«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Իմունիտետ. պատրաստ լինել՝ դիմակայելու

Իմունիտետ. պատրաստ լինել՝ դիմակայելու

Օրգանիզմի  պաշտպանական համակարգը` իմունիտետը, ուղեկցում է մեզ ամբողջ կյանքում: Առանց իմունային համակարգի նորմալ աշխատանքի հնարավոր չէ դիմակայել որևէ հիվանդության:

Հատկապես դրա անտեսանելի «կատարողները»` իմունային բջիջներն են հանդիպում օրգանիզմ «ներխուժած» հիվանդածին մանրէներին և վիրուսներին, նաև օտարածին նյութերին ու ոչնչնացնում դրանց: Շնորհիվ այդ բջիջների, մենք առողջանում ենք գրիպից, չենք վարակվում տուբերկուլոզով հիվանդ մարդուց, ուրիշ այլ ինֆեկցիաներից և սնկային հիվանդություններից. հարուցիչները թափանցում են օրգանիզմ և շատ արագ վնասազերծվում են:

Իմունիտետի մեկ այլ խնդիրն է հետևել սեփական բջիջներին, որոնք «շարքից դուրս են եկել»` մուտանտներին, ուռուցքային բջիջներին և ժամանակին ոչնչացնել դրանց: Իմունիտետի  այդ գործընթացի շնորհիվ օրգանիզմը դիմադրում է  թունավոր նյութերի ազդեցությանը և ապահովում քաղցկեղից ինքնապաշտպանությունը: Սակայն սխալ կարծիք կա, որ որքան բարձր է իմունիտետի ակտիվությունը, այնքան` լավ: Լավագույնը «ոսկե միջինն է»: Իմունային համակարգի լարված աշխատանքի դեպքում այն կարող է սկսել հակազդել սեփական բջիջներին, օրինակ, այդպես է զարգանում ալերգիան:

Հայտնի է, որ օրգանիզմի իմունային պաշտպանությանը մասնակցում են մի քանի համակարգեր, որոնք պատասխանատու են իմունիտետի համար: Դա ողնուղեղն է, թիմուսը, փայծաղը, ավշային համակարգը: Դրանք արտադրում են տարբեր իմունային բջիջներ` լիմֆոցիտներ, մակրոֆագեր և ֆագոցիտներ: Այս բջիջներն ավիշով և արյունով տարածվում են ամբողջ օրգանիզմում:

Որպեսզի օրգանիզմի պաշտպանվածությունը բերվի «մարտական պատրաստվածության», ինչ-որ ազդանշան է պետք, օրինակ, արյան մեջ թափանցած օտարածին բջիջ` մանրէ:

Բոլոր բջիջներն իրենց մակերեսին տանում են «ճանաչված» մոլեկուլներին, և իմունային բջիջներն անընդհատ այդպիսի մոլեկուլների ստուգում են անցկացնում` սեփակա՞ն են արդյոք, դրանք, թե` օտար: Եթե օտար են, ապա իմունային համակարգը «հավաքում է ուժերը» և ոչնչացնում դրանց:

Օրգանիզմի իմունիտետը պայմանավորված է ո՛չ միայն տարբեր տեսակի պաշտպանական բջիջների ակտվությամբ, այլև հատուկ իմունային սպիտակուցների արտադրությամբ: Յուրաքանչյուր օղակի խափանումը հանգեցնում է նրան, որ իմունիտետն այլևս չի կարողանում  կարգավորել իր խնդիրները. արդյունքում առաջանում է իմունադեֆիցիտ: Դա այն դեպքը չէ, որ կարելի է միայն ՁԻԱՀ ախտորոշել: Իմունադեֆիցիտը կարող է պայմանավորված  լինել իմունային համակարգի աշխատանքի խանգարումներով, որոնք ծանր հիվանդությունների, թունավորումների, որոշ վիտամինների և միկրոտարրերի անբավարարության հետևանք են:

Ներկայում մեծ թվով մարդիկ են տառապում իմունիտետի խանգարումներով, և դրանում մեղքի իր բաժինն ունի վատ էկոլոգիան: Իմունիտետն առավել  ցածր է հատկապես խոշոր արդյունաբերական քաղաքների բնակիչների մոտ, որտեղ օդն աղտոտված է գործարաններից և ավտոմեքենաներից արտանետված թունավոր նյութերով, որոնք հեշտությամբ անցնում են հողի, ջրի և սննդի մեջ, և որից հետո, թափանցելով օրգանիզմ, վնաս են հասցնում իմունային բջիջներին:

Սննդակարգ իմունիտետի համար

Վիրուսների դեմ պայքարելու համար, օրգանիզմին լիարժեք սնունդ է անհրաժեշտ:

Օրաբաժնում հատկապես կարևոր է ներառել բավարար քանակությամբ սպիտակուցներ` մոտավորապես 100 գրամ: Կենդանական սպիտակուցները պարունակում են անփոխարինելի ամինաթթուներ, որոնք անհրաժեշտ են իմունային համակարգի արդյունավետ աշխատանքի համար: Պետք չէ հրաժարվել մսից, թռչնամսից և ձկնեղենից: Կարելի է երբեմն խոզի ճարպ ուտել: Եվ, իհարկե՛, մի մոռացեք վիտամինների ու միկրոտարրերի մասին. դրանք իմունիտետի «բարեկամներն» են` սելեն (պարունակվում է ձկան և ծովամթերքի մեջ), ցինկ (շատ կա ծովամթերքում, վարսակաձավարի, դդմի սերմերի մեջ), բջջանյութ (դրանք հատիկավորների, բանջարեղենի և մրգերի մեջ են): Բայց իմունային համակարգի գլխավոր դաշնակիցը վիտամին C-ն է: Դրա պարունակությամբ առաջին տեղում կաղամբն է: Չնայած ձմռան ընթացքում կաղամբը կորցնում է վիտամին C-ի 30%-ը, այնուամենայնիվ, դրա ընդամենը 100 գրամը բավարարում է այդ վիտամինի օրական պահանջը: Վիտամին C-ն լիովին պահպանվում է նաև աղ դրած կաղամբի մեջ:

Վիտամին C-ի պարունակությամբ երկրորդ տեղում մասուրն է: Չոր պտուղների մեջ վիտամինները պահպանվում են ամբողջ ձմեռվա ընթացքում: Երրորդ «պատվավոր» տեղում են  լոռամրգին ու չիչխանը: Այս հատապտուղներն իրենց օգտակար հատկությունները չեն կորցնում, եթե դրանք պահեք խորը սառեցված պայմաններում: Միայն հիշե՛ք. վիտամին C-ն  երկրորդային սառեցում «չի սիրում» դրա համար հարկ  է հատապտուղները սառեցնել փոքր չափաբաժիններով:

Քիչ հուզվել, նշանակում է  քիչ հիվանդանալ

Ծնողների անհանգիստ բնավորությունն ազդում է երեխայի իմունիտետի վրա: Մի քանի տարվա ընթացքում նրանք հետևել են 169 ընտանիքների երեխաների առողջությանը և նրանց ծնողների հուզական վիճակին: Պարզվել է, որ հայրերի և մայրերի անտեղի նյարդայնությունը բացասական է անդրադարձել երեխաների առողջության վրա` վնասելով իմունային համակարգը: Այդպիսի ընտանիքներում երեխաներն ավելի շատ են հիվանդանում:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 10 (548) 17.03.2010

 

 

06.12.2016