«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Ինչպես կանգնեցնել արյունահոսությունը

Ինչպես կանգնեցնել արյունահոսությունը

Արյունահոսությունը անոթների կամ մազանոթների վնասման արդյունք է: Արյունն ունի մակարդվելու հատկություն, որն օգնում է արյունահոսության դադարեցմանը: Որպես կանոն, արյան մակարդելիությունը հնարավորություն է տալիս կանգնեցնել միայն աննշան արյունահոսությունը փոքր անոթներից և մազանոթներից: Սակայն կան հիվանդություններ, որոնց դեպքում արյան մակարդելիությունը նվազում է և կյանքի համար վտանգ է առաջանում, եթե ժամանակին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկվեն:

Արյունահոսության տեսակները

Մազանոթային արյունահոսություն: Նման տեսակին բոլորն են ծանոթ: Մազանոթային արյունահոսության ժամանակ ընդամենը մի քանի կաթիլ արյուն կարող է հոսել:

Երակային արյունահոսություն: Սա արդեն վտանգավոր է, քանի որ լինում է խորը վերքերի դեպքում, երբ վնասվում են երակները: Այս դեպքում արյունը մուգ կարմիր գույն է ունենում:

Զարկերակային արյունահոսություն: Արյունը շատրվանի պես է հոսում, քանի որ զարկերակներում արյան հոսքն առավել քան արագ է. արյունը վառ կարմիր գույն ունի:

Խառը տեսակի արյունահոսություն: Անվանումից արդեն պարզ է, որ առկա է և´ երակային, և´ զարկերակային արյունահոսություն:

Մազանոթային արյունահոսության ժամանակ արյան հոսքը կանգնեցնելու համար անհրաժեշտ է ընդամենը վերքի շուրջբոլորը մաքրել ջրածնի գերօքսիդով և վերքի վրա մանրէազերծ վիրակապ դնել: Կարևոր է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի պատահական կտոր դնել, քանի որ դրանց վրա շատ են վնասակար մանրէները և վարակի վտանգը մեծ է:

Երակային արյունահոսության դեպքում արյան հոսքը կանգնեցնելը համեմատաբար բարդ է: Ինչպես դպրոցում սովորեցրել են, նման արյունահոսության դեպքում անհրաժեշտ է ճնշող վիրակապ դնել, իսկ արյան հոսքը կանգնեցնելը մոտավորապես նույն կերպ է կատարվում. մաքրում են վերքի շուրջբոլորը, վրան դնում մանրէազերծ վիրակապ և պինդ վիրակապում, որը ճնշելով վերքին` արգելակում է արյան հոսքը:

Եթե ձեռքի տակ ոչինչ չկա ճնշող վիրակապ դնելու համար, կարելի է, օրինակ, թաշկինակ օգտագործել` պինդ սեղմել վերքին և բաց չթողնել: Ձեռքի վերքերի դեպքում պետք է ձեռքը գլխից վերև բարձրացնել, ինչը կնպաստի արյունահոսության դադարեցմանը:

Զարկերակային արյունահոսությունը դադարեցնելն առավել դժվար է: Այս դեպքում արդեն պետք է ձեռքի տակ լարան ունենալ, ինչպես նաև ճնշող վիրակապ: Լարանը կապում են վերքից վերև` կարճ ժամանակով կանգնեցնելու վերքից եկող արյան հոսքը: Հենց որ արյունահոսությունը դադարում է, անմիջապես ճնշող վիրակապ են դնում և լարանը հանում են: Լարանը երկար ժամանակ պահել չի կարելի:

 

Կան արյունահոսության այլ տեսակներ, օրինակ, քթից արյունահոսությունը կամ ատամը հեռացնելուց հետո արյունահոսությունը, ներխոռոչային արյունահոսությունները և այլն:

Քթից արյունահոսություն կարող են լինել տարբեր պատճառներով. հարված, ուժեղ փռշտոց, քթի ուժեղ մաքրում, երբեմն էլ քթից արյունահոսություն կարող է լինել գրիպի հետևանքով և այլն: Այս դեպքում անհրաժեշտ է պառկեցնել մեջքի վրա այնպես, որ գլուխը մի քիչ բարձր լինի: Քթարմատին, ինչպես նաև պարանոցի և սրտի հատվածում սառը թրջոց դնել: Հիվանդը չպետք է ոչ մի դեպքում քիթը ուժեղ մաքրի, իսկ եթե արյունն անցնում է ըմպանի մեջ, պետք է ոչ թե կուլ տալ, այլ` թքել: 

Եթե ատամն է հեռացվել, ապա ատամնաբույժը վերքի վրա խծուծ է դնում և պացիենտին խորհուրդ է տալիս ուժեղ կծել: Այս արյունահոսությունն անմիջապես չի դադարում, դրա համար ժամանակ է պետք: Արյունը ներծծած խծուծի փոխարեն պետք է դնել նորը` մի քանի տակ ծալված վիրակապի կտոր: Այն պետք է այնքան պահել, մինչև արյունահոսությունը դադարի: 

Հաճախ հանդիպող արյունահոսություններից է ականջից արյունահոսությունը: Այն կանգնեցնելու համար մարդուն պառկեցնում են առողջ ականջի կողմի վրա` գլուխը մի քիչ բարձրացնելով: Արյունահոսող ականջի վրա մանրէազերծ վիրակապ են դնում և գլխով փաթաթում:

 

Ականջի արյունահոսության դեպքում արգելվում է լվանալ ականջը:

Կան նաև առավել բարդ և վտանգավոր տեսակների արյունահոսություններ: Օրինակ` թոքային արյունահոսությունը: Դրա պատռճառը կարող է լինել հարվածը, մեկ կամ մի քանի կողոսկրերի կոտրվածքը, ինչպես նաև մի շարք հիվանդություններ, օրինակ, տուբերկուլոզը: Նման արյունահոսության ախտանշաններից է շնչարգելությունը և արյունախխումը: Նման դեպքում նախքան բժշկական օգնության հասնելը պետք է հիվանդին կիսանստած դիրքով պահել և կրծքավանդակին սառը թրջոց կամ սառույց դնել: Պետք է թույլ չտալ նաև հիվանդին խոսել, առավել ևս` շարժվել: 

Ընդհանրապես, ցանկացած տեսակի արյունահոսության դեպքում, բացի մազանոթայինից, պետք է դիմել բժշկի: Եթե նույնիսկ հաջողվել է կանգնեցնել արյունահոսությունը, միևնույնն է, պետք է շտապ օգնություն կանչել, կամ դիմել մոտակա հիվանդանոց: Արյունահոսությունը կանգնեցնելն առաջին քայլն է, հետո պետք է պարզել պատճառները և համապատասխան բուժում ստանալ: Մասնագիտական օգնությունը կարող է շտկել նաև առաջին օգնության ժամանակ թույլ տրված անճշտությունները:

10.07.2017