«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Ակրոմեգալիա

Ակրոմեգալիա

Ակրոմեգալիան հորմոնալ խանգարում է, որի ժամանակ մեծահասակի մոտ հիպոֆիզն արտադրում է մեծ քանակի աճի հորմոն: Բազմաթիվ հորմոններ ակտիվացնող հիպոֆիզը փոքրիկ գեղձ է, որը տեղակայված է գլխուղեղի հիմքում:  

 

Սովորաբար, ակրոմեգալիա հանդիպում է միջին տարիքի մարդկանց մոտ: Երեխաների մոտ աճի հորմոնի ավելցուկն առաջացնում է գիգանտիզմ՝ ոսկրերի և հասակի անոմալ աճ: Բարձիթողի դեպքերում ակրոմեգալիան ծանր, կյանքի համար վտանգավոր վիճակ է, սակայն բուժման հասանելի մեթոդները կարող են նվազեցնել բարդությունները:

 

Քանի որ ակրոմեգալիան դանդաղ պրոգրեսիվող է, երկար տարիներ կարող է այն աննկատ ընթանալ: Երբեմն դա նկատելի է նոր և հին լուսանկարները համեմատելիս:

 

Պատճառները

 

Հիպոֆիզի կողմից արտադրվող հորմոնը լյարդում դրդում է ինսուլինանման աճի գործոն 1-ի արտադրությունը (ԻԱԳ-I): Իր հերթին ԻԱԳ-I-ն ակտիվացնում է ոսկրերի և այլ հյուսվածքների աճը:

 

Մեծահասակների մոտ աճի հորմոնի չափից ավելի արտադրության հիմնական տարածված պատճառը ուռուցքն է:

 

•    Հիպոֆիզի բարորակ ուռուցք (ադենոմա).  Ակրոմեգալիայի առավել հաճախ հանդիպող պատճառն է: Ուռուցքն արտադրում է մեծ քանակի աճի հորմոն, որի արդյունքում արտահայտվում են ակրոմեգալիայի ախտանշանները:
•    Ոչ հիպոֆիզար ուռուցքներ. օրինակ` թոքերում կամ ենթաստամոքսային գեղձում: Երբեմն նման ուռուցքներն ընդունակ են արտադրել սոմատոլիբերին հորմոն, որը դրդում է հիպոֆիզին՝ իր հերթին արտադրելու աճի հորմոնի մեծ քանակ:

Ախտանշաններ.

•    ձեռքերի և ոտքերի ոչ համաչափ աճ,
•    դեմքի աստիճանական փոփոխություններ.  փքված ստորին ծնոտ, ճակատ, մեծացած քիթ, հաստացած շրթունքներ և ատամների միջև մեծ բացվածքներ,
•    դիմագծերի կոպիտ արտահայտվածություն,
•    մաշկի հաստացում, կոպտացում և ճարպոտություն,
•    արտահայտված քրտնարտադրություն և մարմնի տհաճ հոտ,
•    մաշկին պապիլոմաների առկայություն,
•    հոգնածություն և մկանային թուլություն,
•    խզված, խռպոտ ձայն` ձայնալարերի լայնացման արդյունքում,
•    վերին շնչուղիների օբստրուկցիայի հետևանքով` ուժեղ խռմփոց,
•    տեսողության վատացում և գլխացավեր, երբ ուռուցքը ճնշում է մոտակա հյուսվածքները,
•    լեզվի մեծացում,
•    հոդերի ցավ և շարժունակության սահմանափակում,
•    սեքսուալ խանգարումներ. հետաքրքրության նվազում, կանանց մոտ դաշտանային ցիկլի խանգարումներ, տղամարդկանց մոտ՝ էրեկտիլ դիսֆունկցիա:

 

Հնարավոր բարդությունները.

 

•    հիպերտոնիա,
•    սիրտ-անոթային հիվանդություններ, հատկապես՝ կարդիոմիոպաթիա
•    օստեոարթրոզ,
•    շաքարային դիաբետ,
•    զոբ,
•    նախաուռուցքային աճեր (պոլիպներ) հաստ աղու լորձաթաղանթում,
•    ապնոէ,
•    դաստակային թունելային համախտանիշ,
•    ողնուղեղի կոմպրեսիա,
•    տեսողության կորուստ,
•    վաղաժամ մահ:

 

Ախտորոշումը

 

Ախտորոշումն իրականացվում է կլինիկական պատկերի, անամնեզի, բժշկական զննման հիման վրա: Անհրաժեշտ են նաև գործիքային հետևյալ հետազոտությունները.

 

•    արյան մեջ աճի հորմոնի և ԻԱԳ-I մակարդակի որոշում,
•    աճի հորմոնի ճնշման թեստ (գլյուկոզայով). Սովորաբար, գլյուկոզան իջեցնում է աճի հորմոնի քանակը, իսկ ակրոմեգալիայի դեպքում դա առանձնապես չի գործում,
•    ՄՌՏ՝ ուռուցքի տեղակայումը պարզելու համար:

 

Բուժումը

 

Բուժման հիմնական նպատակն աճի հորմոնի արտադրության և ուռուցքի բացասական ազդեցության նվազեցումն է:

 

•    Վիրահատական բուժում՝ ուռուցքի հեռացումը էնդոսկոպիկ մեթոդով՝ քթի խոռոչով,
•    Եթե ամբողջ ուռուցքի հեռացումը հնարավոր չէ՝ բուժումը շարունակվում է դեղորայքով.

1.    աճի հորմոնի արտադրությունը ճնշող դեղեր, հորմոնի մակարդակը իջեցնող դեղեր կամ աճի հորմոնը պաշարողներ:

2.    ճառագայթային թերապիա. ոչնչացնում է մնացած ուռուցքային բջիջները և դանդաղ իջեցնում աճի հորմոնի մակարդակը:

 

Բուժումը կարող է տևել տարիներ:

14.09.2021