«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Ջերմիջեցնող դեղերի կիրառումը բարձր ջերմության դեպքում

Ջերմիջեցնող դեղերի կիրառումը բարձր ջերմության դեպքում

Մարմնի ջերմաստիճանի բարձրացման պատճառները բազմազան են՝ տարրական մրսածությունից և վարակից սկսած մինչև ներզատիչ և անոթային համակարգի խնդիրներ: Բարձր ջերմությունը կարող է լուրջ վտանգ ներկայացնել մարդու կյանքի և առողջության համար, այդ պատճառով այդպիսի իրավիճակներում անհրաժեշտ է կիրառել ջերմիջեցնող միջոցներ:


 Չմոռանանք նշել նաև, որ «մարմնի նորմալ ջեմաստիճանն» անհատական հասկացություն է , քանի որ այս ցուցանիշը կարող է յուրաքանչյուրի մոտ տարբեր լինել: Սակայն մարդկանց մեծամասնության համար մինչև 37°С մարմնի ջերմությունn ընդունված է համարել նորմալ:

Մարդու օրգանիզմում ջերմակարգավորման կենտրոնը գտնվում է հիպոթալամուսի շրջանում: Այն արձագանքում է արյունատար անոթների վիճակի փոփոխությանը, հորմոնների մակարդակի ավելցուկին կամ պակասորդին, ինչպես նաև արյունատար համակարգում օտարածին սպիտակուցային նյութերի առաջացմանը (մանրէների կենսագործունեության արգասիքներ):
 
Սակայն բարձր ջերմությունն անհրաժեշտ է իջեցնել միայն այն դեպքում, եթե այն սպառնացող բարձր է կամ, եթե հստակ գիտեք նրա բարձրացման պատճառը: Օրինակ, մրսածության և գրիպի ժամանակ բարձր ջերմությունը նշանակում է, որ իմունային համակարգն ինքնուրույն պայքարում է հիվանդության դեմ:

Չարժե ջերմիջեցնողներ ընդունել, եթե ջերմությունը 38,5°С չի հասել, իսկ եթե հիվանդն այն լավ է տանում, ապա մինչև 39°С: Եթե առաջացել է դեղի ընդունման անհրաժեշտություն, ապա սկզբում խորհրդակցեք բժշկի հետ, ով ավելի հարմար դեղորայք խորհուրդ կտա:

Մեծահասակների մոտ արտահայտված բարձր ջերմության դեպքում ցանկալի է ընտրել մեկ բաղադրիչով դեղ՝ պարացետամոլի կամ իբուպրոֆենի հիմքով:

Ասպիրինը (ացետիլսալիցիլաաթթուն) և անալգինն անհրաժեշտ է զգուշությամբ ընդունել, քանի որ նրանց կիրառման դեպքում հաճախ դիտվում են կողմնակի ազդեցություններ:

Իջեցնե՞լ  ջերմությունը, թե` ոչ

Հաճախ ջերմության բարձրացումը պայմանավորված է նրանով, որ օրգանիզմն ակտիվորեն պայքարում է հիվանդության դեմ՝ արտադրելով բնական ինտերֆերոն: Նվազեցնելով ջերմությունը այս կամ այն դեղով՝ մենք ընկճում ենք ինտերֆերոնի արտադրությունը, ինչը բերում է օրգանիզմի դիմադրողականության իջեցմանը:


Երբեմն անհեթեթ իրավիճակներ են առաջանում, երբ ցածր որակավորում ունեցող մասնագետը նշանակում է ջերմիջեցնողներ, որից հետո դուրս է գրում իմունոկարգավորիչներ՝ ինտերֆերոնի արտադրությունը խթանելու համար: Այդ պատճառով մինչև 38,5°С ջերմության լավ տանելիության դեպքում օրգանիզմին հնարավորություն տվեք հիվանդության դեմ ինքնուրույն պայքարել:


Սակայն ջերմության նույնիսկ աննշան բարձրացումը նրանց համար, ովքեր նախկինում նման իրավիճակում ունեցել են ցնցումային համախտանիշ, կարող է վտանգավոր լինել: Սակայն կան նաև մարդիկ, ովքեր դժվարությամբ են տանում ջերմության բարձրացումը՝ օրգանիզմի անհատական առանձնահատկությունների կամ առկա քրոնիկական հիվանդությունների պատճառով: Այդ պատճառով, եթե ջերմության բարձրացումն առաջացել է բակտերիալ վարակի հետևանքով կամ ուղեկցվում է ցնցումներով, սրտխառնոցով, փսխումով և ուժեղ գլխացավով, ապա անհրաժեշտ է ջերմությունն իջեցնելու շտապ միջոցառումներ ձեռնարկել:

Ռիսկի խմբում գտնվում են էնդոկրին, սիրտ-անոթային և արյունատար համակարգի  հիվանդություններ ունեցող մարդիկ: Նրանց համար նույնիսկ ոչ շատ բարձր ջերմությունը կարող է լուրջ խնդիրների պատճառ դառանալ:


Վերը նշված քրոնիկական հիվանդությունների բացակայության դեպքում սկզբում կարելի է փորձել ջերմությունն իջեցնել պարզ ֆիզիոլոգիական եղանակներով՝ շփում սառը սպունգով, խոշոր անոթներին սառը կոմպրեսի տեղադրում, սառը օդային լոգանքներ կամ քացախով շփում
(չի կարելի շաքարային դիաբետի ժամանակ):

Դեղի փոխարեն ջերմության իջեցման նպատակով կարելի է կիրառել նաև ժողովրդական միջոցներ, ինչպիսիք են ազնվամորիով կամ մեղրով թեյը, տաք խոտաբույսային եփուկները կամ, պարզապես, մեծ քանակությամբ ջրի ընդունումը՝ կիտրոնով կամ հատապտուղներով:
Իսկ ինչպիսի՞ դեղորայքով իջեցնել ջերմությունը:

Բժիշկների կարծիքով ամենաարդյունավետ և անվտանգ ջերմիջեցնողները իբուպրոֆենն ու պարացետամոլն են: Նրանց դեղաչափը կարելի է հաշվել ըստ մարմնի զանգվածի. իբուպրոֆեն՝ քաշի 1 կգ-ին` 10 մգ, իսկ պարացետամոլը՝ 15 մգ:


Դեղատնային ցանցն առաջարկում է այս պրեպարատների հիմքով բազմաթիվ դեղամիջոցներ, որոնց միջից միշտ կարելի է ընտրել հարմար տարբերակ.

Փսխում բարձր ջերմության ժամանակ

Հաճախ փսխումային ռեֆլեքսի պատճառով ջերմիջեցնողները հաբերի կամ պատիճի ձևով ընդունել գրեթե հնարավոր չի լինում: Այս դեպքում կօգնեն հատուկ ուղիղաղիքային մոմիկները, որոնք պարունակում են պարացետամոլ կամ իբուպրոֆեն:
Եթե չկարողանաք գտնել դրանք դեղատանը, ապա փշրեք հաբերը մինչև փոշի դառնան, լուծեք դրանք տաք եռացրած ջրում և տվեք հիվանդին: Բացի այդ, փոշու լիովին լուծվելուց հետո այդ լուծույթը կարելի է կիրառել նաև հոգնայի համար:

Ի դեպ, հոգնաներն ու մոմիկներն ազդում են գրեթե ակնթարթորեն, մինչդեռ պատիճի կամ հաբի ընդունումից հետո ինքնազգացողության լավացումը տեղի է ունենում որոշ ժամանակ անց միայն: Մոմիկներն ու հոգնաները լավ են հատկապես, եթե հիվանդը ջերմության պատճառով վաղուց ոչինչ չի կերել, քանի որ վերջիններս ստամոքսը չեն գրգռում՝ ի տարբերություն ներքին ընդունման հաբերի:

Ջերմիջեցնող դեղ ընդունելուց հետո պետք է սահմանել անկողնային ռեժիմ ՝ լավ օդափոխված սենյակում և բժիշկ կանչել, որպեսզի նա պարզի, թե ինչով է պայմանավորված ջերմության բարձրացումը:

20.01.2017