«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Ֆարինգիտ

Ֆարինգիտ

Ֆարինգիտն  ըմպանի հետին պատի բորբոքումն է: Հիվանդության առաջացման պատճառներից են սառը կամ աղտոտված օդը շնչելը, քիմիական գրգռիչների ազդեցությունը (սպիրտ, ծխախոտ) և այլն:

Սուր ֆարինգիտի առաջացման մեջ հիմնական դեր ունեն մանրէները (ստրեպտակոկեր, ստաֆիլակոկեր, պնևմակոկեր) և վիրուսները (գրիպ, ադենավիրուսներ): Շատ հաճախ բորբոքային պրոցեսն ըմպանի  վրա տարածվում է քթի խոռոչից` հարբուխի կամ սինուսիտի դեպքում:

Կլինիկական դրսևորումները

  •     կոկորդում չորության զգացողություն,
  •     կլման ժամանակ ցավ, հատկապես, «դատարկ կլման»,
  •     մարմնի ջերմաստիճանը նորմալ է կամ կարող է բարձրանալ մինչև 38օC,
  •     չոր հազ:


Սուր ֆարինգիտը կարող է ինքնուրույն հիվանդություն լինել, որն ամենից առաջ, զարգանում է սառեցման արդյունքում: Սակայն ֆարինգիտը կարող է ուղեկցվել նաև այլ հիվանդություններով, օրինակ, ՍՇՎԻ-ով: Անհրաժեշտ է սուր ֆարինգիտը տարբերել սուր տոնզիլիտից (անգինայից): Անգինայի դեպքում բորբոքվում են  քիմքային նշիկները, իսկ ֆարինգիտն ախտահարում է ըմպանի առավել լայն հատվածները:

Քրոնիկական ֆարինգիտն առավել արտահայտված ախտանիշներ ունի: Հիվանդ մարդը կոկորդում քերծվածության և չորության զգացում ունի, տառապում է տանջող հազից: Հիվանդությունը  պարբերաբար սրանում է: Որոշ դեպքերում քրոնիկական ֆարինգիտ զարգանում է հիվանդության սուր ձևի ոչ լիարժեք կամ ոչ ճիշտ բուժման արդյունքում: Քրոնիկական ֆարինգիտ զարգանում է նաև ծխելու կամ ալկոհոլային խմիչքների չարաշահման, փոշու, թունավոր գազերի ազդեցության, սառեցման պատճառով ըմպանի լորձաթաղանթի երկարատև գրգռման հետևանքով: Հիվանդության զարգացմանը նպաստում են քթի մեջ քրոնիկական թարախային օջախները (հարբուխ), հարքթային խոռոչների (հայմորիտ), կոկորդի (տոնզիլիտ), բերանի խոռոչի (կարիես) ինֆեկցիաները, ինչպես նաև շնչառության խանգարումները:

Քրոնիկական ֆարինգիտը լինում է կատառային, հիպերտրոֆիկ, ատրոֆիկ: Հիվանդության կատառային ձևը բնութագրվում է ըմպանի լորձաթաղանթի չորությամբ, ինչը հաճախ հանդիպում է ծխող, խիստ աղտոտված օդի պայմաններում աշխատող մարդկանց մոտ: Քրոնիկական ֆարինգիտի հիպերտրոֆիկ ձևն ուղեկցվում է կոկորդի լորձաթաղանթի հաստացմամբ և  կարծրացմամբ: Ֆարինգիտի ատրոֆիկ ձևի դեպքում կոկորդի  լորձաթաղանթի մի որոշ հատված խառնվում է շարակցական հյուսվածքի հետ: Հիվանդության այս ձևը շատ հաճախ հանդիպում է տարեց մարդկանց մոտ:

Ֆարինգիտի ախտորոշումն, առաջին հերթին, հիմնված է պացիենտի բողոքների և բժշկի` հատուկ գործիքով կոկորդի զննման հիման վրա: Ֆարինգիտի դեպքում ըմպանը կարող է կարմրած լինել, լորձաթաղանթը ծածկված լորձով կամ թարախով: Տեղ-տեղ տեսանելի են ավշաադենոիդային հյուսվածքի ֆոլիկուլների բորբոքում: Որոշ դեպքերում, բացի բժշկի զննումից, հնարավոր է պահանջվել ախտորոշման լրացուցիչ մեթդներ, որոնք ներառում են արյան ընդհանուր, նաև կոկորդի քսուքի մանրէաբանական հետազոտություններ, որոնք թույլ կտան որոշել հիվանդության հարուցիչները:

Բուժումը

Ֆարինգիտի բուժումը հաճախ սահմանափակվում է հականեխիչ միջոցների տեղային կիրառմամբ: Դրանք կարող են լինել ինչպես ներծծվող դեղպատրաստուկները, այնպես էլ ցողացիրները: Եթե ֆարինգիտը հրահրված է մանրէներով, ապա բուժման համար, բժշկի նշանակմամբ, կիրառում են հակաբիոտիկներ: Այն դեպքում, երբ ֆարինգիտ զարգացել է վիրուսային ինֆեկցիայի դեպքում, օրինակ, գրիպի պատկերի վրա, հակաբիոտիկներն անարդյունավետ են:

Ողողումների համար օգտգործում են կալիումի պերմանգանատի, բորաթթվի, աղի և սոդայի, ֆուրացիլինի լուծույթների խառնուրդը: Այն պետք է մի քիչ տաք լինի (բայց ոչ շատ): Բուժգործողությունն անցկացնում են օրական 8-10 անգամ: Կոկորդի ողողման համար օգտագործում են նաև  երիցուկի և կալենդուլայի թուրմերը (1-2 ճաշի գդալ չոր ծաղիկների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 10-15 րոպե):

Ֆարինգիտի դեպքում օգտակար են նաև սպիրտային թրջոցները: Դրա համար թանզիֆը թրջում են օղիով, դնում պարանոցին, ծածկում պոլիէթիլային թաղանթով և փաթաթում որևէ բրդյա կտորով: Թրջոցի համար չի կարելի օգտագործել 40 աստիճանից բարձր օղի, որպեսզի մաշկ չայրվի: Բուժման ընթացքում ցանկալի է տանը մնալ, սառեցումից խուսափելու համար:

Հիվանդը պետք է օգտագործի փափուկ, չգրգռող սնունդ, տաք ըմպելիքներ, այդ թվում կոկորդը փափկեցնող (մեղրով կաթ, կիսելներ, յոգուրտ, արգանակներ): Ֆարինգիտի բուժման ընթացքում ցակալի է նաև հրաժարվել ալկոհոլից և ծխախոտից:

 

 

22.02.2017