«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Թմրածությունը` օրգանիզմի վտանգավոր ախտանիշ

Թմրածությունը` օրգանիզմի վտանգավոր ախտանիշ

Թմրածությունը՝ պարեսթեզիան, մաշկի զգացողության կորուստը կամ խանգարումն է: Հնարավոր է լինեն նաև այլ զգացողություններ՝ այրոց, ծակծկոց և այլն: Թմրածությունը կարող է արտահայտվել մարմնի ցանկացած մասում՝ ձեռքին, ոտքին, գլխին, իրանին: Այս ախտանշանը կարող է լուրջ ախպտաբանության ախտանիշ լինել:

Ինչո՞ւ է առաջանում

Մաշկի զգայունությունը ապահովվում է նյարդային ռեցեպտորներից գլխուղեղ գրգիռների հաղորդմամբ: Իսկ երբ որևէ հատվածում նյարդային իմպուլսի հաղորդումը խանգարված է, առաջանում է թմրածություն:
Պատճառ կարող է լինել նյարդի սեղմվածությունը, արյան վատ շրջանառությունը, որը հանդիպում է վարակների կամ տոքսիկ ախտահարումների ժամանակ:

Ե՞րբ է թմրածությունն` անվտանգ

Նորմայում թմրածություն կարող է առաջանալ մարմնի երկարատև անհարմար դիրքի հետևանքով, երբ նյարդերը սեղմվում են: Բայց այդ վիճակն արագ անցնում է` հատկապես ակտիվ մի քանի շարժումից հետո:

Նորմայի մեկ այլ տարբերակ է ցրտահարությունը: Թմրածության մյուս բոլոր դեպքերում, հատկապես, եթե դրանք կանոնավոր կերպով կրկնվում են և ուղեկցվում այլ ախտաբանական արտահայտություններով, պետք է դիմել բժշկի:

Ախտաբանական թմրածություն

Թմրածությունը կարող է ուղեկցել ամենատարբեր հիվանդությունների: Դրանք պարզելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մյուս ախտանշաններին:

Ձեռքի թմրածություն կարող են լինել.

 

  • պարանոցային օստեոխոնդրոզի ժամանակ. լրացուցիչ ախտանշաններ են գլխացավերը, ոսկրերի ճրթճրթոցը, տեսողության վատացումը,
  • դաստակով անցնող նյարդի սեղմման՝ թունելային համախտանիշի դեպքում. լինում են նաև ցավեր, ձեռքի թուլություն, այս համախտանիշը ոմանց մոտ մասնագիտական ախտաբանություն է, երբ ստիպված են լինում մշտապես շարժել դաստակը, այդ թվում նաև` համակագչային մկնիկը,
  • Ռեյնոյի հիվանդության ժամանակ. խանգարվում է նաև պերիֆերիկ արյան շրջանառությունը, հիվանդությունը ժառանգական է, այն ընթանում է նոպայաձև, երբ լինում է ցավ և սառչում են մատները:


Ձեռքերի թմրածությունը կարող է լինել նաև սրտային նոպայի կամ միոկարդի ինֆարկտի նշան:

Ոտքերի թմրածությունը հանդիպում է հետևյալ ախտաբանությունների ժամանակ.

 

  • ողնաշարի հիվանդություններ՝ միջողային ճողվածքներ, նստանյարդի սեղմում, ռադիկուլիտ, գոտկատեղի օստեոխոնդրոզ և այլն,
  • երակների վարիկոզ լայնացում,
  • թրոմբոֆլեբիտ,
  • օբլիտերացիոն էնդարթերիտ՝ ստորին վերջույթների անոթների ախտահարում (ծխողների հիվանդություն):


Մարմնի տարբեր մասերի թմրածություն

Սակավարյունությունը՝ օրգանիզմում երկաթի անբավարարությունը, արտահայտվում է ոտքերի և ձեռքերի թմրածությամբ, լինում է նաև գունատություն, թուլություն, մաշկի չորություն:

 

Շաքարային դիաբետի դեպքում զարգանում է նեյրոպաթիա՝ նյարդային վերջույթների համակարգային ախտահարում, որն էլ առաջացնում է ոտքերի և ձեռքերի թմրածություն:

 

Մարմնի, դեմքի, վերջույթների թմրածությունը կարող է լինել ցրված սկլերոզի արտահայտություն:

 

Ռևմատոիդ արթրիտի ժամանակ երբեմն դիտվում է վերջույթների թմրածություն:

 

Մարմնի մի կեսի թմրածությունը բնորոշ է կաթվածին:

 

Թմրածություն կարող է առաջանալ նաև ուռուցքի ժամանակ:

Կան թմրածության այլ պատճառներ ևս.


  • նևրալգիաներ,
  • օրգանիզմում որոշ նյութերի պակաս՝ կալցիում, մագնեզիում, В խմբի վիտամիններ,
  • որոշ դեղերի կողմնակի ազդեցություն,
  • ալկոհոլային ինտոքսիկացիա:

 

Քանի որ պատճառները շատ են, կոնկրետ ախտաբանությունը միայն մասնագետը կարող է պարզել: Ախտորոշման համար իրականացվում են տարբեր հետազոտություններ՝ լաբորատոր հետազոտություններ, էլեկտրաէնցեֆալոգրաֆիա (ԷԷԳ), մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ), դոպլերոգրաֆիա:

 


Սկզբնաղբյուր. medsovet.info

13.01.2021