«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Ինչպե՞ս խուսափել Ալցհեյմերի հիվանդությունից

Ինչպե՞ս խուսափել Ալցհեյմերի հիվանդությունից

Հիշողության վատացումը զարգանում է տարիքի հետ, աստիճանաբար՝ նյարդային հյուսվածքի օրգանական ախտահարման արդյունքում: Ալցհեյմերի հիվանդության  (ծերունական թուլամտության) ժամանակ առաջանում են սպիտակուցային մանր հանգույցներ, որոնք քայքայում են նեյրոնային կապերը և վատացնում ազդանշանների հաղորդումը:

 

Հիվանդն սկսում է մոռանալ նախ` ներկայի հետ կապվածը (շաբաթվա օրերը, հեռախոսազանգերը, կարևոր միջոցառումները), հետո` ամեն բան (կորցնում է գիտելիքները, անգամ ամենապարզ ունակությունները` կապել կոշկակապերը, միացնել վառարանը, բացել դուռը և այլն), դադարում է հետևել անձնական հիգիենային, ժամանակի ընթացքում դադարում է ճանաչել հարազատներին, կարող է դառնալ գրգռված, ագրեսիվ, կասկածամիտ, խոսքը վատանում է, դառնում անհասկանալի, քայլվածքը՝ անհաստատ: Ծանր դեպքերում դառնում են անկողնային հիվանդներ` մինչև մահը:

 

Դա ծանր փորձություն է ինչպես հիվանդի, այնպես էլ նրա հարազատների համար: Հիվանդին խնամելու համար հարազատները ստիպված են լինում թողնել աշխատանքը, փոխել կյանքի ընթացքը, արդյունքում դառնում են գրգռված, դեպրեսիվ:
Ամբողջ աշխարհում գնալով ավելանում է Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողների թիվը:
Ցավոք, դեմենցիան հնարավոր չէ բուժել, սակայն դրա զարգացումը կանխել կարող է ամեն ոք:

Կանխարգելում


  • Կանոնավոր մարզել ուղեղը՝ լեզուներ սովորելով, մաթեմատիկական խնդիրներ, ռեբուսներ լուծելով, բանաստեղծություններ, տեքստեր անգիր անելով և այլն: Փորձել գրել և՛ աջ, և՛ ձախ ձեռքերով, հաճախ վերադասավորել տան, աշխատասենյակի կահույքը:
  • Ճանապարհորդել անծանոթ երկրներում և վայրերում, որևէ տեղ գնալիս ամեն անգամ դա անել նոր ճանապարհով:
  • Գրքեր կարդալ,, նվագել, զբաղվել ձեռագործով, շախմատ խաղալ:
  • Շատ շարժվել, մարզվել, հաճախել պարի դասերի, աշխատել բանջարանոցում. այդ ամենը կօգնի լավացնել ուղեղի արյան շրջանառությունը:
  • Լիարժեք և չափավոր սնվել: Սահմանափակել ճարպոտ, աղի, ապխտած, պահածոյացված մթերքները, ավելի շատ օգտագործել թարմ մրգեր, բանջարեղեն, կանաչեղեն, խաշած, շոգեխաշած կերակուրներ, ձուկ և ծովամթերք: Ալկոհոլը (բնական) կարելի է օգտագործել կանոնավոր, բայց քիչ քանակով, շատ ջուր խմել: Ընդունել բավարար քանակի սպիտակուցներ, ածխաջրատներ, ճարպեր, միկրոէլեմենտներ, վիտամիններ:
  • Հրաժարվել ծխելուց:
  • Քնել օրը 6-8 ժամ՝  օդափոխված ննջարանում և հարմարավետ մահճակալում:
  • Հրաժարվել դեղերի ավելորդ, ոչ նպատակային օգտագործումից (հատկապես քնաբեր և հակադեպրեսանտ պատրաստուկներից):
  • Հսկել և կարգավորել զարկերակային ճնշումը, քաշը, առողջությունն` ընդհանրապես:
  • Շփվել մարդկանց հետ, ցանկալի է՝ անմիջական, հաճախ զանգահարել, հանդիպել ծանոթներին, ստեղծել նոր ծանոթություններ, խուսափել դժգոհ, դեպրեսիվ մարդկանցից:

 

28.06.2021