«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Սննդակարգը շաքարային դիաբետի ժամանակ

Սննդակարգը շաքարային դիաբետի ժամանակ

Շաքարային դիաբետի ժամանակ բուժական սննդակարգի հիմնական սկզբունքները, որոնք ոչ միայն հեշտ իրագործելի են հիվանդի, այլև ընդունելի ու օգտակար ընտանիքի մյուս անդամների համար` այսպիսին են:

Հավասարակշռված, ռացիոնալ սննդի ապահովում, այսինքն` օրգանիզմի նորմալ գործունեության համար անհրաժեշտ բազմազան սննդամթերքների և սննդարար նյութերի (սպիտակուցներ, վիտամիններ, ճարպեր, ածխաջրեր և հանքային նյութեր) օգտագործում: Օրաբաժնում պետք է լինեն հացահատիկային կուլտուրաներ, բանջարեղեն, մրգեր, կաթնամթերք, միս և մսամթերք, կարագ և ձեթ, բուսական և կենդանական յուղեր:

Սննդակարգի պահպանում: Օրվա ընթացքում պետք է սնվել 4-5 անգամ, առավոտյան անպայման նախաճաշել:

Ածխաջրերի սահմանափակում: Բացառվում են շաքարը և շաքար պարունակող սննդամթերքը (օրինակ` ջեմերը, մուրաբաները, շաքարով պատրաստած բնական հյութերը, պաղպաղակը, թխվածքը, գազավորված գունավոր ըմպելիքները): Գերադասելի են գլիկեմիկ ցածր ինդեքսով* և բջջանյութով հարուստ սննդամթերքը և ըմպելիքները, օրինակ` բանջարեղենը, կանաչեղենը, թեփով հարստացված, ամբողջական, չկեղևազտված ցորենի ալյուրից պատրաստված մակարոնեղենը, բաց շագանակագույն (ոչ սև) չողորկված բրինձը:

Օգտագործվող կենդանական ճարպի քանակի սահմանափակում: Մսի և թռչնամսի վրայից հեռացրեք նկատելի ճարպը, ընտրեք ցածր յուղայնությամբ միս և կաթնամթերք, կերակուր պատրաստելիս յուղն օգտագործեք չափավոր: Խորհուրդ ենք տալիս կարդալ պիտակի վրա զետեղված սննդային արժեքի վերաբերյալ տվյալները:

Սննդի պատրաստման խոհարարական կանոնների պահպանում: Սննդամթերքն օգտագործեք խաշած կամ եփած վիճակում: Հրաժարվեք ախորժակը լավացնող համեմունքներից:

Շաբաթը 2-3 օր հայտարարեք, այսպես կոչված` բեռնաթափման օրեր (ընդունեք ցածր կալորայնությամբ սնունդ` 600-800 կկալ): Դա նպատակահարմար է այն օրերին, երբ Ձեր ամուսինը նախորդ օրը մասնակցել է ճաշկերույթի, և բեռնաթափման օրը շատ ծանր աշխատանքային օր չէ:

Ալկոհոլի օգտագործման սահմանափակում, գերադասելի է բացառում:

Այս խորհուրդներն ընդունելի են ընտանիքի բոլոր անդամների համար:

Շաքարային դիաբետի ժամանակ սնունդը կարևոր է ոչ միայն որպես բուժման, այլև մի շարք բարդությունների կանխմանը նպաստող միջոց: Ճիշտ սննդակարգի շնորհիվ արյան մեջ նվազում է գլուկոզայի, գլիկոլիզացված հեմոգլոբինի, ցածր խտության լիպոպրոտեիդների մակարդակը: Այս խորհուրդներով առաջնորդվելու շնորհիվ նվազում է մարմնի քաշը, պակասում բուժման ընթացքում շաքարի մակարդակն իջեցնող դեղերի չափը, ընդհուպ մինչև դրանց ընդունման դադարեցումը:

* Ցուցանիշ է, որն արտացոլում է օրգանիզմում այս կամ այն մթերքի տրոհման և գլուկոզայի վերածման արագությունը: Որքան մթերքի տրոհումն արագ է ընթանում, այնքան դրա գլիկեմիկ ինդեքսը մեծ է:

Բադրիջանն ածպաջրատների փոքր պարունակության շնորհիվ շաքարային դիբետով հիվանդների և ավելորդ քաշի խնդիր ունեցողների համար լավագույն սննդամթերքներից է:

Հեղինակ. Վարդանուշ Պետրոսյան ՀՀ ԱՆ կուրորտաբանության և բժշկության ԳՀԻ-ի դիետոլոգ-գաստրոէնտերոլոգ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2010

 

 

10.02.2017