«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Կանանց սպառնացող ինֆարկտ

Կանանց սպառնացող ինֆարկտ

Բժշկական գրականության բոլոր աղբյուրներում ինֆարկտը, սովորաբար, նկարագրվում է որպես տղամարդու հիվանդություն: Վերջին ժամանակներն ինֆարկտը երիտասարդացել է տղամարդկանց շրջանում և, որ ամենակարևորն է, այն «կանացի դեմք» է ստացել:

Նստակյաց կենսակերպը, սթրեսները, ոչ ճիշտ սնվելը կանանց մոտ հիվանդության ընթացքի վրա իրենց հետք են թողնում ու հանգեցնում տխուր հետևանքների: Եվ միայն այդ ժամանակ է կինն սկսում մտածել սեփական առողջության մասին:

Թիկունքի, ստամոքսի շրջանում ցավերն ու հևոցը, որպես կանոն, տղամարդու ինֆարկտի ախտանշաններն են: Կանայք երբեմն չեն նկատում, թե երբ է սկսվում ինֆարկտը, որովհետև նրանց մոտ ախտանշանները շատ են տարբերվում վերը նշվածից: Ամենուր նկարագրված են տղամարդկանց մոտ սրտային նոպայի դասական ախտանշանները: Կանանց մոտ ինֆարկտն այնքան էլ լավ ուսումնասիրված չէ: Սրտաբանության ոլորտի հետ չառնչվող բժիշկներն այն դժվարությամբ են ախտորոշում: Որպես կանոն, կանանց մոտ ինֆարկտը սկսվում է գլխապտույտով, թուլությամբ և սրտխառնոցով, որոնց առանձնակի ուշադրություն չեն դարձնում, իսկ երբ սկսում է ցավել թիկունքը, պարանոցն ու ձախ ձեռքը, դա վերագրում են օստեոխոնդրոզի հերթական սրացմանը և չեն շտապում բժշկի դիմել:

Գերմանացի բժիշկներն ինֆարկտ տարած կանանց շրջանում հարցում են անցկացրել: Պարզվել է, որ միանման ախտանշանները կրկնվել են կանանց 4%-ի մոտ, 96%-ի մոտ դրանք բացարձակապես տարբեր կերպ են դրսևորվել: Ստացվում է, որ յուրաքանչյուր կնոջ մոտ ինֆարկտը յուրահատուկ, անհատական ձևով է ընթանում և այն հնարավոր է շփոթել այլ հիվանդությունների հետ: Ինֆարկտի դասական ախտանիշները կանանց «չեն դասվում», որովհետև նրանց օրգանիզմը հորմոնային պաշտպանություն ունի, սակայն այն «աշխատում» է մինչև մենոպաուզայի սկսվելը: Մենոպաուզայից հետո անհետանում է նաև պաշտպանությունը և կանայք առավել խոցելի են դառնում ինֆրակտի նկատմամբ: Քանի որ կանանց մոտ ինֆարկտի ախտանիշները տարբեր կերպ են ընթանում, ուստի դժվարանում է նաև ախտորոշումը:

Ինֆարկտը շփոթում են ո՛չ միայն օստեոխոնդրոզի, այլև առիթմիաների հետ, արդյունքում կորցնում են թանկարժեք ժամանակը, ինչն անհրաժեշտ է արագ և ժամանակին բուժում նշանակելու համար:

Հարկ է 6 ամիսը մեկ անգամ այցելել սրտաբանին ու սրտագրություն կատարել, նաև հետևել զարկերակային ճնշմանը: Եվ, ամենակարևորը, դեղեր չընդունել առանց սրտաբանի հետ խորհրդակցելու:

Տղամարդիկ ինֆարկտից հետո ավելի արագ են վերականգնվում, քան` կանայք: Տղամարդիկ վերականգողական շրջանում առավել ուշադիր են կատարում բժշկի հանձնարարականները, քան` կանայք: Այդպիսի եզրահանգում են կատարել շատ երկրների սրտաբանները, ովքեր հետազոտություններ են անցկացրել ինֆարկտ տարած պացիենտների վերականգնողական շրջանում: Կանանց միակ առավելությունն այս հիվանդության դեպքում այն է, որ նրանք առավել դիմակայուն են: Արտակարգ իրավիճակներում կանայք ավելի կենսունակ են, քան` տղամարդիկ: Բնությունն ամեն ինչ իմաստուն կերպով է ձևավորել:

Բժշկին ժամանակին դիմելը կօգնի խուսափել այս հիվանդությունից, իսկ եթե այն արդեն զարգացել է, ապա ճիշտ ախտորոշումը նվազագույնի կհասցնի ինֆարկտի հետևանքով բարդությունները և կերկարացնի կնոջ կյանքը:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 10-11.2012



13.07.2018