«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Քրոնիկ հոգնածության համախտանիշ

Քրոնիկ հոգնածության համախտանիշ

Հոգնածությունը ֆիզիկական և հուզական ծանրաբեռնվածության հետևանք է: Երբ ստիպված եք ընդունել վիտամիններ, արթնանալուց հետո չեք զգում առույգություն, մեծ հավանականություն կա, որ առկա է քրոնիկ հոգնածության համախտանիշ (ՔՀՀ):  Գլխավոր ախտանշաններն են՝ թուլություն, քնի խանգարում, գրգռվածություն, գլխացավ:

 

ՔՀՀ հիմնականում հանդիպում է մեծ քաղաքների բնակչության մոտ, որոնք հաճախ են առերեսվում սթրեսների հետ, ինչի հետևանքով սկսվում է օրգանիզմի հյուծվածություն: Հաճախ նշանները արտահայտվում են եղանակային երկու սեզոնի միջև, երբ օդի խոնավությունը փոփոխական է, կամ հանկարծ բարձրանում է, կամ` երբ կրճատվում է ցերեկվա տևողությունը:

 

Օրգանիզմի հյուծվածությունն առաջացնում է անոթների սպազմ, որի հետևանքով ուղեղը զրկվում է թթվածնի անհրաժեշտ պաշարից, խանգարվում է նյութափոխանակությունը, արյան մեջ կուտակվում է կաթնաթթու, արյունն աղտոտվում է:

 

Այդ ամենը պատճառ են դառնում դիմադրողականության անկման, վարակների, հիվանդությունների նկատմամբ ընկալունակության բարձրացման:

 

Հիմնական ախտանշաններն են.

 

•    մկաններում թուլություն և ջարդվածության զգացում,
•    տրամադրության կտրուկ փոփոխություն,
•    տագնապի զգացողություն, ապաթիա,
•    քնկոտություն` օրվա ընթացքում,
•    հաճախակի մրսածական հիվանդություններ (հարբուխ` առանց բարձր ջերմության),
•    քնի խանգարում,
•    դեմքի, ստորին և վերին վերջույթների այտուցվածություն,
•    տեսողության նվազում,
•    ցրտի զգացողություն` նույնիսկ տաք սենյակում,
•    սառը ոտքեր,
•    հաճախակի գլխացավ և գլխապտույտ,
•    մկաններում և հոդերում` արտահայտված տհաճ զգացողություն,
•    հիշողության վատացում,
•    կրակող ցավեր մեջքի շրջանում և այլ հատվածներում,
•    կենտրոնացման թուլացում,
•    հուզական անկայունություն (մտային գործունեության վատացում),
•    լիբիդոյի նվազում:

 

Պատճառները

 

ՔՀՀ-ի պատճառը մինչև վերջ բացահայտված չէ:  Այն կապում են նախկինում տարած վարակների, վիրահատությունների, ծանր ծննդաբերությունների հետ:

 

Հիմնական պատճառը իմունային համակարգի հյուծումն է: Հաճախ արյան մեջ հայտնաբերվում է L-կարնիտինի և ԱԵՖ անբավարարություն:

 

Նպաստող գործոններ են.

 

•    էկոլոգիական վատ միջավայրը,
•    վնասակար աշխատանքը,
•    հաճախակի նյարդային լարվածությունը, սթրեսները,
•    քնի սխալ կազմակերպումը,
•    նստակյաց ապրելակերպը,
•    լարված աշխատանքային ռեժիմը,
•    հորմոնալ ֆոնի խանգարումը,
•    ստամոքս-աղիքային համակարգի խնդիրները,
•    որոշ դեղերի երկարատև օգտագործումը:

 

Ախտորոշումը

 

Առաջին իսկ ախտանշանների արտահայտման դեպքում պետք է դիմել թերապևտի, ով անհրաժեշտության դեպքում կուղղորդի համապատասխան մասնագետի մոտ (էնդոկրինոլոգ, նյարդաբան, իմունոլոգ):

 

ՔՀՀ-ի դեպքում ժամանակի ընթացքում դիտվում է ախտանշանների աճ:  Կարևորվում է ախտանշանների տևողությունը (կես տարի և ավելի, այլ հիվանդությունների բացակայություն):

 

Ախտորոշման համար իրականացվում են մի շարք հետազոտություններ.

 

•    արյան ընդհանուր քննություն,
•    արյան մեջ վիտամին D-ի, B12-ի, B9-ի, երկաթի որոշում,
•    վահանագեղձի հորմոնների որոշում,
•    լյարդի քննություն՝ հեպատիտի առկայությունը ժխտելու նպատակով:
 

Բուժումը

 

Առաջին հերթին, անհրաժեշտ է ազատվել ֆիզիկական և հուզական լարվածությունից, կարգավորել հանգիստը, գիշերային քունը (7 ժամից ոչ պակաս), ապահովել նաև ցերեկային, 10-20 րոպեով կարճատև քուն, զբոսանք մաքուր օդում:

 

Պետք է սովորել չդժգոհել ո՛չ սեփական անձից, ո՛չ շրջապատից և իրավիճակներից, խուսափել սթրեսներից, տխրության զգացումից:

 

Եթե առկա է ՔՀՀ, արգելվում են անառողջ սննդակարգերը: Անհրաժեշտ է առողջ, լիարժեք սննդակարգ (բավարար վիտամիններ, հանքային նյութեր պարունակող սնունդ):

 

Օգնում են մերսումը, մարզումները: Ամեն օր պետք է մերսել վերջույթների մատները, մեջքը, ցավոտ հատվածները, ինչը կբարելավի արյան հոսքը` գլխուղեղ:

 

Եթե ախտանշանները արտահայտված են, օրակարգին պետք է ավելացնել բուժական այլ միջոցառումներ՝ ասեղնաբուժություն, ֆիզիոթերապիա, վիտամինային կոմպլեքսների ընդունում և այլն:

29.04.2022