«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Պարանոցի և մեջքի ցավ

Պարանոցի և մեջքի ցավ

Պարանոցի և մեջքի ցավը տարածված գանգատ է, որը կյանքի որևէ պահի զգում է մարդկանց 80 տոկոսը:


Ողնաշարի պարանոցային, կրծքային, գոտկա-սրբանային հատվածներում ցավը կարող է տարբեր խնդիրների հետ կապված լինել. միջողային սկավառակների փոփոխություններ (պրոտրուզիա, սկավառակի պրոլապս), միջողային հոդերի հիվանդություններ (արթրոզ), մկանների, կապանների սպազմ, ձգվածություն:


Օստեոպորոզը, մարմնի ոչ ճիշտ դիրքը, մեջքի մկանների չափից դուրս ծանրաբեռնվածությունը, մեծ քաշը, ծանրության բարձրացումը բերում են կաթնաթթվի կուտակման, որն էլ ցավերի առաջացման պատճառ է դառնում:


Պարանոցի և մեջքի շրջանի ցավերի սրացման ժամանակ իրականացվում է հատուկ կոնսերվատիվ բուժում: Տհաճ ախտանշանները թեթևացնելու համար առաջարկվում են մի քանի հասանելի միջոցներ. առաջին օրերին այտուցին և բորբոքմանն օգնում է սառը կոմպրեսը (սառույցով տոպրակիկ), որը դրվում է ցավոտ տեղում 2-3 ժամը մեկ՝ մի քանի րոպեով:


Պարանոցի ցավը նվազում է նաև ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոցների կիրառման դեպքում:  Սակայն դրանք պետք է ընդունել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո, քանի որ կան հակացուցումներ և երկար օգտագործումն առաջացնում է ընտելացում:


Մեջքի սուր ցավերի ժամանակ իրականացվում է պարավերտեբրալ պաշարում: Այլ տեղակայումների դեպքում կատարվում է հաղորդչական պաշարում՝ հակաբորբոքային և ցավազրկող պատրաստուկներով:


Սրացման առաջին 1-3 օրն անհրաժեշտ է պահպանել անկողնային ռեժիմ, քանի որ այդ դիրքում նվազում է ճնշումը ողնաշարի վրա: Դրանից հետո խորհուրդ է տրվում որքան հնարավոր է արագ վերականգնել ֆիզիկական ակտիվությունը: Երկարատև անշարժությունը մեծացնում է ցավերի կրկնության վտանգը:


Խորհուրդ տրվող սպորտաձևերից առավել նախընտրելին լողն է: Արգելվում են վազքը և հեծանիվ վարելը:


Մեջքի ցավերը, մկանային սպազմը և լարվածությունը բավականին արդյունավետ անցնում են ասեղնաբուժությամբ (ակուպունկտուրա), մերսումով,  մանուալ թերապիայի հատուկ մոտեցումներով::


Պարանոցի և գոտկային ցավերի դեպքում անպայման պետք է դիմել բժշկի:

30.06.2021