«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Ստամոքսի խոց. պատճառները, բարդությունները, բուժումը

Ստամոքսի խոց. պատճառները, բարդությունները, բուժումը

Ստամոքսի և 12- մատնյա աղու խոցային հիվանդությունը քրոնիկ ռեցիդիվող (կրկնվող) հիվանդություն է, որի ժամանակ ստամոքսի լորձաթաղանթի վրա առաջանում է խոց՝ ստամոքսի լորձաթաղանթի լոկալ դեֆեկտ: Ստամոքսահյութի, լեղու ազդեցությամբ գործընթացի մեջ ընդգրկվում է նաև ենթալորձային թաղանթը՝ այդ շրջանում առաջացնելով տրոֆիկ խանգարումներ:

 

Պատճառները

 

  • Ստամոքսում հելիկոբակտեր պիլորի (Helicobakter Pilory) մանրէի առկայություն,
  • որոշակի դեղորայքի ընդունում,
  • սխալ սննդակարգ,
  • ժառանգական նախատրամադրվածություն,
  • երկարատև նյարդային լարվածություն,
  • իմունիտետի նվազում,
  • ծխելը:

 

Ախտանշանները

 

Ամենաէական ախտանշանը ցավն է` էպիգաստրալ շրջանում («սրտագդալի»): Ցավը տեղակայվում է էպիգաստրալ շրջանի որոշակի սահմանափակ տարածքում և կապված է սննդի ընդուման հետ. առաջանում է ուտելուց կես, մեկ ժամ անց:
12-մատնյա աղու խոցի ժամանակ հաճախ դիտվում են «քաղցած» ցավեր, որոնք անցնում են սնունդ ընդունելուց հետո:

 

Այլ ախտանշաններն են.

 

  • այրոց. սովորաբար դիտվում է խոցային հիվանդությունից առաջ՝ մի քանի ամսվա, տարվա ընթացքում,
  • սրտխառնոց,
  • փսխում,
  • կղանքը մուգ գույն է ունենում` արյունահոսության դեպքում:

 

Բարդությունները

 

  • Արյունահոսություն,
  • Պերֆորացիա (թափածակում),
  • պենետրացիա (ենթաստամոքսային գեղձի կողմում),
  • սպիական հիվանդություն,
  • ստամոքսի փականների ստենոզ,
  • մալիգնիզացիա:

 

Ախտորոշումը

 

  • Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա,
  • ստամոքսի և 12-մատնյա աղու ռենտգենագրաֆիա` բարիումի կոնտրաստի կիրառմամբ,
  • հելիկոբակտեր պիլորիի հայտնաբերում, արյան հետազոտություն, շնչառական թեստ:

 

Բուժումը

 

Հիվանդությունը բարդ է և պահանջում է երկարատև բուժում:

 

Հաճախ նշանակվում է կոնսերվատիվ բուժում, եթե հիվանդությունը բարդացած չէ (պենետրացիա, պերֆորացիա և այլն): Կոնսերվատիվ բուժման շրջանակում նշանակվում են՝ համապատասխան դեղորայք, հատուկ սննդակարգ, պետք է բացառել վնասակար սովորությունները, կարգավորել օրվա ռեժիմը, ապրելակերպը:

 

Բուժումը նշանակելիս հաշվի է առնվում հիվանդի տարիքը, հիվանդության ընթացքը, տևողությունը, արդեն ընդունած բուժման արդյունավետությունը, խոցի տեղակայումը և չափերը, ստամոքսահյութի բնույթը, ստամոքսի մոտորիկան, ուղեկցող հիվանդությունները:

 

Սննդակարգ. փոքր քանակի և հաճախակի սննդի ընդունում` ըստ բուժող բժշկի նշանակած սխեմայի:

12.08.2021