Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Կերակրափող և ստամոքս
Կերակրափողը կամ որկորը (նկար Ա) փափուկ հյուսվածքներից կազմված նեղ, երկար (մոտ 25 սմ) խողովակ է, որով անցնում է կերակուրը ըմպանից մինչև ստամոքս: Այն սկսվելով ըմպանից պարանոցային ողների առջևով և շնչափողի հետին պատին հպվելով` իջնում է կրծքավանդակով ցած ողնաշարի առջևով, ծակում ստոծանին և նրա տակ լայնանալով` դառնում է ստամոքս:
Կերակրափողն ունի երեք նեղացումներ, որոնցից առաջինը գտնվում է սկզբնական մասում, երկրորդը` շնչափողի երկատման տեղում, երրորդը` ստոծանու միջով անցնելու օղում: Այստեղով կերակրափողի հետ կողք-կողքի, կրծքավանդակից որովայնի խոռոչ է իջնում նաև գլխավոր զարկերակը` աորտան:
Նկար Ա. Կերակրափող և ստամոքս
- ըմպան
- աորտայի աղեղ
- շնչափողի երկատում
- կերակրափող
- ստամոքսի հատակ
- ստամոքսի մարմին
- մեծ կորություն
- տասներկումատնյա աղիք
- փոքր կորություն
- ստոծանի
- աորտա
- բարակ աղիք
Նկար Բ. Կերակրափողի լայնակի կտրվածքը
- մկանային շերտ
- լորձաթաղանթ
- արտաքին շերտ
- ենթալորձային շերտ
Կերակրափողը պասիվ խողովակ չէ. այն իր պատի հիմնական հաստությունը կազմող մկանային շերտի (նկար Բ) ակտիվ կծկումների շնորհիվ կերակրագունդը մղում է դեպի ստամոքս: Նրա լորձաթաղանթը կազմված է բազմաթիվ երկայնաձիգ ծալքերից, որոնք կերակրագնդի անցման ժամանակ կերակրափողին լայնանալու հնարավորություն են տալիս:
Բերանի խոռոչում սննդանյութը մեխանիկական և քիմիական որոշակի փոփոխությունների ենթարկվելուց հետո անցնում է ստամոքս, մնում 6-8 ժամ, ապա, աստիճանաբար, առանձին բաժիններով անցնում 12-մատնյա աղիք:
Լինելով մարսողական խողովակի լայնացած մասը, ստամոքսը կատարում է նաև պահեստի դեր` իր մեջ կուտակելով մեծ քանակությամբ սննդանյութ: Այն գտնվում է որովայնի խոռոչի վերին մասում, ստոծանու ձախ գմբեթի տակ (նկար Ա): Առջևից նրան ծածկում են աջ կողմից` լյարդը, ձախից` կողերը: Ստամոքսի ձևը և տարողությունը փոփոխական են, կախված նրա լցվածության աստիճանից: Ստամոքսն ունի առաջային և հետին պատեր ու երկու եզրեր, որոնք կոչվում են կորություններ (նկար Ա և Գ), ինչպես նաև մուտք և ելք, որոնց միջին մասը ստամոքսի մարմինն է: Մուտքից դեպի վեր` մինչև ձախ գմբեթաձև մասը, կոչվում է հատակ կամ թաղ:
Նկար Գ. Ստամոքսի ներքին կառուցվածքը
- կերակրափողի ստամոքսային հատված
- ստամոքսի գագաթ
- հիմք
- մարմին
- մեծ կորություն
- փոքր կորություն
- ելքի սեղման
- լորձաթաղանթի ծալքեր
- 12-մատնյա աղիք
Նկար Դ. Ստամոքսի մկանային շերտերը
1, 2, 3. երկայնաձիգ մկաններ
4, 5, 6. շրջանաձև մկաններ
7. շեղ մկաններ
Կլինիկական տեսակետից մեծ նշանակություն ունի ռենտգենաբանական հետազոտությամբ ստամոքսի ձևի և դիրքի ուսումնասիրումը: Ուղղաձիգ դիրքով կանգնած մարդու ստամոքսը մեծ մասամբ լինում է կարթաձև, հազվադեպ նաև` եղջյուրաձև (հորիզոնական) ու գուլպայաձև (ուղղաձիգ դիրքով):
Ստամոքսը ներսից պատող լորձաթաղանթը նույնպես բազմաթիվ ծալքեր ունի: Այն ունի նաև այսպես կոչված ստամոքսային դաշտեր, որոնցում գտնվող փոսիկներում բացվում են ստամոքսահյութ արտադրող գեղձերը: Մարմնի ու հատակի շրջանում գտնվող գեղձերն արտադրում են աղաթթու և մարսողությանը նպաստող ֆերմենտներով հարուստ լորձ:
Ստամոքսի հարթ մկաններից կազմված մկանաշերտի թելերը տարբեր ուղղություններ ունեն (նկար Դ): Դրանք ապահովում են ստամոքսի տարատեսակ կծկումները: Օղակաձև մկանաթելերը ստամոքսաելքում հաստանալով, կազմում են ելքի սեղմանը (սֆինկտեր), իսկ լորձաթաղանթն առաջացնում է շրջանաձև ծալք, որը ստամոքսի ելքի փականն է: Սրանք ստամոքսաելքի անցքը փակ են պահում այնքան ժամանակ, մինչև ստամոքսում ավարտվում է մարսողության պրոցեսը:
Մարսողության ապահովման գործում կարևոր դեր է կատարում ստամոքսահյութը, որն անգույն, թափանցիկ, խիստ թթու ռեակցիայով հեղուկ է, պարունակում է մոտավորապես 0,5 տոկոս աղաթթու: Վերջինով ստեղծված թթվային միջավայրն ակտիվացնում է ֆերմենտների գործունեությունը, խթանում ստամոքսի կծկումները, ինչպես նաև ունենում մանրէասպան ներգործություն: Ստամոքսահյութում եղած ուժեղ ֆերմենտների (պեպսին, խիմոզին, գաստրիքսին, ռենին, լիպազա և այլն) ազդեցությամբ սպիտակուցներն ու ճարպերը տարրալուծվում և տրոհվում են ավելի փոքր մոլեկուլների:
Օրվա ընթացքում մարդու ստամոքսում արտադրվում է 1,5-2,5 լ ստամոքսահյութ: Նրա այդքան մեծ քանակության շնորհիվ կերակրանյութը վերածվում է ջրալի խյուսի: Դատարկ ստամոքսում սովորաբար հյութ չի արտադրվում: Հյութազատության բնույթը, հյութի քանակը և բաղադրությունը պայմանավորված են սննդի տեսակով, որակով ու չափով: Ամենաշատ ստամոքսահյութ արտադրվում է միսը, մսեղենը, ավելի քիչ` կաթը, կաթնամթերքը և ամենաքիչը` հացը մարսելու համար:
Սննդամթերքի բնույթի հետ կապված` ստամոքսում հյութազատության ժամանակի տևողությունը նույնպես տարբեր է լինում. օրինակ,
600 գ կաթի մարսման համար հյութազատության տևողությունը կազմում է 6 ժամ, 200 գ մսինը` 8, իսկ 200 գ հացինը` 10 ժամ: Ինչպես տեսնում ենք, ամենաերկարատև հյութազատությունը հացն է առաջացնում:
Հյութամղիչ ուժեղ ներգործությամբ աչքի են ընկնում հատկապես մսի և բանջարեղենի թուրմանյութերը, որոնք անջատվում են ջրում եռացնելիս: Դրա համար էլ մեծ է հեղուկ կերակրատեսակների նշանակությունը սննդամթերքի մարսման գործընթացում:
Ճարպեր ընդունելիս սկզբում ընկճվում է հյութազատությունը, նվազում թթվայնությունը, և առատ հյութարտադրություն է սկսվում միայն մի քանի ժամ հետո:
Ստամոքսահյութի արտազատումն սկսվում է ոչ միայն ուտելու ժամանակ, այլև ուտելիքը տեսնելիս ու հոտը զգալիս, դա պայմանական ոեֆլեքս է:
Ստամոքսում սննդամթերքի շաղախված խյուսը կծկումների շնորհիվ շարժվում է դեպի ստամոքսաելք: Երբ բացվում է վերջինիս սեղմանը, ստամոքսի պարունակությունն անցնում է 12-մատնյա աղիք, որտեղ միջավայրը հիմնային է: Սեղմանի բացվելն ու փակվելը կարգավորվում է քիմիական ու մեխանիկական մի շարք գործոններով, որոնցից ամենակարևորն աղաթթուն է:
Դատարկ ստամոքսը նույնպես պարբերաբար` 60-80 րոպեն մեկ կծկվում է, որը տևում է 10-15 րոպե: Ենթադրվում է, որ հենց այդ կծկումներն են քաղցի զգացում առաջացնում:
Ստամոքսի հիվանդություններից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները.
- սնվել ռեժիմով,
- ուտելիս չշտապել և ուտելիքը լավ ծամել,
- խուսափել երկար ժամանակ (6-8 ժամ) քաղցած մնալուց,
- կերակուրն ուտել գոլ վիճակում,
- ճաշելուց անմիջապես հետո (հատկապես, երբ սնունդը ճարպոտ է) սառը ջուր չխմել,
- չօգտագործել խիստ սառը խմիչքներ,
- խուսափել չափից ավելի կծու, թթու, այրող, աղի կերակրատեսակներ ու ոչ թարմ սննդամթերք ընդունելուց,
- հրաժարվել ստամոքսի լորձաթաղանթի վրա կործանարար ներգործություն ունեցող վատ սովորությունից` ծխելուց (հատկապես խոցային հիվանդության ժամանակ),
- քաղցած վիճակում սուրճ չխմել և ընդհանրապես այն չչարաշահել: