«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Մասնագետների համար

Մեծ ճարպոնի կիրառումը` ստորին վերջույթների ծածկույթային հյուսվածքների տարածուն դեֆեկտների լրացման նպատակով

Մեծ ճարպոնի կիրառումը` ստորին վերջույթների ծածկույթային հյուսվածքների տարածուն դեֆեկտների լրացման նպատակով

Ստորին վերջույթների հյուսվածքային դե­ֆեկտ­ների ծագումնաբանությունը խիստ բազմազան է, սակայն ամենից հաճախ հանդիպում են վնասված­քային բնույթի դեֆեկտներ: Բարձր էներգիայի վնասված­քները որպես կանոն բերում են վերջույթների խողովակավոր ոսկրերի բաց բազմաբեկորային ծանր կոտրվածքների, որոնք իրենց հերթին հիմնականում ուղեկցվում են փափուկ հյուսվածքների տարածուն սալջարդներով և մաշկի տարածուն դեֆեկտներով: Մինչ օրս հայտնի են տարբեր բնույթի կղզյակային և ազատ անոթավորված հյուսվածքային տրանս­պլան­տատներ, որոնք լայնորեն կիրառվում են նմանատիպ դեֆեկտները լրացնելու նպատակով:

Նրանց կիրա­ռումը շատ արդյունավետ է և հնարավորություն է տալիս ոչ միայն վերականգնել ծածկույթային հյուսվածքների ամբողջականությունը, այլ նաև ստեղ­ծել նպաստավոր պայմաններ ոսկրերի սերտաճման համար: Լիարժեք սնուցվող ծածկույթային հյուս­վածք­ներն անհրաժեշտության դեպքում հնարավոր են դարձնում նաև ոսկրային դեֆեկտների ռեկոն­ստրուկ­ցիան Իլիզարովի մեթոդով, քանի որ լիարժեք ոսկրա­յին ռեգեներատի առաջացումը զգալիորեն պայմա­նա­վորված է փափուկ հյուսվածքների սնուցման աստի­ճանով: Առանձին դեպքերում, երբ փափուկ հյուսվածքային դեֆեկտները գերազանցում են 250-300սմ Ա չափերը, լայնորեն կիրառվող մաշկա-փակեղային, մկանային և մաշկա-մկանային աուտոտրանսպլանտատները չեն բավարարում դեֆեկտների լրացման պահանջներին: Նման դեպքերում, առավել նպատակահարմար է կիրառել մեծ ճարպոնի փոխպատվաստումը` համակցելով փեղեքված մաշկային պլաստիկայի հետ:

Մենք, ստորին վերջույթների փափուկ հյուսվածք­ների տարածուն դեֆեկտների լրացման նպա­տակով, 3 հիվանդների մոտ կիրառել ենք մեծ ճարպոնի ազատ տեղափոխում աջ ստամոքս-ճար­պոնային զարկերակի և նրան ուղեկցող երակների սնուցող ոտիկների վրա: Բոլոր դեպքերում տրանս­պլանտատի ձևավորումը իրականացրել ենք ընդ­հանուր վիրաբուժական խմբի օգնությամբ: Շնորհիվ իր զգալի չափերի, լիարժեք սնուցման, փափկության և էլաստիկության մեծ ճարպոնը հնարավորություն է ընձեռնում լիարժեք ծածկելու նույնիսկ ամենաբարդ ռելիեֆ և մեծ մակերես ունեցող ծածկույթային հյուսվածքների դեֆեկտները:

Սնուցող ոտիկի երկարությունը և անոթների բավարար տրամագիծը, հնարավոր են դարձնում անոթային բերանակցման ձևավորումը դեֆեկտից զգալիորեն պրոքսիմալ` առողջ հյուսվածքների սահմաններում: Այս հանգամանքը նվազեցնում է անոթային խցանումների հավանականությունը: 2 հիվանդների մոտ, ճարպոնի սնուցող զարկերակը բերանակցվել է մակերեսային ազդրային զարկերակի, իսկ 1-ի մոտ` հետին մեծ ոլոքային զարկերակի հետ, ծայրը-կողքին բերանակցումով: Բոլոր դեպքերում կիրառվել է մաշկային ազատ պլաստիկա փեղեքված մաշկա­լաթով:

2 հիվանդների մոտ ճարպոնով ձևավորվել են ծածկույթային հյուսվածքներ մեծ հոդերի պրոյեկցիայով (ծնկան և սրունք-թաթային հոդեր), որը թույլ է տալիս խուսափել հետվնասվածքային սպիա­կան կոնտրակտուրաներից: Որևէ բարդություն դոնո­րա­կան շրջանի կողմից չենք նկատել, աղիների պարեզը կրել է ժամանակավոր բնույթ և ինքնա­բերաբար լուծվել է 24 ժամվա ընթացքում:


Եզրակացություն – այսպիսով, ստորին վեջույթների վնասվածքային ծագման փափուկ- հյուսվածքային դեֆեկտների լրացումը մեծ ճարպոնի օգնությամբ, հնարավորություն է տալիս վերականգնել լիարժեք ծածկույթային հյուսվածքներ, խուսափելով հոդերի հետվնասվածքային սպիական կոնտրա­կտուրաներից, և ստեղծել բարենպաստ պայմաններ ոսկրերի սերտաճման, իսկ անհրաժեշտության դեպ­քում նաև ռեկոնստրուկցիայի համար:

 

Հեղինակ. Հ.Վ. Սարուխանյան, Ա.Ռ. Հովաննիսյան, Ա.Ռ. Սոխակյան, Ս.Կ. Ղազարյան, Ա.Ռ. Քոչարյան, Ս.Հ. Պողոսյան, Ա.Հ. Կիրակոսյան, Էրեբունի Բժշկական Կենտրոն, Արմենիա Հանրա­պե­տական Բժշկական Կենտրոն
Սկզբնաղբյուր. Գիտա - գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի» - 3. 2008 (35) 80-81



22.01.2018