«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Քրոնիկ հոգնածության համախտանիշը որպես հիվանդություն

Քրոնիկ հոգնածության համախտանիշը որպես հիվանդություն

Այս հիվանդությանը թե՛ մերօրյա քաղաքակրթության հետևանք և թե՛ տեխնիկական առաջընթացի տխրահռչակ ''ձեռքբերում'' են անվանում։ Այն սկսվում է աննկատ, զարգանում աստիճանաբար և դժվարությամբ է ախտորոշվում ու բուժվում։

Տվյալ հիվանդությամբ կարող են հիվանդանալ բոլորը` անկախ իրենց սոցիալական վիճակից, կրթության մակարդակից և եկամուտի աստիճանից։ Այսօր այդ հիվանդությամբ տառապում են բոլոր այն մարդիկ, ովքեր ծանր և հոգնեցուցիչ աշխատանքի են լծված, հատկապես ոչ բարենպաստ էկոլոգիական պայմաններում։ Այս հիվանդությունը անվանում են քրոնիկ հոգնածության համախտանիշ (ՔՀՀ) կամ ''Ֆատիգ'' համախտանիշ (ֆրանսերեն` fatigue - հոգնածություն, թուլություն բառից)։ Այս հոգեվիճակը կոչվում է նաև ''ակտիվ մարդկանց'' հիվանդություն:

Համախտանիշ, որը գալիս է Տահո լճից...

1984 թ. գեղատեսիլ Տահո լճի ափին տեղակայված փոքրիկ մի քաղաքում` Ինկլայն-Վիլլիջում (ԱՄՆ), տարօրինակ մի հիվանդության համաճարակ բռնկվեց։ Տեղայնքը միշտ հայտնի է եղել իր գեղեցկությամբ և մինչ օրս Միացյալ Նահանգների ունևոր ընտանիքների երիտասարդների հանգստի նախընտրած վայրն է։ Ու հանկարծ մի օր Ինկլայն-Վիլլիջում հանգստացող երիտասարդները սկսում են գանգատվել գերհոգնածությունից, ֆիզիկական հյուծվածությունից, դեպրեսիվ վիճակից և գլխացավից։ Տեղական բժիշկ Պոլ Չեյնիին վերոնշյալ ախտանշաններով տառապող ավելի քան 200 երտասարդներ դիմեցին։ Զարմանալին այն էր, որ ո՛չ բժիշկ Չեյնին, ո՛չ էլ նրա գործընկերները չկարողացան բացահայտել երիտասարդների գանգատներից բխող հիվանդության պատճառները։ Սկզբում բժիշկները ենթադրեցին, որ գործ ունեն մի նոր հիվանդության հետ, որը մինչ այդ բժշկությանը հայտնի չի եղել։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ նմանատիպ գանգատներով ուղեկցվող հիվանդության դեպքեր արձանագրված են եղել դեռևս նախորդ դարում, սակայն դրանք մասսայական բնույթ չեն կրել։

1918 թ. գիտնական Ս. Ժելլիֆֆը, խոսելով ''նևրասթենիա'' հիվանդության մասին, որն առաջանում էր գրիպից հետո, նշում է, որ վերջինս որոշ հիվանդների մոտ ավելի բարդ ընթացք էր ունենում։ Բժիշկ Ֆոն Էկոնոմոյի 1931թ. արված գրառություններում ևս առկա է այն ենթադրությունը, որ նման կարգի ախտանշանները պայմանավորված են հիվանդի տարած ինֆեկցիաներով։ Ահա թե ինչպես է մանրամասնում իրավիճակը բժիշկ Էկոնոմոն. ''Հիվանդները գանգատվում են գլխացավից, թուլությունից, լըքվածության տարօրինակ զգացողությունից, հիպոխոնդրիայից, ախորժակի բացակայությունից, դյուրագրգռվածությունից և անհանգըստությունից''։ Միայն տարիներ անց` Տահո լճի տեղայնքում բռնկված համաճարակից հետո, գիտնականները լրջությամբ հետաքրքրվեցին այդ տարօրինակ հիվանդությամբ և սկսեցին ուսումնասիրել այն։ 1988 թ. հիվանդությունը ստացավ ''քրոնիկ հոգնածության համախտանիշ'' (ՔՀՀ) անվանումը և ներգրավվեց գոյություն ունեցող հիվանդությունների ցանկում։ Համախտանիշի բնույթը բացահայտելու համար գիտնականները առաջ քաշեցին մի քանի տեսություններ, բայց այդպես էլ ընդհանուր եզրահանգման չեկան։

Ո՞վ է մեղավոր

Ըստ վերջերս արված հայտանագործությունների` ՔՀՀ ուղեկցվում է իմուն համակարգի դիսֆունկցիայով և երկրորդային իմունոդեֆիցիտի համախտանիշով։ Տեսություններից մեկի համաձայն` իմուն համակարգի թուլացմանը նպաստում են հերպեսի, շնչուղիների և ջրծաղիկի վիրուսները։ 1988 թ. ''ֆատիգ'' համախտանիշով տառապող հիվանդների մոտ բացահայտվեցին նաև այնպիսի վիրուսներ, որոնք ախտահարում էին T-լիմֆոցիտները, թուլացնում իմուն համակարգը և նպաստում քրոնիկ ինֆեկցիաների առաջացմանը։ Նման վիրուսները ախտահարում էին նաև կենտրոնական նյարդային համակարգի այն բաժինները, որոնք պատասխանատու են մարդու վարքի, զգայական ոլորտի, աշխատունակության և հիշողության համար։ Այդ վիրուսներից առաջացող պաթոլոգիաների բացահայտման ուղղությամբ մինչ օրս աշխատանքներ են տարվում Կալիֆորնիա նահանգի ՔՀՀ հետազոտական ինստիտուտում։ Ամեն դեպքում, այն փաստը, որ հիվանդությունը հազվադեպ է հանդիպում (սպորադիկ է) և համաճարակային ընթացք ունի, ինչ-որ առումով ապացուցում է ''վիրուսային'' տեսությունը։

Կա նաև մեկ այլ վարկած, ըստ որի, ՔՀՀ զարգացման համար հիմք են հանդիսանում նեյրոէնդոկրին խանգարումները (դեպրեսիայով հիվանդ մարդկանց մոտ դեռ վաղուց իմուն համակարգում փոփոխություններ են հայտնաբերվել)։

Գոյություն ունի նաև ՔՀՀ առաջացումը մեկնաբանող գենետիկ տեսություն։ Ռուս գիտնականները ենթադրում են, որ ՔՀՀ հիվանդները բնածին թույլ դիմադրողականություն և խոցելի նյարդային համակարգ ունեցող մարդիկ են։

Այնուամենայնիվ, բժիշկների մեծամասնությունը ՔՀՀ դիտարկում է որպես բազմագործոն հիվանդություն, որն առաջանում է ինֆեկցիաների, սթրեսի և էկոլոգիական աղետների հետևանքով։

ՀԱՄԱԽՏԱՆԻՇՆ ԻՐ ''ԴԵՄՔՆ'' ՈՒՆԻ

ՔՀՀ հիվանդները (հատկապես կանայք), հաճախ բավականին խոսուն արտաքին ունեն. դրանք ասթենիկ կազմվածքով գունատ մարդիկ են, որոնք հաճախ տառապում են մարսողական համակարգի տարաբնույթ քրոնիկ հիվանդություններով (գաստրիտ, կոլիտ, ենթաստամոքսային գեղձի բորբոքում և այլն)։ Առավել հաճախ ՔՀՀ հիվանդանում են աշխատունակ տարիքի մարդիկ (մոտավորապես 30 տարեկանից սկսած)։ Հիվանդների մոտ 2/3-ը նյութապես ապահովված և բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ են։ Ռիսկային խմբին են պատկանում նաև աշխատավայրում մշտապես սթրեսային իրավիճակների ենթարկվող անձինք։ ՔՀՀ առավել հաճախ զարգանում է մտավոր աշխատանքով զբաղվող և խիստ զգայուն կանանց մոտ (խոցելիություն, գերզգայունություն և այլն)։ Հարկ է նշել, որ ՔՀՀ հատուկ է նաև այն մարդկանց, ովքեր պահանջկոտ են սեփական անձի հանդեպ և պատասխանատվության բարձր զգացում ունեն։

''Ֆատիգ'' համախտանիշի կլինիկական արտահայտման սկիզբը հաճախ պայմանավորված է տարած հիվանդություններով (մրսածություն, անգինա, գրիպ), և հազվադեպ` ՔՀՀ նախորդած սթրեսով։ Այդ իսկ պատճառով նման մարդկանց բժիշկները գնահատում են որպես հետինֆեկցիոն կամ հետսթրեսային ասթենիայով տառապող հիվանդների և նշանակում են ընդհանուր կազդուրիչ ազդեցության բուժում։

Սակայն, որոշ ժամանակ անց, հիվանդության ախտանշանները առանց որևէ պատճառի ավելանում են, և եթե ժամանակին ՔՀՀ չի ախտորոշվում, և համապատասխան բուժում չի նշանակվում, այդժամ հիվանդությունն այնքան է զարգանում, որ մարդուն կատարյալ անաշխատունակ է դարձնում։

Հոգնածությունն ու մկանային թուլությունը, որոնք չեն նվազում նույնիսկ հանգստից հետո, ՔՀՀ հիմնական, բայց ոչ միակ ախտանշաններն են։ Հիվանդների մոտ նկատվում է հիշողության վատթարացում, ուշադրության կենտրոնացման թուլացում, դյուրագրգռություն, ասթենո-դեպրեսիվ վիճակ և քնի խանգարումներ։ Հիվանդները գանգատվում են նաև գլխացավից, ախորժակի բացակայությունից, հոդացավերից և անտարբերությունից։ Շատերն անամնեզում նշում են նաև մկանային ցավեր, երբեմն-երբեմն վրա հասնող դող, սուբֆեբրիլ ջերմություն (մինչև 37,5՛C), որը տևում է մի քանի շաբաթ, կամ նույնիսկ մի քանի ամիս։

ՀՀ հիվանդ մարդկանց մեծամասնության մոտ առաջանում է ալերգիա սննդամթերքի և դեղամիջոցների հանդեպ։ Հարկ է նշել, որ ՔՀՀ տառապող բոլոր մարդկանց մոտ նկատվում է ավշահանգույցների մեծացում և ցավոտություն։ Վերոնշյալ ախտանշանները կարող են հիմք հանդիսանալ ՔՀՀ ախտորոշելու համար այն դեպքում, երբ դրանք 6 ամսից ավելի են տևում, և հերքվել են բոլոր այն հիվանդությունները, որոնք ունեն նմանատիպ ախտանշաններ։

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՈՒԺՈՒՄ

Քանի դեռ ՔՀՀ առաջացման բուն պատճառները չեն բացահայտվել, վերջինիս բուժման արդյունավետ թերապիա մշակելը դժվար կլինի։ Սակայն չի նշանակում, որ այսօր բժիշկներն այդ հիվանդությունը չեն կարողանում բուժել։

Մեր օրերում ՔՀՀ բուժման ժամանակ բժիշկները շեշտը դնում են սիմպտոմատիկ բուժման վրա, որի նպատակն է նախ և առաջ բարելավել հիվանդի ընդհանուր վիճակը (վերականգնել հիշողությունը, ինքնազգացողությունը, քնի կարգավորումը և այլն)։ Այդ նպատակով հիվանդներին նշանակում են հոգեմետ դեղամիջոցների փոքր դեղաչափեր, ադապտոգեններ և վիտամիններ, ինչպես նաև հակավիրուսային դեղամիջոցեր։ Այս ամենից բացի` արդի բժշկության մեջ գոյություն ունեն նաև ՔՀՀ բուժման այլընտրանքային մեթոդներ։

ՔՀՀ ուսումնասիրությամբ զբաղվող ռուս գիտնականների մի խումբ մշակել և ստացել է բրոմանտամ և կեմանտան դեղամիջոցները, որոնց ազդեցությունը բավականին արդյունավետ է ֆատիգ համախտանիշի բուժման ժամանակ։ Ի դեպ, այս դեղանյութերի մասին տեղեկությունները երկար ժամանակ գաղտնի էին պահվում, քանի որ վերջիններս զգալիորեն բարձրացնում էին մարդու ֆիզիկական ակտիվությունն ու մտավոր գործունեությունը, ու մտավախություն կար, որ սպորտսմեններն, իմանալով այդ մասին, դրանք որպես դոպինգ կօգտագործեին։

Հետագայում գիտականորեն ապացուցվեց, որ բրոմանտամ և կեմանտան դեղամիջոցները, շնորհիվ իմուն համակարգը խթանելու հատկության, զգալիորեն բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը զանազան վիրուսների և բակտերիաների հանդեպ։ Սակայն պետք չէ կարծել, թե ՔՀՀ բուժումը սահմանափակվում է միայն այս երկու դեղամիջոցներով։ ՔՀՀ հիվանդ մարդուն կյանքի բնականոն հուն կարելի է վերադարձնել միայն համակցված թերապիայի միջոցով, որը ենթադրում է աշխատանքի և հանգստի կանոնավոր ռեժիմ, ճիշտ ընտրված սննդային թերապիա, բուժական ֆիզկուլտուրա, ինչպես նաև մերսում։ Կարևորն այն է, որ ՔՀՀ հիվանդն էլ ցանկություն ունենա այդ վիճակից դուրս գալու համար ինքն իրեն օգնել։

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

  • Եթե չեք ուզում, որ ձեզ մոտ ՔՀՀ առաջանա, աշխատե՛ք հավասարակշռության բերել ձեր ծանրաբեռնվածությունը։
  • Անդադար ''վերելքներ'' մի' փնտրեք և մի՛ փորձեք անել անհնարինը։
  • Սովորե՛ք գործունեության մի ձևից մեկ այլ ձևին անցնելուն և ձեր առջև գերխնդիրներ մի՛ դրեք։ Միևնույնն է` ձեր ծրագրած բոլոր գործերը ավարտին չեք կարող հասցնել և ձեր երազած դրամաչափին չեք տիրանա։ Կյանքում ամենակարևորը առողջությունն է, որը ոչ մի գումարով չեք գնի։


ՀԻՎԱՆԴՆԵՐԻ 90%-Ի ՄՈՏ ՔՀՀ ԱԽՏՈՐՈՇՎՈՒՄ Է ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ՀԻՎԱՆԴՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՍՊԱՌԵԼ Է ԻՐ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ։ ՔՀՀ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ (ԱՄՆ) ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ ''ՖԱՏԻԳ'' ՀԱՄԱԽՏԱՆԻՇՈՎ ՏԱՌԱՊՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 1,5 ՄԼՆ, ՈՐԸ ԿԱԶՄՈՒՄ Է ԵՐԿՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 0,6%-Ը։ ԵՆԹԱԴՐՎՈՒՄ Է, ՈՐ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՔՀՀ ԿԱԽՏՈՐՈՇՎԻ ՄՈԼՈՐԱԿԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 1,5 %-ի ՄՈՏ։ ՔՀՀ ԿԱՆԱՆՑ ՄՈՏ 2-3 ԱՆԳԱՄ ՀԱՃԱԽ Է ԱԽՏՈՐՈՇՎՈՒՄ, ՔԱՆ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՄՈՏ։ ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ 25-45-Ը, ՉՆԱՅԱԾ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԸ ԿԱՐՈՂ Է ԶԱՐԳԱՆԱԼ ՑԱՆԿԱՑԱԾ ՏԱՐԻՔՈՒՄ (ԱՅԴ ԹՎՈՒՄ ՆԱև ՄԱՆԿԱԿԱՆ ՏԱՐԻՔՈՒՄ)։

19.09.2017