«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Երիկամային և բրոնխաթոքային բաժանմունք

«Արմենիա» բժշկական կենտրոն. Երիկամային և բրոնխաթոքային բաժանմունք


Երիկամային բաժանմունքը գործում է շուրջ 50 տարի: Այստեղ աշխատում են երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող մասնագետներ՝ վերապատրաստված արտերկրի առաջատար կլինիկաներում:


Բաժանմունքում ստացիոնար բուժում են ստանում ինչպես պետպատվերի շրջանակում, այնպես էլ ապահովագրված և վճարովի հիմունքով դիմող հիվանդները:


Երիկամային բաժանմունքում կատարվում է հետևյալ հիվանդությունների ախտորոշում և բուժում.

 

  1. գլոմերուլոնեֆրիտներ,
  2. պիելոնեֆրիտ,
  3. միզաքարային հիվանդություններ,
  4. երիկամների ամիլոիդոզ,
  5. երիկամների երկրորդային ախտահարումներ հետևյալ հիվանդությունների ժամանակ.
    –   շաքարային դիաբետ,
    –   պոդագրա.
    –   համակարգային հիվանդություններ,
    –   արյան համակարգի հիվանդություններ,
    –   ՈՍՀԲ պրեպարատների և անալգետիկների երկարատև օգտագործում,
    –    պարբերական հիվանդություն:

«Արմենիա» բժշկական կենտրոն. Երիկամային և բրոնխաթոքային բաժանմունքՄի շարք դեպքերում զարկերակային հիպերտենզիան կրում է երկրորդային բնույթ, որոնց նշանակալի մասը պայմանավորված է երկամների ախտահարումով, ինչպես նաև՝ առաջնային հիպերտենզիայով հիվանդների մոտ երբեմն առաջանում են երիկամների ախտահարումներ. 2 դեպքում էլ բուժում ստանում են երիկամային բաժանմունքում:


Բաժանմունքում օգտագործվում են ժամանակակից հետազոտության մեթոդներ, ինչպիսիք են՝ համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ), ՄՌՏ, երիկամների անգիոգրաֆիա, իմունոդիագնոստիկա, որոնք հնարավորություն են տալիս վաղ շրջաններում հիվանդությունների ախտորոշման, ինչի շնորհիվ հնարավոր է կանխել հիվանդության հետագա զարգացումը և որոշակի դեպքերում հասնել լիովին ապաքինման, իսկ քրոնիկ հիվանդությունների պարագայում՝ երկարատև ռեմիսիայի:


Բաժանմունքի բազայի վրա ծավալված է Երևանի պետական բժշկական համալսարանի ներքին հիվանդությունների թիվ 4 ամբիոնը, որտեղ մասնագիտանում են նեֆրոլոգ մասնագիտությամբ կլինիկական օրդինատորներ: Սա հնարավորություն է տալիս բաժանմունքի բժիշկներին ընդգրկվել գիտական աշխատանքների մեջ, որոնց արդյունքները տպագրվում են հայկական և արտասահմանյան գիտական պարբերականներում: Բաժանմունքի և ամբիոնի սերտ համագործակցությունը կլինիկական օրդինատորներին  հնարավորություն է տալիս ակտիվ մասնակցություն ունենալ բաժանմունքի պրակտիկ գործունեությանը:


Պրակտիկ բժիշկների համար հրատարակվել են զարկերակային հիպերտենզիայի, դիաբետիկ նեֆրոպաթիայի և քրոնիկական երիկամային անբավարարության բուժմանն ու ախտորոշմանը վերաբերող մեթոդական ցուցումներ: Ամիլոիդոզով հիվանդների բուժման երկարատև փորձը հնարավորություն է տվել մշակել բուժման նոր սխեմաներ, որոնք դանդաղեցնում են ամիլոիդոզի զարգացման գործընթացը:

 
«Արմենիա» բժշկական կենտրոն. Երիկամային և բրոնխաթոքային բաժանմունք«Արմենիա » ՀԲԿ թոքային բաժանմունքը  շուրջ 45 տարի իրականացնում է թոքային հիվանդությունների վաղ հայտնաբերում, կանխարգելում, ախտորոշում և բուժում: Այն համալրված է բարձր որակավորում և աշխատանքային մեծ փորձ ունեցող արհեստավարժ մասնագետներով, որոնց զգալի մասը վերապատրաստվել են  արտերկրի առաջատար կլինիկաներում:


Բաժանմունքում ստացիոնար բուժում են ստանում ինչպես պետպատվերի շրջանակում, այնպես էլ ապահովագրված և վճարովի հիմունքով դիմող հիվանդները:


Թոքային բաժանմունքում կատարվում է հետևյալ հիվանդությունների ախտորոշում և բուժում.

 

  1. թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդություն,
  2. բրոնխիալ ասթմա,
  3. թոքաբորբ, պլևրիտ,
  4. թոքերի ինտերստիցիալ հիվանդություններ, թոքերի սարկոիդոզ,
  5. թոքերի պրոֆեսիոնալ հիվանդություններ,
  6. սուր և քրոնիկ շնչառական անբավարարություն:


Բաժանմունքը մեծ դեր է կատարում նաև թոքերի տուբերկուլոզի և ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերման գործում:
Ախտորոշման և բուժման գործընթացն իրականացվում է միջազգային չախանիշներին համապատասխան լաբորատոր և գործիքային հետազոտությունների ժամանակակից մեթոդներով՝ կլինիկական, կենսաքիմիական, մանրէաբանական հետազոտություններ, իմունադիագնոստիկա, համակարգչային շերտագրություն, մագնիսառեզոնանսային շերտագրություն, ախտորոշիչ և բուժական բրոնխոսկոպիա, ֆիզիոթերապիա: Բաժանմունքում գործում է թոքերի ֆունկցիոնալ-ախտորոշիչ և ինհալյացիոն կաբինետ:


Բաժանմունքում մշակվում են բուժական նոր սխեմաներ, որոնք ապահովում են շնչառական համակարգի հիվանդությունների լիովին ապաքինում, կանխում են քրոնիզացիայի վտանգը, իսկ քրոնիկական հիվանդությունների դեպքում նպաստում են երկարատև ռեմիսիայի ապահովմանը:


Բաժանմունքի բազայի վրա ծավալված է Երևանի պետական բժշկական համալսարանի ներքին հիվանդությունների թիվ 4 ամբիոնը, որտեղ մասնագիտանում են թոքաբան մասնագիտությամբ կլինիկական օրդինատորներ: Սա հնարավորություն է տալիս բաժանմունքի բժիշկներին ընդգրկվել գիտական աշխատանքների մեջ, որոնց արդյունքները տպագրվում են հայկական և արտասահմանյան գիտական պարբերականներում: Բաժանմունքի և ամբիոնի սերտ համագործակցությունը կլինիկական օրդինատորներին նաև հնարավորություն է տալիս ակտիվ մասնակցություն ունենալ բաժանմունքի պրակտիկ գործունեությանը:

 

Մենք կօգնենք Ձեզ կրկին շնչել հեշտ: