«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Ապնոէ

Ապնոէ

Ապնոէն շնչառության կանգն է, որն առաջանում է քնի ժամանակ: Որպես օրենք, հիվանդն` ինքը, չի կարող նկատել այդ խնդիրն իր մոտ, սակայն արդյունքում նրա մոտ կարող են լինել թուլություն, ցրվածություն, անգամ` երկար քնից հետո:

Պատճառները

Հիվանդությանը բնորոշ է ավելորդ քաշը, կարճ պարանոցը, խռմփոցը, և առավել հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ:  Հիվանդության արտահայտությունը տարիքի հետ մեծանում է:


Ապնօէի պատճառներից են նաև կոկորդի և շնչափողի անատոմիական յուրահատկությունները: Եթե ինչ-որ պատճառով նեղանում են շնչուղիները, ապնոէի առաջացման հավանակությունը մի քանի անգամ ավելանում է:

Ախտանշանները

Հիմնական ախտանիշը քնի ժամանակ շնչառության կանգն է:  Պատճառը շնչուղիների մեխանիկական փակվածությունն է (օբստրուկտիվ ապնոէ):


Շնչառության կանգի հետևանքով արյան մեջ խանգարվում է թթվածին-ածխաթթու գազ հավասարակշռությունը, որի արդյունքում դրդվում է շնչառական կենտրոնը և կրկին ներշնչում է կատարվում: Այդ ժամանակ գլխուղեղը`տագնապալի ազդանշաններ ստանալով, մի որոշ ժամանակ արթնանում է: Դա գիշերվա ընթացքում լինում է բազմաթիվ անգամ, և քունը դառնում է ոչ լիարժեք: Առավոտյան պացիենտն արթնանում է ջարդվածության զգացումով, զարկերակային ճնշման բարձրացումով:
Այս հիվանդության ամենամեծ վտանգները` շնչառության խանգարման հետևանքով, ինֆարկտի և ինսուլտի զարգացումն են:

Ախտորոշումը

Շնչառության կանգը քնի ժամանակ նկատում են հիվանդի հարազատները:  Հիմնական հետազոտությունը պոլիսոմնոգրաֆիան է: Դա քնի թեստավորումն է, երբ հիվանդն ամբողջ գիշեր գտնվում է հսկողության տակ, և որի ընթացքում սարքը գրանցում է օրգանիզմի հիմնական ցուցանիշները` սրտագրությունը, գլխուղեղի ակտիվությունը, արյան մեջ թթվածնի քանակը, աչքերի շարժումները և այլն:  Մասնագետը պոլիսոմնոգրաֆիայի օգնությամբ գրանցում է, թե քանի անգամ է դիտվել շնչառության կանգ և դրա հիման վրա որոշում հիվանդության ծանրությունը:

Բուժումը

Բուժման մեթոդները տարբեր են` վիրահատությունից մինչև սովորությունների և ապրելակերպի փոփոխություն:

Բուժումը միտված է նորմալ շնչառության վերականգնմանը և խռմփոցի վերացմանը:

Հիպերտոնիկների մոտ կարգավորվում է զարկերակային ճնշումը, որպեսզի նվազեցվի ինֆարկտի, ինսուլտի և այլ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը:

Ավելորդ քաշի դեպքում նշանակվում է սննդակարգ և ֆիզիկական մարզումներ, որոնք նպաստում են կրճատել ապնոէի նոպաները:


Որոշ դեպքերում, երբ շնչառության կանգը դիտվում է միայն մեջքին պառկած վիճակում, բավական է հատուկ բարձերի օգնությամբ կողքի վրա քնելն ապահովելը:

11.05.2020