«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Մասնագետների համար

Կարդիայի ախալազիայի բուժման մեր փորձը

Կարդիայի ախալազիայի բուժման մեր փորձը

Կարդիայի ախալազիան առանձնանում է ցածր հիվանդացությամբ, էթիոպաթոգենեզի չպարզաբան­ված հարցերով և տարբեր բուժման մոտեցումներով: Կարդիայի ախալազիայի բուժման հիմնական մեթոդն է համարվում կարդիոդիլատացիան պնևմատիկ կարդիոդիլատատրով: Մի շարք դեպքերում կիրառվում է վիրահատական բուժում: Վերջին տարիներին նվա­զինվազիվ վիրաբուժության տարածման հետ կապ­ված լայնացվել են կարդիայի ախալազիայի վիրա­բուժական բուժման ցուցումները, առաջարկվում են վիրահատության տարբեր մեթոդներ:

Արմենիա ՀԲԿ վիրաբուժական կլինիկայում 1980 - 2008թթ բուժվել են կարդիայի ախալազիայով տառապող 112 հիվանդներ, որոնցից 57 տղամարդ և 55 կին: Հիվանդների տարիքը տատանվել է 15 - 96տ. -ի սահմաններում: Հիվանդության անամնեզը տատան­վում էր 5 ամսից մինչև 23 տարվա սահմաններում: Հիվանդների մոտ 30%-ը, առավելապես կանայք, նշում էին հիվանդության սկզբին նախորդող դիսսթրես, հոգեկան ապրումներ: Ըստ հիվանդության ստա­դի­աների (դասակարգում ըստ Բ.Վ. Պետրովսկու) բաշխումը հետևյալն էր` 1-ին ստադիա - 8 հիվանդ, 2-րդ ստադիա - 37 հիվանդ, 3-րդ ստադիա - 47 հիվանդ, 4-րդ ստադիա - 20 հիվանդ: Վիրահատվել են 14 հի­վանդ­ներ, որոնցից 3-ը` այլ կլինիկաներում:

Արմենիա ՀԲԿ վիրաբուժական կլինիկայում վիրահատված 11 հիվանդներից 4-ը տարել են առաջային կար­դի­ոմիոտոմիա ըստ Հելլերի առաջային մասնակի ֆունդոպլիկացիայով, 7-ը` էզոֆագոկարդիոգաստրո­պլաս­­տիկա ըստ Տալի: 2 դեպքերում ըստ Տալի վիրա­հա­տությունից և 4 դեպքերում առաջային մասնակի ֆունդոպլիկացիայով Հելլերի կարդիոմիոտոմիայից հետո զարգացել է միջամտության հատվածի նեղա­ցում, որի կապակցությամբ կատարվել է կար­դիո­դիլատացիա: Նշված 6 հիվանդներից մեկը կարդիո­դի­լա­տացիայից 2 տարի անց կրկին դիմել է կլինիկա դիսֆագիայի կապակցությամբ, անցկացվել է կարդիո­դի­լատացիայի ևս մեկ կուրս, որից հետո դիտվել է կարդիայի անցանելիության կայուն լավացում:

98 հիվանդներ տարել էն կարդիոդիլատացիա պնևմատիկ կարդիոդիլատատրով: Անցկացվել են յուրաքանչյուր հիվանդի մոտ 5 - 6 դիլատացիաներ, յուրաքանչյուրի տևողությունը` մինչև 60 վրկ., ճնշումը բալոնում` մինչև 300մմ. սնդ. սյան: 3 հիվանդների մոտ դիլատացիան կատարվել է էզոֆագոսկոպի հսկողության տակ` էզոֆագոսկոպին կապված դիլատատորի միջոցով: 5 հիվանդների մոտ դիլատացիան կատարվել է պրոպաֆոլով (Դիպրիվան) կարճատև ն/ե անզգա­յաց­ման տակ:

Այն դեպքերում, երբ դիլատատորի անցումը կարդիայով հանդիպել է դժվարությունների, կա­տարվել է զոնդի ամրացում մերաղական ձողով: Դիլա­տացիայի հետ կապված բարդություներ չեն դիտվել: Հեռակա արդյունքներին հետևել էնք 67 հիվանդների մոտ: 7 հիվանդների մոտ դիտվել է դիսֆագիայի ռեցիդիվ, որոնցից մեկի մոտ` կրկնակի ռեցիդիվ: Բոլոր հիվանդները հրաժարվել են վիրահա­տությունից, կատարվել են կարդիոդիլատացիաներ կայուն դրական արդյունքով:


Այսպիսով, կարդիայի ախալազիայի (կարդի­ո­սպազմ) բուժման հիմնական մեթոդը մնում է կարդիո­դի­լա­տացիան: Կարդիոդիլատացիայի անհնա­րինու­թյան դեպքում կատարվել են Տալի վիրահատությունը և առաջային կարդիոմիոտոմիան առաջային մասնա­կի ֆունդոպլիկացիայով: Վերջին մեթոդի լապարաս­կո­պիկ իրականացումը զգալիորեն կնվազեցնի վիրահա­տական տրավման և կապահովի լավ հետվիրա­հա­տական արդյունքներ:

 

Հեղինակ. Վ.Թ. Ափոյան, Ս.Ա. Ստեփանյան, Ս.Գ. Պողոսյան, Խ.Տ. Էյրամջյան, Վ.Հ. Մխիթարյան, Ս.Շ. Պողոսյան, Ա.Տ. Ավետիսյան, Վ.Մ. Հակոբյան, Լ.Վ. Զանադվորով, Արմենիա ԲԿ, վիրաբուժական կլինիկա ԵրՊԲՀ, վիրաբուժության թիվ 2 ամբիոն

Սկզբնաղբյուր. Գիտա - գործնական Բժշկական Հանդես



19.01.2018