«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Հաճախասրտություն

Հաճախասրտություն

Հաճախասրտությունը՝ տախիկարդիան, սրտային ռիթմի տարածված խանգարում է, նրա հաճախացումը /հաճախ մեկ րոպեում 90-ից ավելի սրտի կծկումներով/:

 

Այն ախտանշան է, որը լինում է ֆիզիկական, հոգեբանական լարվածության կամ որևէ հիվանդության ժամանակ և՛ առողջ, և՛ հիվանդ մարդկանց մոտ:

 

Պատճառները

 

  • Անսովոր կամ բարձր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը,
  • Ուժեղ սթրեսը,
  • Բարձր ջերմաստիճանը, տոթը,
  • Սուրճի կամ այլ էներգետիկ ըմպելիքների չարաշահումը,
  • Դիրքի կտրուկ փոփոխությունը:

 

Այս բոլոր դեպքերում վիճակն արագ կարգավորվում է, և բուժառուն իրեն առանձնապես վատ չի զգում:

 

Այլ բան է, երբ հաճախասրտության պատճառը լուրջ հիվանդությունն է.

 

  • Զարկերակային հիպերտենզիան
  • Սրտի արատը
  • Կարդիոսկլերոզը
  • Սրտամկանի ինֆարկտը
  • Տենդը վարակի ֆոնի վրա
  • Գլխուղեղի որոշ ախտաբանություններ

 

Հաճախասրտության ախտանշանները․

 

  • Սրտում ռիթմի ընդհատումները, երբ ֆիզիկապես զգացվում է, որ ասես սիրտը ներս է ընկնում,
  • Հևոց սովորական իրավիճակներում, օրինակ, թեթև ֆիզիկական աշխատանքից,
  • Ցավի առկայությունը,
  • Ուշագնացությունը, դրան մոտ վիճակը կամ գլխապտույտը:

 

Առիթմիան լինում է թեթև և կարճատև, բայց կարող է նաև տևել երկար:

 

Հաճախասրտության վտանգավորությունը

 

Առողջ մարդու մոտ այն վտանգավոր չէ, իսկ հիվանդների մոտ կարող է շատ վտանգավոր լինել:


Այն հղի է բարդություններով.

 

  • Սրտային անբավարարության զարգացում,
  • Գիտակցության կորուստ,
  • Թրոմբների առաջացման վտանգի բարձրացում,
  • Սրտային նոպաներ,
  • Ինսուլտի զարգացում։

 

Երբեմն հաճախասրտությունը դիտվում է դեռահասների մոտ, երբ օրգանիզմի աճը խիստ ակտիվ է, բայց ոչ բոլոր օրգան-համակարգերն են հասցնում այդ տեմպին: Սովորաբար դա ժամանակի ընթացքում անցնում է:


Ախտորոշումը

 

Անհրաժեշտ է դիմել սրտաբանի, առիթմոլոգի, որոնք անհրաժեշտության դեպքում կուղարկեն համապատասխան մասնագետների մոտ:

 

Անամնեզի հավաքումից հետո կատարվում են մի քանի հետազոտություններ՝ էլեկտրասրտագրություն /ԷՍԳ/, ԷՍԳ ըստ Հոլտերի, էխոսրտագրություն, էլեկտրոֆիզիոլոգիական հետազոտություններ, որոնք նշանակվում են միայն կոնկրետ հիվանդությունների դեպքում:

 

Իրականացվում են նաև օրգանիզմի ընդհանուր վիճակի հետազոտություններ: Երբեմն արվում են նաև հորմոնալ, ՄՌՏ և այլ հետազոտություններ:

 

Մոտեցումներն անհատական են։

 

Բուժումը

 

Բուժումը բաժանվում է երկու մասի՝ դեղորայքային և վիրահատական:

 

Դեղերից առաջին հերթին օգտագործվում են սրտի ռիթմը կարգավորող դեղեր, որոնք պետք է ընդունել բացառապես բժշկի նշանակմամբ: Նշանակվում են նաև հանգստացնող դեղամիջոցներ՝ դեղորայքային կամ բուսական: Դրանք դրական ազդեցություն են ունենում, եթե պատճառը սթրեսն է:

 

Բուժման առանցքային մեթոդը վիրահատականն է. տվյալ խնդրից կախված առաջարկվում է ռադիոհաճախական կաթետերային աբլացիա, արհեստական կարդիոստիմուլյատոր, որոշակի գեղձի կամ նրա հատվածի հեռացում: Այս միջոցներն օգտագործվում են, եթե առկա են սրտի կառուցվածքա-գործառույթային փոփոխություններ կամ հորմոնալ խանգարումներ:

 

Եթե առիթմիայի պատճառ են հանդիսանում որոշ հիվանդություները /անեմիա, լեյկեմիա և այլն/, ապա բուժումն ուղղված է հիմնական հիվանդության դեմ:

 

Առաջին օգնությունը տան պայմաններում։

 

Առիթմիայի դեպքում պետք է հիվանդին ապահովել լիարժեք հանգիստ, բացել պատուհանները, տալ թույլ հանգստացնող միջոցներ:

 

Օգնում է նաև շնչառության վերահսկումը՝ խորը ներշնչել, պահել շնչառությունը, ապա դանդաղ արտաշնչել:

 

Ճակատին կամ դեմքին կարելի է դնել սառը թրջոց կամ պարզապես լվանալ սառը ջրով: Երբեմն այս միջոցառումները բավական են լինում սրտի ռիթմը կարգավորելու համար: Եթե վիճակը չի կարգավորվում, անհրաժեշտ է շտապօգնություն կանչել:

 

Կանխարգելումը

 

Անհրաժեշտ է վարել առողջ ապրելակերպ.

 

  • ճիշտ սնվել, բացառել ճարպոտ, քաղցր, դժվարամարս սնունդը,
  • վերահսկել վիտամինների և հանքային աղերի քանակն օրգանիզմում,
  • ակտիվ կյանք վարել, մարզվել,
  • խուսափել հոգեբանական լարվածությունից։

 

07.10.2022