«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Պացիենտների համար

Էկզեմայի տեսակները և բուժումը

Էկզեմայի տեսակները և բուժումը

Այս հիվանդության անվանումը ծագում է հունարեն eczeo` եռալ բառից։ Տվյալ հիվանդության դեպքում մաշկի վրա գոյանում են բազմաթիվ մանր բշտիկներ, որոնք եռացող ջրի պղպջակների նման պայթում են` առաջացնելով բորբոքային էքսուդատ։

Դեռևս XIX դարի առաջին կեսերին էկզեմաը դիտարկվում էր որպես ինքնուրույն հիվանդություն։ Մեր օրերում բժիշկները եկել են այն եզրահանգման, որ գոյություն ունեցող  մաշկային հիվանդությունների մոտ 40%-ն ինչ-որ ձևով առնչվում է էկզեմային։

ԵՐԲ ՄԱՇԿԸ "ԵՌՈՒՄ Է"

Գիտնականները մի կարևոր օրինաչափություն են բացահայտել. հիվանդների մեծամասնության մոտ, անկախ սեռից և տարիքից, նկատվում է հիվանդության արտահայտված սեզոնային բնույթ, և սրացումներն առավել հաճախ վրա են հասնում տարվա աշնանային և ձմեռային եղանակներին։ Էկզեմայով հիվանդ մարդիկ առավել զգայուն են զանազան ալերգեն գործոնների հանդեպ։ Հիվանդության ընթացքը կարող է բարդանալ մարսողական համակարգի` լեղապարկի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի խանգարումների դեպքում։

Սկզբնական փուլում կարմրած և այտուցված մաշկի մակերեսին տարբեր բնույթի ցաներ են առաջանում։ Սրանք վարդագույն հանգույցներ են, որոնք ագուցված են մեկը մյուսին։ Բշտիկների պայթելուց հետո մաշկի վրա գոյանում է խոնավ և հեղուկ արտամղող մակերես, որը հետագայում կեղևապատվում է և ճաքճքում։ Այս վիճակն ուղեկցվում է ուժեղ քորով։  Հիվանդները հաճախ քորում են մաշկը, որի արդյունքում վերջինս կոպտանում և  հաստանում է` դառնալով չոր և թեփոտ։ Քորելու արդյունքում վնասված մաշկն է'լ ավելի խոցելի է դառնում նույն հարուցիչի հանդեպ, և վերքի ապաքինման գործընթացը ձգձգվում է։

ԷԿԶԵՄԱՅԻ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ

Պայմանավորված հիվանդության հարուցիչով և տեղայնացմամբ` տարբերում են էկզեմայի հետևյալ տեսակները` բուն էկզեմա, մասնագիտական էկզեմա, սեբորեային էկզեմա, մանրէածին և սնկային ծագում ունեցող (միկոտիկ) էկզեմա։

Բուն էկզեման առաջանում է ալերգեն և սթրեսային գործոնների ազդեցությամբ։ Ցանը հիմնականում տեղակայվում է ձեռքերի դաստակներին, ոտնաթաթերին և դեմքին։

Մասնագիտական էկզեման զարգանում է աշխատանքային բնագավառում գրգիռ հարուցող նյութերի հետ շփման ժամանակ։

Սեբորեային էկզեման պայմանավորված է մաշկի ճարպագեղձերի գործունեության խաթարմամբ։ Ախտահարված օջախները տեղակայվում են դեմքի վրա, գլխի մազածածկույթին և ականջների ետևում։

Մանրէածին էկզեման առաջանում է միկրոօրգանիզմների կողմից մաշկի ախտահարման պարագայում։ Այն հիմնականում տեղակայվում է վարակված վերքերի շուրջ։

Սնկային ծագում ունեցող (միկոտիկ) էկզեման առաջանում է ոտքի և, հազվադեպ, ձեռքի մաշկի սնկային ախտահարման արդյունքում։ Այս պաթոլոգիային բնորոշ է ոտնաթաթի և սրունքի շրջանում օղակաձև օջախների առաջացումը։

ԷԿԶԵՄԱՅԻ ԲՈՒԺՈՒՄԸ

Էկզեմայի բուժման համար անհրաժեշտ է հիվանդին բազմակողմանի հետազոտության ենթարկել (իմունոլոգիական, ալերգոլոգիական և բիոքիմիական)։ Հաճախ անհրաժեշտություն է առաջանում նաև դիմելու հարակից բժիշկ-մասնագետների` էնդոկրինոլոգների, գաստրոէնետերոլոգների, նյարդահոգեբանների միջամտությանը։ Հիվանդության բուն պատճառն ու հարուցիչները բացահայտելու և համապատասխան բուժում նշանակելու համար առաջին հերթին ճիշտ կլինի մանրէակենսաբանական հետազոտություն անցկացնել։ Ըստ էության էկզեման օրգանիզմի ներքին պաթոլոգիայի արգասիք է, ինչպես նաև շրջակա միջավայրի բացասական ազդեցության հետևանքով առաջացող հիվանդություն։

Էկզեմայի դեղաբանական բուժումը պետք է համակցված լինի ինչպես ներքին ընդունման, այնպես էլ վնասված մաշկի մշակման արտաքին միջոցներով։ Բուժումը նշանակվում է` հաշվի առնելով հիվանդի տարիքը, սեռը, հիվանդության զարգացման պատկերը, նախկին բուժումների արդյունքները և դեղերի հանդեպ օրգանիզմի զգայունությունը։ Կարևոր է նաև, թե տվյալ պահին հիվանդությունը զարգացման որ փուլում է գտնվում։

Էկզեմայի բուժման համար անհրաժեշտ է հիվանդին բազմակողմանի հետազոտության ենթարկել (իմունոլոգիական, ալերգոլոգիական և բիոքիմիական)։ Հաճախ անհրաժեշտություն է առաջանում նաև հարակից բժշկական մասնագիտությունների` էնդոկրինոլոգների, գաստրոէնետերոլոգների, նյարդահոգեբանների  միջամտությանը դիմել։

Մաշկաբանության մեջ գոյություն ունի "ոսկե" կանոն. թացը թացով բուժի՛ր, չորը` չորով։ Ելնելով "նմանը նմանով բուժի՛ր" դասական սկզբունքից` արտահայտված թաց վերքերին սառը թրջոցներ պետք է դնել։ Նախապես համապատասխան սառը լուծույթի մեջ թրջած և քամած թանզիվե անձեռոցիկով ծածկում են մաշկի ախտահարված մասերը։

Անձեռոցիկները պետք է փոխել հինգ րոպեն մեկ` չթողնելով որ դրանք չորանան։ Թրջոցների համար կարելի է օգտագործել 2-3%-ոց բորաթթվի լուծույթ, 0,1%-ոց ռիվանոլի լուծույթ կամ  1-2%-ոց ռիզոցինի լուծույթ։

Անկախ անցկացվող բուժման` մաշկը չորությունից պաշտպանելու նպատակով ախտահարված օջախները պետք է մշակել A և E վիտամիններ և բուսական յուղեր պարունակող հիպոալերգեն քսուքներով և լոսյոններով։

Էկզեմայի բուժման նպատակով լայնորեն կիրառվում են արտաքին օգտագործման գլյուկոկորտիկոիդներ։ Ազդեցությունն առավել արդյունավետ է դառնում, երբ գլյուկոկորտիկոիդները զուգորդվում են հակաբակտերիալ միջոցների հետ։

Հարկ է նշել, որ էկզեմայի բուժման ժամանակ անհրաժեշտ է հիպոալերգեն սննդակարգ պահպանել։ Երեխաներին խորհուրդ է տրվում կերակրել հատուկ մշակման ենթարկված կերակրախյուսով։  Կարևոր նշանակություն ունի նաև քրոնիկ հիվանդությունների` ալերգիկ մաշկաբորբի, ոտնաթաթի միկոզի, միկրովնասվածքների, վարիկոզի, սրունքների տրոֆիկ խոցի և մարսողական համակարգի հիվանդությունների հետևողական բուժումը։

Դեղագործական արտադրության ժամանակակից մակարդակը թույլ է տալիս արդյունավետ կերպով բուժել այնպիսի տարածված և ծանր հիվանդություն, ինչպիսին էկզեման է, ինչպես նաև վերացնել վերջինիս ուղեկցող ախտաբանական վիճակները։

06.10.2017