնխոլիտիկ հակաբորբոքային ինհալացիաներ խոտաբույսերով և դեղորայքով, քիթ-կոկորդի և բրոնխաթոքային համակարգի տարբեր հիվանդությունների բուժման համար:
Արտաքին շնչառական ֆունկցիայի կաբինետ /ԱՇՖ/
ԱՇՖ հետազոտությունն ախտորոշիչ է, կատարվում է ժամանակակից գործիքով, որը կոչվում է համակարգչային սպիրոգրաֆ: Սպիրոգրաֆիան հիվանդի համար կարճատև և շատ մատչելի մեթոդ է, արձանագրում է թոքերի ծավալների գրաֆիկական փոփոխությունները հիվանդի կողմից տարբեր շնչառական հրահանգները կատարելիս, նաև որոշում է բրոնխյալ անցանելության և թոքերի օդափոխանակության ցուցանիշները:
Նշված ցուցանիշների փոփոխություններն առկա են տարբեր հիվանդությունների ժամանակ՝ սիրտ-անոթային, ոսկրա-մկանային համակարգի, ճարպակալության, և հրատապ են հատկապես վերին շնչուղիների և բրոնխաթոքային համակարգի հիվանդությունների ժամանակ: Հնարավոր է որոշել բրոնխների անցանելիության խանգարումները, աստիճանը, պատճառականությունը, անցողիկությունը, հայտնաբեում է թաքնված բրոնխոսպազմը, որի համար կիրառվում է բրոնխադիլատացիոն փորձը:
ԱՇՖ որոշելուց առաջ անհրաժեշտ է կատարել կրծքավանդակի ռենտգենոգրաֆիա: