«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Մասնագետների համար

Միզապարկի փոփոխականբջջային քաղցկեղի տարբերակման աստիճանի և քաղցկեղային բջիջներում HER2 գենի ամպլիֆիկացիայի միջև առկա կապը

Միզապարկի փոփոխականբջջային քաղցկեղի տարբերակման աստիճանի և քաղցկեղային բջիջներում HER2 գենի ամպլիֆիկացիայի միջև առկա կապը

Դաբաղյան Վ.Ռ.
ԵՊԲՀ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոն
Բանալի բառեր- HER2 գեն, im situ հիբրիդացոում, միզապարկի քաղցկեղ

 

Ներածություն: Ներկայումս չարորակ նորագոյաթությունների կարևորագույն բնորոշիչներից է հանդիսանում ոչ միայն հիվանդության ստադիան և մորֆոլոգիական տարատեսակը, այլ նաև գենետիկական նկարագիրը: Լավ հայտնի է, որ միևնույն տարբերակման աստիճան ունեցող և կլինիկական նույն ստադիայում գտնվող ուռուցքները հետագայում ունենում են տարբեր ընթացք: Ժամանակակից ցիտոգենետիկ մեթոդների կիրառումը օնկոմորֆոլոգիայում հնարավորություն է տալիս ուսումնասիրել և հայտնաբերել ուռուցքային բջիջների գենետիկ ապարատում առաջացած շեղումները: Սակայն կանցերոգենեզի գենային կարգավորման մեխանիզմները դեռևս լիովին պարզաբանված չեն, և այս ոլորտում կան բազմաթիվ հարցեր, որոնք շարունակում են մնալ գիտնականների ուշադրության կենտրոնում: Մարդու գեների մոտ 1%-ը ասոցացվում է կանցերոգենեզի հետ [1]: Արդի գրականության մեջ կան բազմաթիվ աշխատանքներ նվիրված կանցերոգենեզում HER2 գենի դերի ուսումնասիրությանը: Կրծքագեղձի քաղցկեղում HER2 գենի ստատուսի որոշումը հանդիսանում է անկախ պրոգնոստիկ գործոն և հանդիպում է հիվանդների 20%-ի մոտ: HER2 գենի և համանուն ռեցեպտորի կարգավիճակի որոշումը կրծքագեղձի քաղցկեղում բացի ախտորոշիչ նշանակությունից կարևոր դեր է խաղում նաև քիմիոթերապևտիկ պրեպարատների առավել արդյունավետ  ընտրություն գործընթացում [2,3]: Ստամոքսի ադենոկարցինոմաներում HER2 գենի ամպլիֆիկացիա նկատվում է 12% դեպքերում [4,5]:  HER2 գենի ամպլիֆիկացիա և համանուն ռեցեպտորի հիպերէքսպրեսիա հայտնաբերվել է նաև այլ ուռուցքներում, մասնավորապես` կերակրափողի, ձվարանի, էնդոմետրիումի քաղցկեղներում [6,7,8]: Սակայն այս տեղակայման ուռուցքներում HER2 գենի ամպլիֆիկացիան հանդիպում է շատ ավելի հազվադեպ, քան կրծքագեղձի քաղցկեղում: Արդի գրականությունում թոքի և միզապարկի քաղցկեղներում HER2 գենի ամպլիֆիկացիայի վերաբերյալ տվյալները հակասական են [9]:


   Նպատակը և խնդիրները: Տվյալ հետազոտւթյան նպատակն է մորֆոլոգիական և ցիտոգենետիկ հետազոտությունների համեմատական վերլուծության միջոցով միզապարկի քաղցկեղի տարբերակման աստիճանի և քաղցկեղային բջիջներում HER2 գենի ամպլիֆիկացիայի միջև կապի հայտնաբերումը: Այս նպատակը իրականացնելու համար առաջադրվել և լուծվել են հետևյալ խնդիրները.


1.Մորֆոլոգիական մեթոդի կիրառմամբ դասակարգել միզապարկի փոփոխականբջջային քաղցկեղը ըստ տարբերակման աստիճանի:
2.Ցիտոգենետիկ մեթոդի կիրառմամբ որոշել HER2 գենի կարգավիճակը տարբերակման տարբեր աստիճան ունեցող միզապարկի փոփոխականբջջային քաղցկեղներում:
3.Կատարել վիճակագրական վերլուծություն հետազոտության ցիտոգենետիկ և հյուսվածաբանական մեթոդներով ստացված արդյունքների միջև:


   Հետազոտության նյութը և մեթոդները: Տվյալ հետազոտության համար նյութ է հանդիսացել միզապարկի փոփոխականբջջային քաղցկեղը՝ ստացված 21 հիվանդներից, որոնք ենթարկվել են արմատական վիրահատության  կամ տրանսուրետրալ ռեզեկցիայի: Հետազոտման նյութը ուսումնասիրվել է հյուսվածաբանական և քրոմոգենային in situ հիբրիդացման (CISH) մեթոդներով: Վիճակագրական վերլուծությունը կատարվել է SPSS համակարգչային ծրագրի միջոցով: Միզապարկի փոփոխականբջջային քաղցկեղի տարբերակման աստիճանը որոշելու նպատակով ստանդարտ եղանակով պատրաստված պարաֆինային բլոկներից ստացված հատույթները ներկվել են հեմատոքսիլին-էոզինով: Ըստ ԱՀԿ 1973թ-ի դասակարգման միզապարկի փոփոխականբջջային քաղցկեղի դեպքերը բաժանվել են երեք խմբերի [10]՝


G1- բարձր տարբերակված փոփոխականբջջային քաղցկեղ (նկ.1),
G2- չափավոր տարբերակված փոփոխականբջջային քաղցկեղ (նկ.  2),
G3- ցածր տարբերակված փոփոխականբջջային քաղցկեղ (նկ. 3):

 

Միզապարկի բարձր տարբերակված փոփոխականբջջային քաղցկեղ

Նկ.1 (ՀԷ), Միզապարկի բարձր տարբերակված փոփոխականբջջային քաղցկեղ` G1, x 400:

 

Միզապարկի չափավոր տարբերակված փոփոխականբջջային քաղցկեղ

Նկ.2 (ՀԷ), Միզապարկի չափավոր տարբերակված փոփոխականբջջային քաղցկեղ` G2, x 400:

 

Միզապարկի ցածր տարբերակված փոփոխականբջջային քաղցկեղ

Նկ.3 (ՀԷ), Միզապարկի ցածր տարբերակված փոփոխականբջջային քաղցկեղ` G3, x 400:


Ըստ տարբերակման աստիճանի դասակարգված միզապարկի փոփոխականբջջային քաղցկեղի 3 խմբերից յուրաքանչյուրից (G1, G2, G3)  վերցրվել է 7-ական դեպք, որոնցում որոշվել է HER2 գենի կարգավիճակը: HER2 գենի կարգավիճակը որոշվելու նպատակով համապատասխան պարաֆինային բլոկներից ստացված նոր հատույթները հետազետվել են քրոմոգենային in situ հիբրիդացման (CISH) մեթոդով: CISH մեթոդով HER2 գենի կարգավիճակը որոշելիս արդյունքները գնահատվել են հետևյալ կերպ: Նորմալ դիպլոիդ բջջում առկա է HER2 գենի 2 օրինակ, ուստի լուսային մանրադիտակով 400 անգամ խոշորացման տակ յուրաքանչյուր բջջում պետք է հայտնաբերվի երկու գունակային ազդանշան, որը գնահատվել է, որպես HER2 գենի բացասական ամպլիֆիկացիա (նկ.4): Այն դեպքերը, երբ բջիջներում գունակների քանակը եղել է 3-ից ավել կամ բջիջներում առկա են եղել խոշոր գունակային կլաստերներ գնահատվել են, որպես HER2 գենի դրական ամպլիֆիկացիա (նկ.5):

HER2 գենի բացասական ամպլիֆիկացիա փոփոխական բջջային քաղցկեղում

Նկ.4 (CISH), HER2 գենի բացասական ամպլիֆիկացիա փոփոխական բջջային քաղցկեղում, G1, 400XՆկ.4 (CISH), HER2 գենի բացասական ամպլիֆիկացիա փոփոխական բջջային քաղցկեղում, G1, 400X

 

HER2 գենի դրական ամպլիֆիկացիա փոփոխական բջջային քաղցկեղում

Նկ.5 (CISH), HER2 գենի դրական ամպլիֆիկացիա փոփոխական բջջային քաղցկեղում, G3, 400X

 

Հետազոտության արդյունքների վերլուծություն: Միզապարկի բարձր տարբերակված քաղցկեղների խմբում (G1) միայն 29% դեպքերում է հայտնաբերվել HER2 գենի ամպլիֆիկացիա, չափավոր տարբերակված  քաղցկեղների խմբում (G2) HER2 գենի ամպլիֆիկացիա հայտնաբերվել է 71% դեպքերում, իսկ ցածր տարբերակված (G3)   քաղցկեղների բոլոր 100% դեպքերում հայտնաբերվել է HER2 գենի ամպլիֆիկացիա:


Եզրակացություն: Ստացված արդյունքները թույլ են տալիս եզրակացնել, որ միզապարկի փոփոխականբջջային քաղցկեղները առանց HER2 գենի ամպլիֆիկացիայի առավել տարբերակված են, քան HER2 գենի ամպլիֆիկացիայով զուգակցված միզապարկի փոփոխականբջջային քաղցկեղները: Մորֆոլոգիական և ցիտոգենետիկ մեթոդների համեմատական վերլուծության միջոցով հաստատվել է վիճակագրորեն հավաստի կապ (p=0.017)  միզապարկի բարձր տարբերակված փոփոխականբջջային քաղցկեղի (G1) և քաղցկեղային բջիջներում HER2 գենի ամպլիֆիկացիայի բացակայության միջև, ինչպես նաև միզապարկի ցածր տարբերակված փոփոխականբջջային քաղցկեղի (G3) և քաղցկեղային բջիջներում HER2 գենի ամպլիֆիկացիայի միջև (p=0.03):


Գրականության ցանկ:


1.    Горбунова В. Н., Имянитов Е. Н.  Кафедра медицинской генетики СПбГПМА;  Генетика и Канцерогенез; 2007г.
2.    Shenda Gu, Zhi Hu, Worapol Ngamcherdtrakul, David J. Castro, Jingga Morry, Moataz M. Reda, Joe W. Gray, Wassana Yantasee; Therapeutic siRNA for drug-resistant HER2-positive breast cancer;  Oncotarget, Advance Publications; 2016.
3.    Bullock K., Blackwell K.; Clinical Efficacy of Taxane–Trastuzumab Combination Regimens for HER-2–Positive Metastatic Breast Cancer; The Oncologist 2008, vol.13, pp.515–525.
4.    Tanner M., M. Hollmen, T. T. Junttila, A. I. Kapanen1, S. Tommola, Y. Soini, H. Helin, J. Salo, H. Joensuu, E. Sihvo, K. Elenius, J. Isola; Amplification of HER-2 in gastric carcinoma: association with Topoisomerase IIa gene amplification, intestinal type, poor prognosis and sensitivity to trastuzumab; Annals of Oncology, 2005, 16, pp. 273–278.
5.    Cathy B.Moelans, Paul J. van Diest, Anya N. A.Milne, and G. Johan A. Offerhaus; HER-2/neu Testing and Therapy in Gastroesophageal Adenocarcinoma; Pathology Research International, 2010, October, pp. 1-10.
6.    К.П. Лактионов, Г.М. Абдуллаева, О.А. Анурова; Клинико-морфологические и молекулярно-биологические фактори прогноза редких форм рака тела матки, Опухоли женской репродуктивной системы N2, 2008, ст. 61-70.
7.    Jason A Wilken, Kristy T Webster and Nita J Maihle; Trastuzumab Sensitizes Ovarian Cancer Cells to EGFR-targeted Therapeutics; Journal of Ovarian Research 2010, pp.1-9.
8.    Yoon H.H., Sukov W.R., Shi Q., Sattler C.A., Wiktor A.E., Diasio R.B., Wu T.T., Jenkins R.B., Sinicrope F.A.; HER-2/neu gene amplification in relation to expression of HER2 and HER3 proteins in patients with esophageal adenocarcinoma; NIH Public Access Author Manuscript Cancer 2014.
9.    Nida Iqbal and Naveed Iqbal; Human Epidermal Growth Factor Receptor 2 (HER2) in Cancers: Overexpression and Therapeutic Implications; Molecular Biology International; 2014; pp. 1-9.
10.    Андреева Ю.Ю., Франк Г.А.; Опухоли мочевыделителной системы и мужских половых органов, морфологическая диагностика и генетика; Москва 2012 г. сс 76-80.


Ամփոփում


Սույն հետազոտւթյան նպատակն է հանդիսացել միզապարկի փոփոխականբջջային քաղցկեղի տարբերակման աստիճանի և քաղցկեղային բջիջներում HER2 գենի ամպլիֆիկացիայի միջև կապի հայտնաբերումը: Միզապարկի փոփոխականբջջային քաղցկեղը հետազոտվել է հյուսվածաբանական և քրոմոգենային in situ հիբրիդացման մեթոդներով: Հյուսվածաբանական մեթոդով միզապարկի քաղցկեղը դասակարգվել է բարձր, չափավոր և ցածր տարբերակված խմբերի (G1, G2, G3): CISH մեթոդով այդ խմբերում որոշվել է HER2 գենի կարգավիճակը: Ստացված արդյունքների վերլուծությամբ հայտնաբերվել է վիճակագրական հավաստի կապ HER2 գենի ամպլիֆիկացիայի և միզապարկի փոփոխականբջջային քաղցկեղի տարբերակման ցածր աստիճանի միջև:

 

 



The relationship between the degree of differentiation of bladder cancer
and amplification of HER2 gene.

 

 

Dabaghyan V.R.


YSMU, Department of Pathological Anatomy & Clinical Morphology
Key words - HER2 gene, in situ hybridization, bladder cancer

 

 
SUMMARY


The aim of this study was investigation of HER2 gene status in the transitional cell bladder cancer, and the discovery of the relationship between the degree of differentiation of bladder cancer  and HER2 gene amplification. The study material was the cases of bladder cancer. By histological method the bladder cancer was classified according to the degree of  differentiation (G1, G2, G3). HER2 gene status was determined  by chromogenic in situ hybridization (CISH). The results of histological examination and chromogenic in situ hybridization showed a statistically significant association between HER2 gene amplification and low-grade bladder cancer.

 

 

Взаимосвязь между степенью дифференциации рака мочевого пузыря и
амплификации HER2 гена.

 
Дабагян В.Р.


ЕГМУ, кафедра патологической анатомии и клинической морфологии
Ключевые слова- HER2 ген, in situ гибридизация, рака мочевого пузыря



Целью данного исследования являлось изучение статуса HER2 гена в переходноклеточном раке мочевого пузыря и обнаружение взаимосвязи между степенью дифференцировки рака мочевого пузыря и амплификации HER2 гена. Материал иследовония был рак мочевого пузыря. С помощю гистологического исследования рак мочевого пузыря был классифицирован по степени дифференциации (G1, G2, G3). Статус HER2 гена был определен по методу хромогенной in situ гибридизации (CISH). Результаты гистологического исследования и хромогенной  in situ гибридизации показали статистически значимая связь между амплификации HER2 гена и  низкодифференцированного рака мочевого пузыря.


 

 

03.07.2017