«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Պոլինոզ

Պոլինոզ

Ինչպես ազատվել ծաղկափոշու հանդեպ ալերգիկ ռեակցիայից: Այս տկարությունը սկսվում է գարնան կեսերին և երբեմն «չի հեռանում» մինչև աշուն: Պոլինոզն ալերգիայի առանձնահատուկ տեսակն է, առաջանում է ծաղկող ծառերի ու խոտաբույսերի ծաղկափոշուց:

Բնորոշ ախտանշաններն են. պոլինոզի դրսևորումները տարբեր են, բայց ամենից հաճախ այն լինում է քթից արտադրությամբ հարբուխ, հաճախակի փռշտոց, հարքթային ծոցերի, կոպերի այտուց, արցունքահոսություն: Որոշ մարդկանց մոտ, բացի դասական ձևից, կրծքավանդակին, թիկունքին, նստամկաններին, ազդրերին վառ վարդագույն ցան է լինում, որը սարսափելի քոր է գալիս` եղնջատենդ է լինում:

Պոլինոզի ամենավատ դրսևորումը սեզոնային բրոնխային ասթման է: Հիվանդության առաջին նախակարապետը շնչահեղձությունն է, սուլոցով շնչառությունը:

Շատ հաճախ պոլինոզով առաջին անգամ հիվանդանում են մանկական տարիներին, հատկապես, եթե երեխան ծնողներից ժառանգել է ալերգիայի հանդեպ հակվածությունը: Տհաճությունները սկսվում են  սննդային ալերգիկ ռեակցիաներից, իսկ տարիների հետ փոքրիկ ալերգիկները սկսում են արձագանքել նաև ծաղկափոշուն:
 
Ամենաալերգիկը համարվում են կաղնին, կեչին, բարդին, սոճին, ուռենին, շագանակենին, ծփին, լորենին: Նրանց միկրոսկոպիկ չափերի ծաղկափոշու հատիկների մակերեսը անհարթ է, ակոսավոր, այդ պատճառով էլ դրանք շատ ամուր են «նստում» քիթ-ըմպան հատվածում և թոքերում: Առավել խոշոր են եղևնու,  մայրու, բրգաձև սոճու ծաղկափոշու հատիկները, որոնք առավել հազվադեպ են ալերգիա հրահրում: 

Երբ է սկսվում. ծաղկափոշու հանդեպ ալերգիայով տառապողները փռշտալ ու հազալ սկսում են ապրիլի կեսերին, երբ ծառերը սկսում են բողբոջել:

Հունիս-հուլիս ամիսներին այդ ագրեսորներին միանում են հացահատիկները` վարսակը, տարեկանը, ցորենը, ինչպես նաև խոտաբույսերը` եղինջը, խատուտիկը, օշինդրը և այլն, որոնք շարունակում են ալերգիկների կյանքը թունավորել մինչև սեպտեմբերի վերջ:

Ինչպես որոշել. ալերգենների հայտնաբերման համար տարբեր մեթոդներ կան: Օրինակ, մաշկի համար թեստեր` նախաբազկի հատվածում փոքրիկ քերծվածք են անում և կաթեցնում են տարբեր ալերգենների կաթիլներ, 20 րոպե անց բժիշկը զննում է: Եթե մաշկի այդ հատվածը ուռել է, ուրեմն ալերգենի հանդեպ ռեակցիան դրական է:  Բայց ծաղկելու ժամանակաշրջանում մաշկի վրա փորձեր կատարել չի կարելի, դա կարող է սրել ալերգիկ ռեակցիան, այդ պատճառով էլ նման թեստերն անցկացնում են միայն նոյեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում:

Իսկ մյուս ամիսներին «մեղավորին» փնտրելու համար պետք է երակից արյուն հանձնել հետազոտությունների համար: Այն հնարավորություն կտա հայտնաբերել պաշտպանական սպիտակուցների` E դասի իմունագլոբուլինների խտությունը, որոնք ձևավորվում են ի պատասխան այս կամ այն ալերգենի ազդեցության:

Ինչպես բուժել. սեզոնային ալերգիկ ռինիտի կանխարգելման և բուժման ամենաարդյունավետ մեթոդն առանձնահատուկ իմունաթերապիան է: Պոլինոզի դեպքում դրա արդյունավետությունն առավելագույնն է. հիվանդների 80-90%-ի մոտ հաջողվում է կամ կտրուկ նվազեցնել ալերգիայի դրսևորումները, կամ մի քանի տարի ընդհանրապես բացառել սրացումները:  Դրա հետ մեկտեղ, մեթոդը կանխարգելում է հիվանդության թեթև ձևից ծանրին վերածվելը:

Մեթոդի էությունն իմունային համակարգի «մարզումն» է: Սկզբից «ալերգեն-սադրիչը» (նույնանման արհեստականը) փոքրագույն չափաքանակներով է ներարկվում, իսկ հետո չափաքանակն աստիճանաբար ավելացվում է: Դա կատարվում է կամ ներարկումով, կամ բերանի կամ քթի մեջ կաթիլները կաթեցնելով: Բուժման կուրսը 1-2 ամիս է, բուժումն սկսում են ծաղկման ժամանակաշրջանը սկսվելուց 3-4 ամիս առաջ: Նման կանխարգելիչ բուժգործողությունը պետք է կրկնել 3-5 տարվա ընթացքում:

Ի դեպ

Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ պոլինոզը հաճախ դրսևորվում է լատեքսի հանդեպ ալերգիայի հետ: Ծառերի և խոտաբույսերի ծաղկելու ժամանակ հարկ է հազվադեպ օգտագործել ռետինե ձեռնոցներ, ռետինե լողի գլխարկներ, լայկրա տեսակի զուգագուլպաներ, իսկ փոքրիկ երեխաներին որքան հնարավոր է քիչ տալ ծծակը:  

 

 

13.03.2017