«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Առիթմիա. ի՞նչ անել սուր նոպայի ժամանակ

Առիթմիա. ի՞նչ անել սուր նոպայի ժամանակ

Առիթմիան սրտի կծկումների ռիթմի` հաճախականության, ինտենսիվության, պարբերականության ցանկացած խանգարումն է: Այն ինքնուրուն հիվանդություն չի համարվում, այլ տարբեր հիվանդությունների կամ վիճակների ախտանիշ է: Առիթմիան կարող է առաջանալ սրտային ախտահարումների, այլ հիվանդությունների, օրինակ` հիպերթիրեոզի հետևանքով, կարող է ի հայտ գալ նաև առողջ մարդու մոտ` գերհոգնածության, սթրեսի, ալկոհոլի օգտագործման արդյունքում:


Նորմայում սիրտը կծկվում է ռիթմիկ հաճախականությամբ. 60-90 զարկ` մեկ րոպեում (հանգստի ժամանակ): Սրտային կծկումների կամ պուլսի հաճախականության (ՍԿՀ) փոփոխությունից կախված տարբերում են.

 

  • բրադիկարդիա, որը բնորոշվում է ՍԿՀ իջեցմամբ,
  • տախիկարդիա` ՍԿՀ ավելացմամբ,
  • սրտային ոչ կանոնավոր ռիթմ,

 

Առիթմիայի տեսակները շատ են և որոշվում են սրտի աշխատանքի խանգարման մեխանիզմով:


ՇՈՂԱՑՈՂ ԱՌԻԹՄԻԱ


Սա առիթմիաների ամենատարածված տեսակն է, բնորոշվում է նախասրտերի կծկումներով` 400-ից ավելի անգամ: Կծկումներն անկանոն են, հաճախ, հիշեցնում են դող: Ռիթմը դառնում է քաոսային, և սիրտը, չդիմանալով դրան, ասես ակնթարթորեն կանգ է առնում, ապա շարունակում աշխատել: Շողացող առիթմիայի այլ անվանումն է նախասրտերի ֆիբրիլյացիա:


Այս առիթմիայի նոպայի ժամանակ զգացողությունը շատ տհաճ է. հիվանդին թվում է, որ իր սիրտը ոչ թե բաբախում է, այլ կանգ է առնում: Նոպան զուգակցվում է այլ ախտանիշներով.

 

  • ցավ սրտի շրջանում,
  • թուլություն և հևոց,
  • գլխապտույտ, հնարավոր է և գիտակցության կորուստ,
  • ճնշման բարձրացում:


ԱՌԻԹՄԻԱՅԻ ՆՈՊԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

 

  • առաջինը, որ պետք է անել, խուճապի չմատնվելը և շտապօգնության կանչելն է: Եթե նոպան Ձեզ մոտ է սկսվել, պետք է կանչել որևէ մեկին` մենակ չլինելու համար:
  • պետք է գործել` առաջնորդվելով առիթմիայի տեսակից:


ՏԱԽԻԿԱՐԴԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿ.

 

  • Հարմար նստել կամ պառկել:
  • Խորը շնչել, ոչ երկար պահել շունչը և արտաշնչել, ասես` օդը հրելով ցած: Շնչառությունը պահելիս կարելի է լարվել, շուրթերը հավաքել գլանաձև և օդն արտաշնչել փոքր բաժիններով, սա օգնում է շողացող առիթմիայի ժամանակ:
  • Խնամքով մերսել պարանոցն` աջից, ծնոտի տակ: Այս մերսումը հակացուցված է ծերերին, քանի որ նրանց մոտ մեծ է թրոմբառաջացման ռիսկը և թրոմբի պոկվելը, որը կարող է կաթված առաջացնել:
  • Մի քանի րոպեի ընթացքում մատները միացրած սեղմել աչքերը: Սա արդյունավետ է, եթե առիթմիան կապված չէ սրտի ախտահարման հետ:
  • Եթե առիթմիան գերհոգնածության, սթրեսի հետևանք է, նստել փակ աչքերով և 5 րոպե բարձրաձայն հաշվել պուլսը, չկանգնելով ռիթմի դանդաղելու ժամանակ:
  • Դեմքն ընկղմել սառցաջրի մեջ` մի քանի վայրկյան:
  • Կարելի է ընդունել վալոկորդին կամ կորվալոլ:


ԲՐԱԴԻԿԱՐԴԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿ

 

  • Ծտապօգնություն կանչել:
  • Հիվանդին պառկեցնել մեջքի վրա, գլխի տակ դնել գլանաձև փաթաթված սրբիչ, իսկ ոտքերի տակ` բարձ, այնպես, որ ոտքերը գլխից բարձր լինեն:
  • Արձակել հագուստի կոճակներն ու հանել սեղմող հագուստը:
  • Բացել պատուհանը կամ օդանցքը, որպեսզի թարմ օդի հոսք լինի:
  • Կրծքավանդակի ցավի դեպքում լեզվի տակ նիտրոգլիցերինի հաբ դնել:


Գիտակցության կորուստի ժամանակ.

 

  • Հիվանդին պառկեցնել մեջքին` հարթ մակերեսի վրա, գլուխը դեպի հետ դիրքով, փսխման դեպքում գլուխը կողքի թեքել:
  • Սկսել արհեստական շնչառություն իրականացնել:
  • Եթե պուլսը չի շոշափվում, կատարել սրտի անուղղակի մերսում:


Սկզբնաղբյուր՝ medsovet.info

22.04.2020