«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Զարկերակների սպազմը և առաջացման պատճառները

Զարկերակների սպազմը և առաջացման պատճառները

Զարկերակների սպազմը կամ վազոսպազմը փոքր անոթների և մազանոթների սեղմումն է: Անոթների սպազմը կարող է հանգեցնել հյուսվածքների արյան շրջանառության խանգարման և դրանց մեռուկացման:

 

Ցերեբրալ վազոսպազմը (գլխուղեղի զարկերակների սպազմը) կարող է առաջանալ գլխուղեղի արյունազեղման ժամանակ: Այն հետվիրահատական կաթվածների առաջացման գործոններից է: Որպես կանոն, այն ի հայտ է գալիս գլխուղեղի արյունազեղումից  4-10 օր անց:

 

Վազոսպազմի ամենատարածված ձևը Ռեյնոյի հիվանդությունն է՝ ոտքերի և ձեռքերի մատների ծայրային փոքր զարկերակների և արտերիոլների ախտահարումը:

 

Վազոսպազմի տարածված տեսակներից է նաև պտուկի վազոսպազմը, որը հիմնականում զարգանում է կերակրող մայրերի մոտ և արտահայտվում է պտուկների գունատությամբ ու կրծքավանդակի այրող ցավերով:  Որոշ դեպքերում այն անցնում է կրծքով կերակրման սկզբից մի քանի շաբաթ անց: Բայց երբեմն տանջում է կերակրող մայրերին ամբողջ կերակրման ժամանակահատվածում:

 

Պատճառները և ախտանշանները

 

Վագոսպազմը շատ տարածված հիվանդություն է: Մեծ մասամբ այն ժամանակավոր բնույթ ունի, այդ պատճառով նրա հետևանքները (հյուսվածքների շրջանառության խանգարում) վերականգնվում են:

 

Հաճախ վազոսպազմն ավելի լուրջ հիվանդությունների մասին է հուշում: Դրանք կարող են լինել զարկերակների, շարակցական հյուսվածքի, նյարդաբանական և ներզատական հիվանդությունները:

 

Եթե որևէ հիվանդության հետևանք չէ, ապա կարող է մի շարք այլ պատճառների արդյունք լինել.

 

•    վնասվածք,
•    գերսառեցում,
•    օրգանիզմում հեղուկի անբավարարություն,
•    սթրես:

 

Եթե վագոսպազմն առաջանում է նշված պատճառների հետևանքով, այն այլևս չի կրկնվի:

 

Իսկ ահա՝ ծխելը, ծանր մետաղի աղերով թունավորումը, ցրտահարությունը, անոթների բորբոքային և աթերոսկլերոտիկ ախտահարումը, ներզատական հիվանդությունները կարող են պատճառ դառնալ վագոսպազմի կրկնություների:

 

Ձգձգվող ընթացքով և կրկնվող վագոսպազմները կարող են լուրջ բարդություններ առաջացնել.

 

•    արյան շրջանառության անբավարարության շրջանում մանր անոթների մշտական սպազմ,
•    հյուսվածքների այտուցվածություն, գունատություն, սառնություն,
•    մանր անոթների թրոմբոզ,
•    կաթված,
•    ապոպլեքսիա,
•    միոկարդի ինֆարկտ:

 

Վագոսպազմի ախտանշանները կախված են սպազմի ենթարկված անոթների տեղակայումից: Գլխուղեղի դեպքում արտահայտվում են գլխացավով, տեսողության վատացումով, ուշաթափություններով, գլխապտույտով: Ռեյնոյի հիվանդության դեպքում ձեռքերի և ոտքերի մատները դառնում են սառը և գունատ, կարող են կորցնել նաև ճկունությունն ու այտուցվել:

 

Ախտորոշումը և բուժումը

 

Ախտորոշման մեթոդներից է ախտահարված անոթների սքանավորումը, ՄՌՏ, ՀՏ և ՈՒՁՀ: Կատարվում են նաև արյան հետազոտություն, մաշկի բիոփսիա՝ համակարգային սկլերոդերմիան բացառելու համար:

 

Բուժումը

 

Կարևոր է հրաժարվել ծխելուց և ալկոհոլի օգտագործումից, ակտիվ կյանք վարել, ճիշտ սնվել: Նշանակվում են հակամակարդիչներ, թրոմբոլիտիկներ, սպազմոլիտիկներ, որոնք հանում են անոթների սպազմը:

 

Եթե վագոսպազմը հետևանք է այլ հիվանդությունների, անհրաժեշտ է կազմակերպել դրանց բուժումը:

26.08.2021