«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Հեմոդիալիզի բաժանմունք

«Արմենիա» ՀԲԿ , Հեմոդիալիզի բաժանմունք

 

Դիալիզի կլինիկական կիրառությունը սկսվել է 20-րդ դարի 50-ական, իսկ Հայաստանում` 70-ական թվականներից: «Արմենիա» ՀԲԿ հեմոդիալիզի բաժանմունքը կազմավորվել է 1988 թ.` աղետալի երկրաշարժից հետո, Հոլանդիայի և Բելգիայի «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության աջակցությամբ: Բաժանմունքը համալրված է ժամանակակից, գերմանական արտադրության «Ֆրեզենիուս» ընկերության սարքերով.

•    միաժամանակ մինչև 20 «արհեստական երիկամ» սարքի համար նախատեսված ջրի մաքրման Aqua B համակարգ,
•    «արհեստական երիկամ», «Fresenius 4008» սարքեր:

«Արմենիա» ՀԲԿ , Հեմոդիալիզի բաժանմունքԲարձրակարգ ժամանակակից սարքերը հնարավորություն են տալիս իրականացնել միջազգային չափանիշներով հեմոդիալիզային բուժում ցուցաբերելով: Հենվելով առաջադեմ փորձի վրա, յուրաքանչյուր պացիենտի համար կազմվում է ծրագրային հեմոդիալիզի անհատական ռեժիմ, ինչը զգալի բարձրացնում է հիվանդների կյանքի որակը և տևողությունը:

Կենտրոնում աշխատում են փորձառու մասնագետներ։ Նրանք պարբերաբար անցնում են վերապատրաստման դասընթացներ, մասնակցում միջազգային գիտաժողովների:

 

Քրոնիկ երիկամային բոլոր հիվանդությունների վերջնակետը սահմանային քրոնիկ երիկամային անբավարարությունն է, որի ժամանակ անհրաժեշտություն է առաջանում կյանքը երկարացնել հեմոդիալիզի միջոցով: Հեմոդիալիզային բուժման ժամանակին սկսելը կտրուկ իջեցնում է հիվանդների մահացությունը, պահպանում նրանց կյանքի որակը։

 

Դիալիզի իրականացման պլանավորված տարբերակում նախապես նախաբազկի շրջանում փոքրիկ և անվտանգ վիրահատություն է կատարվում` զարկերակ-երակային ֆիստուլավորում, ինչը տալիս է մեկ երակի լայնացման հնարավորություն: Այն իրականացնում են միկրովիրաբույժները կամ անոթային վիրաբույժները: Վիրահատությունից  հետո մեկ-երկու ամիս անց սկսվում է բուժումը ծրագրային հեմոդիալիզի եղանակով։ Պայմանավորված ժամին պացիենտը ներկայանում է, և երակի միջոցով միացվում է սարքին։ Սկսվում է միջամտական փուլը: Ամբողջ ընթացքում նա գտնվում է բաժանմունքի անձնակազմի հսկողության տակ:

 

Ցանկալի է նախքան հեմոդիալիզային բուժումը պատվաստվել հեպատիտ Բ-ի դեմ, քանի որ միջամտությունն անմիջական կապ ունի արյան հետ և անհրաժեշտ է հնարավորինս բացառել արյան միջոցով փոխանցվող հիվանդությունները: Այն կատարվում է անվճար: Հիվանդի շահերից է բխում նաև հոգեբանորեն հեմոդիալիզային բուժմանը պատրաստ լինելը:

 

«Արմենիա» ՀԲԿ , Հեմոդիալիզի բաժանմունք

 

Հեմոդիալիզ ստանող հիվանդի սննդակարգը շատ ավելի լայն է, քան նույն պացիենտինը` նախքան դիալիզային բուժումը: Նեֆրոլոգի կողմից նշանակված թերսպիտակուցային՝ խնայող սննդակարգը, ավելի շատ «չիկարելիներ» է պարունակում, քան պարտադրվում է հեմոդիալիզ ստանող պացիենտներին:

 

Եթե հիվանդությունը զարգանում է և դիալիզային բուժումն անխուսափելի է, ապա պետք է հոգեբանորեն տրամադրվեք դրան, այցելեք բաժանմունք, ստացեք համապատասխան խորհրդատվություն։ Ժամանակին իրականացվող հեմոդիալիզը հնարավորություն է տալիս պահպանել սեփական երիկամների մնացորդային, թեկուզ և չնչին գործառույթները, շեշտակի իջեցնում է բարդությունների, այդ թվում նաև ամենաանցանկալի հավանականությունը:

 

Բաժանմունքում իրականացվում է նաև մեկ այլ էքստրակորպորալ դետոկսիկացիոն մեթոդ` պլազմաֆերեզ, որի կիրառությունը բժշկության մեջ նորություն չէ և տասնամյակներ շարունակ նա ապացուցում է իր արդյունավետությունն ու անվնասությունը։ Այն կիրառվում է բժշկության բազմաթիվ ոլորտներում, ինչպիսիք են գինեկոլոգիան, թոքաբանությունը, էնդոկրինոլոգիան և այլն։


2004 թվականից առայսօր բաժանմունքը ղեկավարում է էքստրակորպորալ դետոքսիկոլոգ Ռաֆայել Ֆելիքսի Բաղդասարյանը: