«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Ինչու՞ է առաջանում միզաքարային հիվանդություն

Ինչու՞ է առաջանում միզաքարային հիվանդություն

Ինչու՞ է առաջանում միզաքարային հիվանդությունը: Ինչպե՞ս է այն դրսևորվում: Ինչպե՞ս բուժել և կանխարգելել: Միզաքարային հիվանդությունը (ՄՔՀ) բավականին տարածված է, որը բնորոշվում է երիկամներում և միզուղիներում քարերի ձևավորմամբ:

 

ՄՔՀ առաջացումը կարող է պայմանավորված լինել օրգանիզմում նյութափոխանակության խանգարմամբ, սննդակարգի առանձնահատկություններով, ինֆեկցիայի առկայությամբ, ինչպես նաև մեզի նորմալ հետհոսքի դժվարացումով` կապված վերին միզուղիների անատոմիական և ախտաբանական փոփոխություններով: Այլ հրահրող գործոնների թվում են ժառանգականությունը, հիպոդինամիան, օրգանիզմում վիտամինների անբավարարությունը` հատկապես A վիտամինի:

Կլինիկական պատկերը կախված է քարերի ձևից, չափերից, քանակից ու տեղակայումից: Հիվանդությունը սովորաբար դրսևորվում է ցավով, որը, որպես կանոն, տեղակայվում է գոտկատեղային հատվածում կամ որովայնում: Այն կարող է լինել նոպայաձև կամ մշտական: Հիվանդների մոտ հաճախ արձանագրվում է հեպատուրիա (մեզի մեջ արյուն): Երիկամներից հետհոսքի խանգարման դեպքում  տեղի է ունենում ավազանի լայնացում, որը կտրուկ խախտում է երիկամների գործառույթը և կարող է նպաստել պիելոնեֆրիտի առաջացմանը (երիկամային հյուսվածքի և ավազանի բորբոքում): ՄՔՀ լուրջ բարդություններից է երիկամային անբավարարությունը:

Հիվանդության տիպիկ նշան է երիկամային խիթը: Այն կապված է միզուղիներով քարի տեղաշարժման կամ միզարձակման խանգարման հետ: Երիկամային խիթի ժամանակ ցավը լինում է կտրուկ, այրող, տանջող: Հաճախ տեղակայվում է գոտկատեղում և տարածվում է դեպի միզածորան: Միզարձակումը հաճախացած է, ցավոտ: Ցավը կարող է ուղեկցվել սրտխառնոցով, փսխումով, մեթեորիզմով, ինչը քարի (քարերի) ատիպիկ տեղակայման դեպքում ախտորոշման դժվարություններ է առաջացնում: Ախտորոշիչ նշանակություն ունի արյան առկայությամբ մեզը կամ հեղուկի նստվածքում մեծ քանակությամբ էրիթրոցիտների առկայությունը:

Հիվանդության ընթացքը բազմակերպ է: Օրինակ, այն կարող է երկար ժամաակ ընթանալ առանց ախտանիշների: Լինում է նաև, որ հիվանդությունը պարբերաբար բնորոշվում է գոտկատեղում ոչ ուժեղ նվացող ցավով և մեզի մեջ տարբեր աղերի բյուրեղների առկայությամբ: Եթե ՄՔՀ առաջանում է միզուղիների ինֆեկցիայի ֆոնի վրա, ապա երիկամային խիթի նոպաներն ուղեկցվում են դողով, մարմնի բարձր ջերմությամբ և լեյկոցիտների մեծ քանակությամբ: Ճիշտ ախտորոշման համար բժիշկն արյան և մեզի հետազոտություններ է նշանակում: Բացի դրանից, հիվանդին ուղեգրում են կատարելու ՈՒՁՀ և համակարգչային շերտագրում, նաև երիկամների գործառույթների հատուկ հետազոտություն:

ՄՔՀ բուժումը լինում է պահպանողական և վիրահատական: Վիրահատական միջամտություն են կատարում այն դեպքում, եթե  թերապևտիկ բուժումն անարդյունավետ է:

Պահպանողական բուժումը ներառում է հակաբորբոքային թերապիա, երիկամային հեմոդինամիկայի կարգավորում, քարերի ձևավորմանը հանգեցնող մետաբոլիկ խանգարումների հայտնաբերում և բուժում: Հիվանդին նշանակվում է հակամանրէային, սպազմոլիտիկ, միզամուղ դեղորայք, ինչպես նաև դեղպատրաստուկներ, որոնք նվազեցնում են աղիներում աղերի ներծծումը և նպաստում են մեզի հետ դրանց դուրս բերմանը: Կարևոր դեր է խաղում սննդակարգը, որը կազելու համար հաշվի է առնվում քարերի բաղադրակազմը:

Օրինակ, ուրատների դեպքում, երբ քարերը ձևավորվում են միզաթթվի աղերից, հարկ է ժամանակավորապես հրաժարվել մսեղենից, ձկնեղենից և բուսական սննդակարգի անցնել: Պետք է նաև բացառել թունդ թեյն ու սուրճը և սովորականից շատ ջուր խմել, թույլատրվում են նաև կաթ ու կաթնամթերք, բուսական ապուրներ, շիլաներ, մեղր, մրգեր:

Օքսալատների դեպքում, երբ քարերը ձևավորվում են թրթնջկաթթվի աղերից, հարկ է սննդակարգից հանել թրթնջուկը, սպանախը,  հազարը, սահմանափակել ցիտրուսային մրգերի օգտագործումը: Օգտակար են կաղամբով պատրաստված ապուրը, ծաղկակաղամբը, հնդկացորենը, վարսակաձավարը, սև հացը, դդումը:

Ֆոսֆատների դեպքում, երբ քարերը ձևավորվում են ֆոսֆորաթթվի աղերից, սննդակարգում պետք է լինեն մսեղենը, ձկնեղենը, իսկ կաթն ու կաթնամթերքն այս դեպքում հարկ է սահմանափակել: Հանձնարարվում է նաև հատիկեղեն, մակարոն, ոչ թունդ թեյ և սուրճ, բանջարեղենից թույլատրվում է թրթնջուկը, սպանախը, բազուկը, կաղամբը, դդումը, վարունգն ու պոմիդորը, մրգերից` ելակը, լոռամրգին, կարմիր հաղարջը, ծիրանը, դեղձը, տանձը, խաղողը, թթու խնձորը, ինչպես նաև մասուրի հյութը: Սննդակարգի հետ պետք է նաև շատ հեղուկ խմել:

Միզաքարային հիվանդության բուժման համար խորհուրդ է տրվում նաև օգտվել բուսաբուժությունից: Օրինակ, արտահայտված հակասեպտիկ, միզամուղ և սպազմոլիտիկ ազդեցություն ունեն հետևյալ դեղաբուսային հավաքածուները.

  • Հապալասի տերևներ` 2 մաս, դաշտային ձիաձետ` 1 մաս, մեղվամուշկի ծաղիկներ` 1 մաս: Այս հավաքածուից վերցնել 1 ճաշի գդալ, ավելացնել 1 բաժակ ջուր, եփել մարմանդ կրակոի վրա 12-15 րոպե, թողնել հովանա, քամել: Խմել 1-ական բաժակ` առավոտյան նախաճաշի ժամանակ և երեկոյան:

  • Լորենու ծաղիկներ` 3 մաս, սև շամբուկի ծաղիկներ` 3 մաս, գիհու պտուղներ` 3 մաս, մասուր` 3 մաս, դաշտային ձիաձետ` 3 մաս, եղինջ` 1 մաս, դաղձ`1 մաս, ճահճային խնկեղեգի վերնարմատ` 1 մաս: Այս հավաքածուից վերցնել 1 ճաշի գդալ, ավելացնել 1 բաժակ ջուր, եփել մարմանդ կրակով 12-15 րոպե, թողնել հովանա, քամել: Խմել 1-ական բաժակ` առավոտյան նախաճաշի ժամանակ և երեկոյան:


Ժողովրդական բաղադրատոմս

Երիկամային խիթի դեպքում արդյունավետ է և հակաբորբոքային ազդեցություն ունի հետևյալ թուրմը.

  • սրոհունդ` 1 մաս, կանթեղախոտ` 1 մաս, ուրց` 1 մաս: Այս հավաքածուից վերցնել 3-4 ճաշի գդալ, ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել, քամել: Խմել 1/4-ական բաժակ, օրական 3-4 անգամ, ուտելուց հետո:


ՄՔՀ կանխարգելելու համար ավանդական բժշկությունն առաջարկում է բողկի հյութը` մեղրով: Բողկի մեջտեղում պետք է դանակով փոս անել ու մեջը մեղր լցնել, հետո թողնել տաք տեղում 3-4 ժամ: Այդ ընթացքում բողկի հյութը արտազատվում է: Հյութն ու մեղրը լցնել հերմետիկ փակվող տարայի մեջ և խմել օրական 2-3 անգամ 1/3-ական բաժակ:

12.06.2017