«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Ցիստիտ

Ցիստիտ

Դժվար թե գտնվի այս տանջալից հիվանդությամբ գոնե մեկ անգամ չհիվանդացած կին. Կանանց 20%-ի մոտ այն լինում է տարին մեկ անգամ: Տղամարդկանց մոտ այս հիվանդությունը հանդիպում է 25 անգամ ավելի հազվադեպ, քան կանանց:

ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ցիստիտով (միզապարկի բորբոքում) հիվանդացած մարդը գիտի, որ հիվանդության դրսևորումներն այնպիսի անհարմարություններ են պատճառում, որոնք պարզապես հնարավոր չէ անտեսել։ Նման իրավիճակը դրդում է նույնիսկ ամենաթեթևամիտ հիվանդին անհապաղորեն սկսել բուժումը։

Ցիստիտին բնորոշ է հաճախակի և ցավագին միզումը։ Որպես կանոն, հիվանդի ընդհանուր վիճակը չի վատթարանում։ Միայն աննշան կարող է բարձրանալ մարմնի ջերմաստիճանը։ Մեզը սովորաբար դառնում է պղտոր, և նրանում կարող են հայտնվել արյան հետքեր։ Երբեմն ցիստիտն ուղեկցվում է ցայլքոսկրի վերին հատվածի և մեջքի ստորին մասի ցավերով։ Պետք չէ շփոթել ցիստիտը միզածորանների բորբոքման` ուրետրիտի հետ։ Ուրետրիտը դրսևորվում է միայն անհարմարության զգացողություններով, կամ միզելու ժամանակ սուր ցավով։ Այս հիվանդությունները հաճախ զուգակցվում են։

Ցիստիտը կարող է առաջանալ ամենատարբեր պատճառներով։ Այս հիվանդության արագ և արդյունավետ բուժման համար անհրաժեշտ է պարզել նրա ծագումնաբանական գործոնը, թեև, ինչպես փորձն է ցույց տալիս, դա միշտ չէ, որ հաջողվում է։

Պայմանականորեն ցիստիտը կարելի է բաժանել երկու խմբի` վարակիչ և ոչ վարակիչ։ Վերջինս կարող է ագրեսիվ քիմիական նյութերի ներգործման արդյունք լինել. օրինակ` փոքր կոնքի օրգանների ուռուցքների ռադիոթերապիայի ընթացքում միզապարկի ճառագայթման (ճառագայթային ցիստիտ) հետևանքով, բարձր դեղաչափերով դեղորայքի ընդունման (այսպես կոչված դեղորայքային ցիստիտ), կծու կերակուրների և ոգելից խմիչքների օգտագործման դեպքերում։ Պատշաճ բուժման բացակայության դեպքում մեծավմասամբ ոչ ինֆեկցիոն բորբոքային պրոցեսին միանում է ինֆեկցիան, որի հարուցիչներն են` բազմաթիվ միկրոօրգանիզմները, այդ թվում` աղիքային ցուպիկը, պրոթեյը, էնտերոկոկկերը, ստաֆիլոկոկկերը, ստրեպտոկոկկերը, խլամիդիան, միկոպլազման, ուրեապլազման և գոնոկոկկերը։ Այն փաստը, որ ցիստիտով հիվանդանում են հիմնականում կանայք, պայմանավորված է միզասեռական համակարգի կենսաբանական կառուցվածքի առանձնահատկություններով։ Կարճ ու լայն միզուկը մոտ է հեշտոցին և ուղիղ աղիքին, ինչը հաճախ նպաստում է պաթոգեն միկրոօրգանիզմների ներթափանցմանը միզապարկ։

Ինֆեկցիոն ցիստիտի առաջացմանը նպաստում են գերսառեցումը, անձնական հիգիենայի կանոններին չհետևելը, միզապարկից մեզի արտահոսման խանգարումը, դեֆլորացիան, հղիությունը, ծննդաբերությունը, սեռական օրգանների բորբոքումը։ Տղամարդկանց մոտ ցիստիտի առաջացումը կարող է պայմանավորված լինել շագանակագեղձի բորբոքումով, միզուկի նեղացումով, ադենոմայով, քարային հիվանդությունով, շագանակագեղձի քաղցկեղով և սեռական օրգանների այլ հիվանդություններով։

ՉՁԳՁԳԵԼ ԲՈՒԺՈՒՄԸ

Ըստ հիվանդության ընթացքի` տարբերում են սուր և քրոնիկ ցիստիտ։ Սուր ցիստիտն առաջանում է գերսառեցումից կամ այլ ագրեսիվ «ագենտի» անմիջական ազդեցությունից։ Սկսվում է հաճախամիզություն, միզելու ժամանակ ցավն ուժեղանում է և դառնում մշտական։ Միզապարկի լորձաթաղանթի վերականգնման բարձր կարողության շնորհիվ բորբոքային պրոցեսների մեծ մասն անցնում է առանց որևէ հետևանքի։ Այդ պատճառով սուր առաջնային ցիստիտի դեպքում կանխատեսումները բարեհաջող են։

Սակայն, եթե բուժումը ժամանակին չսկսվի, ցիստիտը կանցնի քրոնիկ ձևի։

Քրոնիկ ցիստիտն ընթանում է հաճախակի ախտադարձերով (ռեցիդիվներով)։ Այն դրսևորվում է այնպես, ինչպես սուր ցիստիտը, սակայն հիվանդության ախտանշաններն ավելի մեղմ են արտահայտված։ Միզապարկի քրոնիկ բորբոքման ժամանակ միկրոօրգանիզմները միզածորանի ավշային անոթներով` վերընթաց ճանապարհով, կարող են ներթափանցել երիկամներ և այնտեղ առաջացնել բորբոքային պրոցես։

Ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ, քրոնիկ ցիստիտի պատճառ կարող են դառնալ ուռուցքը, միզուղիների անանցանելիությունը, միզապարկի պալարախտը։ Այս դեպքում խոսքը վերաբերում է միզապարկի այլ ախտանիշներով պայմանանավորված երկրորդային հիվանդությանը։

Սուր ցիստիտի դեպքում հիվանդին նշանակում են անկողնային ռեժիմ։ Մեզի կոնցենտրացիան իջեցնելու և միզապարկից մանրէների, թարախի ու այլ ախտածին նյութերը դուրս հանելու նպատակով նշանակում են առատ հեղուկ (օրը 2-3 լ)։ Անհրաժեշտ է խիստ սննդակարգ պահպանել։ Խորհուրդ է տրվում օրաբաժնից հանել կծու ճաշատեսակները, աղածոները, սոուսները, համեմունքները, պահածոները, ոգելից խմիչքները։ Նախապատվությունը պետք է տալ բանջարեղենին, մրգերին, կաթնամթերքին։ Ջերմային միջոցառումներ նշանակվում են միայն ցիստիտի պատճառները հաստատելուց հետո, քանի որ, երբեմն` օրինակ մակրոհեմատուրիայի դեպքում, տաքությունը կուժեղացնի արյունահոսությունը։

Հիվանդության առաջին օրերին նշանակում են հակասեպտիկ, հակահիստամինային և ցավազրկող միջոցներ։ Սակայն ցիստիտի բուժման հիմնական սկզբունքը հակամանրէական ռացիոնալ թերապիան է։ Այդ պատճառով, սուր ցիստիտի ախտանիշների հայտնվելուն պես, անհրաժեշտ է անհապաղորեն անցկացնել մանրէաբանական ախտորոշում` ինֆեկցիոն «հարուցիչի» հայտնաբերման նպատակով։ Եթե այն հաստատված է, ապա որոշում են նրա զգայունությունը հակամանրէական դեղամիջոցների հանդեպ։

Ցիստիտի բուժման ընթացքում մանրէասպան դեղամիջոցների հետ մեկտեղ կիրառում են սուլֆանիլամիդային դեղամիջոցներ, նալիդիքսային թթու, նիտրոֆուրանտոին, ֆուրազիդին։ Վերջին ժամանակներս ազդեցության լայն շրջանակներ ունեցող ամենահաճախակի օգտագործվող սինթետիկ դեղամիջոցներից մեկն է լոմեֆլոքսատին հիդրոքլորիդը, որը հավասարապես արդյունավետ է և՛ սուր, և՛ քրոնիկ ցիստիտի դեպքում։

Քրոնիկ ցիստիտի դեպքում հիվանդության դրական ելքն ավելի քիչ հավանական է, քան սուր ցիստիտի դեպքում։ Բավարար արդյունքներ կարող են ստացվել միայն կոմպլեքս բուժումից և նախատրամադրող գործոնների (օրինակ` անընդհատ սառեցումը) վերացումից հետո։ Ինչպես սուր ցիստիտի դեպքում, այստեղ նույնպես բուժումը անց են կացնում հակամանրէական դեղամիջոցների հանդեպ միկրոֆլորայի զգայունությունը ստուգելուց հետո։ Կիրառում են նաև ֆիզիոթերապիա։ Քրոնիկ ցիստիտի բուժման ընթացքում պետք չէ անտեսել բուսաբույժների խորհուրդները։

ՀԱՃԱԽԱԿԻ ԱԽՏԱԴԱՐՁԵՐ

Չնայած այն հանգամանքին, որ պատշաճ թերապիայից հետո հիվանդների մեծամասնության մոտ միզուղիների բորբոքումը հեշտությամբ բուժվում է, ցիստիտը, այնուամենայնիվ, «նենգ» հիվանդություն է։ Այն կարող է հաճախակի ախտադարձեր տալ։ Նույնիսկ համապատասխան բուժման ավարտից մի քանի օր կամ շաբաթ անց ցիստիտը կարող է կրկնվել։ Ինչո՞ւ է դա տեղի ունենում։

Մանրէներն անընդհատ ընկնում են միզապարկ, սակայն դա ոչ միշտ է հանգեցնում ինֆեկցիայի զարգացմանը, քանի որ վերջիններս «լվացվում են» միզապարկից` ներքին մեխանիզմի գործունեության արդյունքում։ Հենց սա է միզապարկի պաշտպանական ֆունկցիաներից մեկը։ Սակայն որոշ կանանց մոտ միզապարկի բնական պաշտպանական մեխանիզմները թուլացած են։ Տեսություններից մեկի համաձայն` միզուղիների ինֆեկցիաներով տառապող մարդկանց մոտ ցիստիտի ախտադարձերի պատճառ կարող է լինել միզապարկի ոչ հաճախակի դատարկումը, քանի որ միզապարկի ներքին մակերևույթի պատերի կառուցվածքն այնպիսին է, որ մանրէները «կպչում» են վերջինիս և մեզի միջոցով դուրս չեն մղվում։ Մեզը միզապարկում երկար պահելը հանգեցնում է նրա չափից դուրս լցվելուն և միզապարկի մկանի թուլացմանը։ Արդյունքում միզապարկն աստիճանաբար «թուլանում» է և բավարար ուժով չի կծկվում` հավաքված մեզն արտամղելու համար։ Եթե միզապարկն ամբողջությամբ չի դատարկվում, նրանում անընդհատ առկա մանրէները մեծացնում են ինֆեկցիայի զարգացման վտանգը։

Ցիստիտի ախտադարձերի հատկապես հակված են տարեց կանայք, քանի որ տարիքի հետ միզապարկը կորցնում է առաձգականությունը և ամբողջությամբ չի դատարկվում։ Դաշտանադադարից (մենոպաուզայից) հետո ընկած ժամանակամիջոցում էսթրոգենի իջեցված մակարդակը նույնպես կարող է բացասաբար ազդել միզապարկի և միզուկի կենսագործունեության վրա։

ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ՑԻՍՏԻՏԻՑ

Մասնագետները համարում են, որ ինֆեկցիայից պաշտպանվելու լավագույն միջոցը միզապարկի լավ «լվացումն» է։ Դա անհրաժեշտ է, որպեսզի մանրէները չհասցնեն նրանում լավ «հիմնավորվել»։ Խորհուրդ է տրվում օրական 2 լ ջուր խմել։ Շոգ եղանակին օգտագործվող ջրի քանակն անհրաժեշտ է ավելացնել։ Միզապարկն անհրաժեշտ է պարբերաբար և ամբողջությամբ դատարկել։ Չի կարելի զուգարան գնալը հետաձգել մինչև այն պահը, երբ միզելու ցանկությունն արդեն «անտանելի է»։

Ցիստիտի առաջացմանը դրդող ամենատարածված և ամենահայտնի գործոններից է գերսառեցումը։

 

Եթե անտարբեր չեք թթու դրած բանջարեղենի հանդեպ, կերել եք շատ սուր համ ունեցող կամ տապակած սնունդ, ապա խորհուրդ է տրվում ուտելուց հետո խմել ջրի մեծ քանակություն, որպեսզի միզապարկի պատերը գրգռող նյութերը լինեն առավելագույն չափով «նոսրացված»։ Անթույլատրելի են երկարատև փորկապությունները, որոնք նույնպես նպաստում են ցիստիտի առաջացմանը։ Անհրաժեշտ է հետևել անձնական հիգիենայի կանոններին, խուսափել նեղ կամ սինթետիկ ներքնազգեստ կրելուց, իսկ դաշտանի ժամանակ հույժ կարևոր է հաճախակի փոխել հիգիենիկ տակդիրներն ու միջադիրները։ Պետք է նկատի ունենալ, որ միզուկի գրգռմանը և ինֆեկցիայի զարգացմանը կարող են նպաստել լոգանքի համար նախատեսված փրփուրներն ու բուրավետ օճառները։

Այս «ոչ խորամանկ» օրենքներին հետևելը կօգնի կանխելու ցիստիտը կամ խուսափելու առողջացումից հետո ախտադարձների հավանականությունից։

ՑԻՍՏԻՏԻ ԿԱՊԸ ՍԵՔՍԻ ՀԵՏ ԻՐ ԱՐՏԱՑՈԼՈՒՄՆ Է ԳՏԵԼ «ՄԵՂՐԱՄՍԻ ՑԻՍՏԻՏ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ։ ԴԱ ԿԱՊՎԱԾ Է ԱՅՆ ԲԱՆԻ ՀԵՏ, ՈՐ ՍԵՌԱԿԱՆ ԱԿՏԻ ԺԱՄԱՆԱԿ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄԱՆՐԷՆԵՐՆ ԸՆԿՆՈՒՄ ԵՆ ՄԻԶՈՒԿԻ ՄԵՋ։ ԲԱՑԻ ԱՅԴ, ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑՈՒՅՑ ԵՆ ՏՎԵԼ, ՈՐ ՈՐՈՇ ՀԱԿԱԲԵՂՄՆԱՎՈՐԻՉ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԽԹԱՆԵԼ ՑԻՍՏԻՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ։ ԱՅՍՊԵՍ՝ ՀԵՇՏՈՑԱՅԻՆ ԴԻԱՖՐԱԳՄԱ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԿԱՆԱՅՔ 2-4 ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻ ՀԱՃԱԽ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՒՄ ՑԻՍՏԻՏՈՎ։ ԴԻԱՖՐԱԳՄԱՅԻ ԶՍՊԱՆԱԿԱՎՈՐՎՈՂ ԵԶՐԱԿԸ ՃՆՇՈՒՄ Է ԳՈՐԾԱԴՐՈՒՄ ՄԻԶԱՊԱՐԿԻ ՎԶԻԿԻՆ, ՈՐՆ ՈՒՌՉԵԼՈՎ` ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ՄԵԶԻ ԱԶԱՏ ԱՆՑՄԱՆԸ, ԻՍԿ ԴԱ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԻՆՖԵԿՑԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ։

04.10.2017