«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Երիկամներում քարի առկայության առաջին նշանները

Երիկամներում քարի առկայության առաջին նշանները

Երիկամային ցավը հաճախ ի հայտ է գալիս այնտեղ քարերի առկայության ժամանակ, ավելի ճիշտ, տհաճ զգացողություններն սկսվում են, երբ քարն արդեն հայտնվում է միզածորանում: Հիվանդության սկիզբն անցնում է աննկատ: Ինչպե՞ս հասկանալ, որ օրգանիզմում խնդիր է առաջացել: Դրա համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի քանի ախտանշանների:


Գոտկատեղի ցավ


Անախորժ զգացողությունները, որպես օրենք, հայտնվում են հանկարծ և արտահայտվում են նոպաների տեսքով: Երբեմն ցավը կարող է ընդգրկել որովայնի և աճուկային շրջանները:


Հաճախամիզություն


Եթե միզելու ցանկությունը հաճախ է, բայց մեզի քանակը չափազանց քիչ է, հնարավոր է, որ քարն արդեն գտնվում է միզապարկում և առաջացնում է նրա պատերի գրգռում: Այդ է պատճառը, որ միզելու ցանկությունը կա նույնիսկ այն ժամանակ, երբ միզապարկը դատարկ է:


Դժվարացած միզարձակություն


Այս ախտանիշը վկայում է այն մասին, որ քարը ձևավորվել է բավականին մեծ և փակել է միզածորանը` խանգարելով մեզի անցումը դեպի միզապարկ:

Արյան հետքեր մեզի մեջ


Այս ախտանիշը կարելի է համարել ամենացայտունը և ոչ մի կերպ չի կարելի այն անուշադրության մատնել: Քարը շարժվելով դեպի ելքը, քերծում է երիկամի, միզածորանի և միզապարկի լորձաթաղանթը, որն էլ արյունահոսում է: Մեզն այս դեպքում կարող է լինել ինչպես  բացահայտ կարմիր, այնպես էլ վարդագույն կամ մոխրագույն. դա կախված է նրա մեջ եղած արյան քանակից:


Ջերմության բարձրացում և սարսուռ


Միզածորանի և միզապարկի վնասումը հեշտացնում է դեպի այլ օրգաններ ինֆեկցիայի թափանցումը, որտեղ մանրէներն ակտիվորեն սկսում է բազմանալ: Ջերմության բարձրացումը և սարսուռը ինֆեկցիայի հետևանք են:


Սրտխառնոց և փսխում


Մեծ չափի ձևավորված քարերը  խանգարում են մեզի ազատ հոսքին, որի արդյունքում մեզն սկսում է կուտակվել երիկամներում կամ միզածորաններում: Դա բերում է բորբոքման, որը  նյարդային վերջույթներով փոխանցվում է մոտակա օրգաններ, մասնավորապես` աղիներ: Խանգարվում է աղիների կծկողականությունը` առաջացնելով որովայնի ցավ, սրտխառնոց և, անգամ, փսխում:


Եթե հայտնաբերել եք թվարկված ախտանշաններից  որևէ մեկը կամ մի քանիսը, պետք է անմիջապես դիմել բժշկի:

 

Սկզբնաղբյուր՝ rambler.ru



23.10.2019