«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Երիկամների առողջությունը

Երիկամների առողջությունը

Երիկմաները զույգ օրգաններ են, որոնց կարևոր ֆունկցիան արյան մաքրումն է և օրգանիզմից նյութափոխանակության արգասիքները հեռացնելը: Փաստորեն, երիկամներն օրգանիզմի համար ծառայում են որպես ֆիլտր, որով անցնելով` արյունը մաքրվում է և առաջանում է մեզը: Մեզի օգնությամբ օրգանիզմից հեռանում են ավելորդ նյութերը՝  միզանյութը, կրեատինինը, կետոնային մարմինները, ամինաթթուները:


Սպիտակուցներն օրգանիզմի համար խիստ անհրաժեշտ նյութեր են և կարևոր դեր ունեն բջջի կենսագործունեության մեջ: Նրանք մասնակցում են ոսկրերի և մկանների կառուցման գործընթացին, պաշտպանում են վարակից, արյան հունում հավասարակշռում են հեղուկի քանակը և բազում այլ գործընթացներ: Արյան պլազմայում նույնպես առկա է սպիակուց: Երբ արյունն անցնում է երիկամներով, հեռանում է նաև ավելորդ հեղուկը, իսկ կարևոր նյութերը և սպիտակուցները մնում են արյան մեջ: Եթե խանգարվում է երիկամների աշխատանքը և նրա ֆիլտրացիոն ֆունկցիան, ապա մեզի մեջ ավելի շատ սպիակուց է հայտնվում, քան նորմայում: Դա կոչվում է պրոտեինուրիա:


Պրոտեինուրիան կարող է երիկամների հիվանդության վաղ նշան լինել: Կարևոր ախտանիշներից է այտուցը՝ հիմնականում մարմնի վերին մասում (կոպերին, աչքերի շուրջը): Այտուցները, սովորաբար, հայտնվում են արդեն արտահայտված խանգարումների ժամանակ: Երիկամային հիվանդությունը երկար ժամանակ կարող է ընթանալ անախտանիշ: Վաղ շրջանում հիվանդության ախտորոշման ամենապարզ միջոցը լաբորատոր ախտորոշումն է: Մեզում սպիտակուցի որոշումը կօգնի երիկամային հիվանդությունները հայտնաբերել այն փուլում, քանի դեռ նկատելի այլ ախտանիշներ չկան:


Այս հետազոտությունը խիստ կարևոր է հղիների համար, քանի որ հղիության ժամանակ երիկամները ծանրաբեռնվում են կրկնակի և դառնում են առավել խոցելի: Սպիակուցի քանակի ավելացումը մեզի մեջ վկայում է երիկամների լարված աշխատանքի մասին, իսկ ամենակարևորը. դա կարող է պրեէկլամպսիայի առաջին նշանը լինել: Պրեէկլամպսիան հղիության ուշ տոքսիկոզն է, որն արտահատվում է ախտանիշների տրիադայով՝ բարձր զարկերակային ճնշում, պրոտեինուրիա, այտուցներ: Այն վտանգավոր է նրանով, որ կարող է զարգանալ էկլամպսիա, երբ զարկերակայինճնշումն այնքան կարող է բարձրանալ, որ վտանգվի մոր և երեխայի կյանքը:


Սպիտակուցը մեզի մեջ որոշվում է մեզի ընդհանուր հետազոտությամբ: Սակայն առավել արդյունավետ ախտորոշման համար անհրաժեշտ է նաև արյան կենսաքիմիական հետազոտություն:

 

 


01.06.2020