«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Սուր բրոնխիտ

Սուր բրոնխիտ

Ախտանիշներն ու բուժումը: Սուր բրոնխիտը ստորին շնչառական ուղիների հիվանդություն է, որի դեպքում բորբոքվում է բրոնխների լորձաթաղանթը:

Սուր բրոնխիտի հարուցիչը կարող է լինել ինչպես մանրէային ֆլորան (պնևմակոկեր, ստրեպտակոկեր, ստաֆիլակոկեր), այնպես էլ վիրուսային ֆլորան (ադենավիրուսներ,  շնչառական սինտիցիալային վիրուսները):

Հաճախ սուր բրոնխիտի առաջացման համար միայն հարուցիչների առկայությունը բավական չէ (դրանցից շատերի հետ մարդկային օրգանիզմը գործնականում բախվում է ամեն օր), քանի որ տեղային կամ ընդհանուր իմունիտետը թուլացնող ևս մի քանի գործոններն են պահանջվում, դրանով իսկ պարարտ հող ստեղծելով սուր բրոնխիտ առաջացնող հարուցիչների բազմացման համար: Այդպիսի գործոններին են դասվում` ծխելը, ալկոհոլիզմը, աշխատանքի վտանգավոր պայմանները, թոքերի քրոնիկական հիվանդությունները, մրսածությունը, սրտային անբավարարությունը, հիպերտոնիկ հիվանդությունը, շաքարային դիաբետը, սրտի արատը, սրտամկանի դիստրոֆիան, ճառագայթումը, քիմիաթերապիան, ՄԻԱՎ-վարակը, ուռուցքաբանական հիվանդությունները և այլն:

Երեխաների մոտ սուր բրոնխիտ զարգանում է ավելի հաճախ, քան մեծահասակների մոտ, քանի որ երեխաները, մեծ կոլեկտիվներում (մանկապարտեզ, դպրոց) գտնվելով, ավելի շատ են հակված ՍՇՎ հիվանդություններին, որոնք էլ բարդանում են սուր բրոնխիտով:

Սուր բրոնխիտի ախտանիշները

Սուր բրոնխիտի  ախտանիշները բաժանվում են երկու խմբի` ընդհանուր և տեղային: Սուր բրոնխիտի ընդհանուր ախտանիշներն են` մարմնի չափավոր արտահայտված ջերմաստիճանը, բարձր հոգնելիությունը, թուլությունը, ախորժակի իջեցումը: Սուր բրոնխիտի տեղային ախտանիշներն են` չոր հազը (հիվանդության սկզբում) կամ խորխով հազը (չոր հազից մի քանի օր հետո):

Թաց հազի դեպքում խորխը կարող է լինել լորձային կամ լորձա-թարախային: Սուր բրոնխիտի դեպքում լաբորատոր հետազոտություններն այնքան էլ փոփոխված չեն: Այսպես, օրինակ, արյան ընդհանուր հետազոտության մեջ նշվում է լեյկոտիցոզ` ի հաշիվ նեյտրոֆիլերի մեծացման, լեյկոֆորմուլայի տեղաշարժ դեպի ձախ կողմ, բարձրացած ԷՆԱ (էրիթրոցիտների նստեցման արագությունը):

Սուր բրոնխիտի բուժումը

Սուր բրոնխիտի բուժումը, ինչպես մի շարք հիվանդությունների դեպքում, բաժանվում է երեք խմբի` էթիոտրոպային (ընդդեմ հիվանդության հարուցչի), ախտածնային (հիվանդության զարգացման մեխանիզմների վրա ազդեցությունը) և ախտանշանային (առաջացած ախտանիշների դեմ պայքար):

Սուր բրոնխիտի դեպքում ախտանշանային բուժումն ուղղված է չոր հազի նվազեցմանը, հակահազային պատրաստուկների (սինեկոդ, լիբեկսին, ստոպտուսին, կադելակ, տերպինկոդ և այլն) ընդունման և թաց հազի դեպքում, խորխի դուրսբերման թեթևացման, խորխաբեր պատրաստուկների (լազոլվան, ԱՑՑ, մուկալտին, բրոբգեկսին և այլն) ընդունման ճանապարհով: Մարմնի արտահայտված բարձր ջերմաստիճանի դեպքում նշանակվում են ջերմիջեցնող, ոչ ստերիոդ հակաբորբոքային պատրաստուկներ` պարացետամոլ, իբուպրոֆեն, ասպիրին, անալգին և այլն: Թունավորման ախտանիշների նվազեցման համար հանձնարարվում է նաև առատ հեղուկ (օրական մինչև 2-2,5 լիտր):

Քանի որ սուր բրոնխիտը հաճախ  առաջանում է թուլացած իմունիտետի պատկերի վրա, ապա անհրաժեշտ է իմունային համակարգը բարձրացնող պատրաստուկներ ընդունել` իմունալ, վիֆերոն, գենֆերոն և այլն: Իմունային պատասխանը բարձրացնելուն օգնում է նաև A, E, C վիտամինների ընդունումը:

Էթիոտրոպային բուժումը պայմանավորված է այն բանով, թե որ հարուցիչն է հրահրել սուր բրոնխիտ: Դրա համար խորխի ցանք է վերցվում: Եվ, քանի դեռ ցանքը հետազոտվում է, կամ, եթե խորխի ցանք ինչ-որ պատճառով չի վերցվել, ապա նշանակվում է էմպիրիկ բուժում:

Եթե թունավորման ախտանիշները չափավոր են արտահայտված, արյան ընդհանուր հետազոտության մեջ լեյկոցիտներ չկան (կամ աննշան են) և ԷՆԱ-ն բարձր արտահայտված չէ, իսկ խորխը լորձային բնույթ ունի, ապա այս դեպքում առկա է սուր բրոնխիտի մանրէային պատճառագիտություն: Սուր բրոնխիտի դեպքում վիրուսային պատճառագիտության էթիոտրոպային բուժումը պահանջում է հակամանրէային պատրաստուկների նշանակում` ռեմանտադին, վիֆերոն, գենֆերոն, արբիդոլ և այլն:

Եթե թունավորման ախտանիշները նշանակալի են արտահայտված, արյան ընդհանուր հետազոտության մեջ առկա է արտահայտված լեյկոցիտոզ` լեյկոֆորմուլայի ձախ տեղաշարժով, ԷՆԱ-ն մեծացած է, նաև խորխը լորձա-թարախային կամ թարախային բնույթի է, ապա  գործ ունենք  մանրէային ֆլորայի հետ և էթիոտրոպային բուժման համար պահանջվում է հակաբիոտիկների նշանակում:

Եթե սուր բրոնխիտը չբուժվի, ապա դրա հաճախակի կրկնվելը կարող է հանգեցնել քրոնիկական բրոնխիտի փոխակերպման, իսկ հետո նաև քրոնիկական օբստրուկտիվ բրոնխիտի, որի բուժումն ավելի դժվար է, քան սուր բրոնխիտինը:

26.06.2017