«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Լուրեր

Սուր որովայն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Սուրեն Ստեփանյանը

Սուր որովայն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Սուրեն Ստեփանյանը

1.    Ի՞նչ է սուր որովայնը:

«Սուր որովայնը» նախակլինիկական ախտորոշման տերմին է, որի դեպքում դեռևս հիվանդի մոտ լիարժեք հետազոտություններ չեն իրականացված, կոնկրետացված չէ` ինչ ախտորոշում է ենթադրվում: Վիրաբույժն ընդամենը գիտի, որ որովայնի խոռոչում առկա է սուր ախտաբանություն:


«Սուր որովայնի» դեպքում սովորաբար մեր բնակչությունը ենթադրում է ցավ որովայնում: Բայց դա կարող է լինել ո՛չ միայն ցավ, այլև արյունահոսություն որովայնի խոռոչում կամ որովայնի խոռոչի օրգանի լուսանցքում, որովայնի օրգանների բորբոքում կամ մեռուկացում և այլ խնդիրներ, որը շատ դեպքերում պահանջում է անհետաձգելի միջամտության իրականացում: Այս խմբի մեջ կարող են մտնել ինչպես որովայնի հիվանդությունների դրսևորումները, այնպես էլ ՛՛կեղծ սուր որովայնի՛՛ համախտանիշը:


«Սուր որովայն»  ասելով նկատի ունենք ցավը, որն առաջանում է, մասնավորապես, սուր ապենդիցիտի, ստամոքսի, տասներկումատնյա աղու թափածակված խոցի, պանկրեատիտի, խոլեցիստիտի, որևէ օրգանի ուռուցքի քայքայման, թափածակման ու այլ դեպքերում: Բացի ցավից, դիտվում են նաև սրտխառնոց, փսխում, հաճախասրտություն, հաճախացած շնչառություն, մարմնի ջերմաստիճանի բարձրացում:  Բացի այդ, այս համախտանիշի դրսևորում են բոլոր տեսակի օղակված ճողվածքները, անանցանելիությունները, տարբեր վնասվածքների հետևանքները, երբ տեղի է ունեցել պարենխիմատոզ, սնամեջ օրգանի պատռվածք և արյան կամ այլ պարունակության հոսք դեպի որովայնի խոռոչ:  Արյունահոսությունները մարսողական ուղուց նույնպես սուր որովայն համախտանիշի մեջ են ներառվում: ՛՛Սուր որովայնը՛՛ կարող է ունենալ արտաորովայնային պատճառներ, օրինակ՝ եթե հիվանդը զգում է սուր ցավ որովայնի խոռոչում և հետագա հետազոտությունները ցույց են տալիս, որ հիվանդի մոտ սրտամկանի ինֆարկտ է, աորտայի շերտազատում: Այսինքն, սուր որովայն ախտորոշումը լինում է մինչ հիվանդանոց գալը և մինչ հիվանդանոցում լիարժեք հետազոտություններ իրականացնելը: Ներկայումս կան հետազոտությունների բավականին տեղեկատվական մեթոդներ՝ համակարգչային շերտագրում,  որոշ դեպքերում լապարասկոպիկ ինվազիվ մեթոդը, որոնք վիրաբույժին թույլ են տալիս ճիշտ կողմնորոշվել: Չնայած երբեմն, ծանր դեպքերում, միևնույն է, շատ դժվար է  լինում կողմնորոշվելը:

2. Ի՞նչ է «կեղծ սուր որովայն» համախտանիշը:


«Կեղծ սուր որովայն» համախտանիշը պայմանական տերմին է, որն այժմ քիչ է կիրառվում: Կիրառվում է այն դեպքում, երբ թերապևտիկ հիվանդությունն իր բարդությամբ կարող է առաջացնել սուր որովայնի պատկեր, մասնավորապես, պերիտոնիտի պատկեր և վիրաբույժական թիմին պետք է բավականին աչալրջություն ու շրջահայացություն, որպեսզի կարողանան տարբերակել շտապ վիրահատական միջամտություն պահանջող պաթոլոգիան այն վիճակից, երբ վիրահատությունը նույնիսկ հակացուցված է:  Օրինակ, երիկամային սուր կամ քրոնիկ անբավարարությունների դեպքերում կարող է զարգանալ ուրեմիա և դրա հետևանքով լինել որովայնամզի գրգռում, ինչը կարող է չտարբերվել սուր որովայնի արտահայտություններից, օրինակ, պերիտոնիտից: Շաքարային դիաբետի դեպքում՝ դեկոմպենսացիայի վիճակում, կարող է զարգանալ կետոացիդոզ և դրա հետևանքով առաջացած քիմիական նյութերը կարող են դուրս գալ լորձաթաղանթներով, շճաթաղանթներով  ու այս դեպքում ևս որովայնի խոռոչում հավաքված էքսուդատից որովայնամզի գրգռումը կառաջացնի պերիտոնիտի պատկեր, որտեղ իրականում որևէ վիրաբուժական ախտաբանություն չկա: Վիրահատական միջամտություն չի պահանջվում նաև պարբերական հիվանդության որովայնային ձևի նոպայի ժամանակ դիտվող պերիտոնիտի դեպքում: Նշված դեպքերում վիրաբուժական միջամտություն կարող է պահանջվել, եթե ինֆեկցիայի միանալու հետ պերիտոնիտը դառնա թարախային: Այս բոլոր դեպքերում միայն վիրաբույժի, թերապևտի և հետազոտողների մասնակցությամբ  թիմը կարող է ճիշտ կողմնորոշվել` ինչո՞ւմն է խնդիրը և ի՞նչը կարող է լինել դրա պատճառը:

3. Ե՞րբ , ի՞նչ պատճառներով կարող է զարգանալ «սուր որովայն» համախտանիշը:


«Սուր որովայնը» կարող է ունենալ որովայնային կամ արտաորովայնային արտահայտություններ: «Սուր որովայնի» որովայնային արտահայտությունները հիմնականում բորբոքային հիվանդություններն են, օրգանների վնասումները, արյունահոսությունները կամ խոռոչավոր օրգանների պատռումը և նրանց պարունակության հոսքը որովայնի խոռոչ, ինչպես նաև ճողվածքային բարդությունները՝ օղակումները, աղիքային անանցանելիությունները, արյունահոսությունները, գինեկոլոգիական պաթոլոգիաները, որովայնի խոռոչում թարախակույտերի առաջացումը, որը կարող է ունենալ կամ չունենալ պատճառ որովայնի խոռոչում: Թարախակույտերի կամ պերիտոնիտների դեպքում լինում է մի իրավիճակ, երբ որովայնի խոռոչում պատճառ չի հայտնաբերվում, դա կոչվում է կրիպտոգեն պերիտոնիտ, ինչը կարող է լինել օրգանիզմի դիմադրողականության խիստ անկման պայմաններում, երբ էնդոգեն ինֆեկցիան կարող է դրսևորվել պերիտոնիտով:

4. Ցավերի ի՞նչ դրսևորումներ կան:


Ցավերը կարող են լինել թեթև և ուժեղ արտահայտված, բայց ցավի ինտենսիվությունը միշտ չէ ծանր վիճակի արտահայտություն և ոչ էլ թեթև ցավը բացառում է լուրջ ախտաբանությունը:


Իհարկե՛, հանկարծակի ուժեղ ցավի առաջացումն ավելի հաճախ կարող է վտանգավոր ախտաբանության նշան լինել: Օրինակ, հանկարծակի ուժեղ ցավն էպիգաստրալ շրջանում կարող է լինել ստամոքսի, տասներկումատնյա աղու խոցի թափածակման նշան: Երկարատև, տևական, պարբերական կծկումային ցավերի առաջացումը, որոնք ուղեկցվում են սրտխառնոցով, փսխումով, կարող են լինել աղիքային անանցանելիության նշան:


Բացի ցավից կան նաև վտանգի մասին ահազանգող այլ ախտանիշեր, օրինակ՝  աղիներից կղանքի հետ սև գույնի, ձյութանման զանգվածի առկայությունը, հիվանդի մոտ գունատությունը, սառը քրտինքը, գլխապտույտը կարող է նշանակել արյունահոսություն մարսողական ուղու վերին հատվածից: Եթե հիվանդը փսխում է արյան կամ սուրճի նստվածքի զանգվածով, կամ աղիներից թարմ արյուն է հոսում, այս բոլոր դեպքերում շտապ պետք է դիմել բժշկի:


Բարձր ջերմությամբ, թունավորման նշաններով, ջրազրկմամբ, բերանի չորությամբ   ուղեկցվող որովայնի ցավերը կարող են վկայել որովայնում բորբոքային գործընթացի մասին:

5. Ի՞նչ անել և ի՞նչ չի կարելի անել որովայնում ցավերի դեպքում:


Որովայնի ցավերի դեպքում, առաջին հերթին, պետք է դիմել տեղամասային բժշկին կամ ցանկացած բուժհիմնարկ, որպեսզի մասնագետները կարողանան զննել պացիենտին և նշանակել հետազոտություններ` ճիշտ կողմնորոշվելու և բուժօգնությունը կազմակերպելու համար: Շատ դեպքերում քիչ արտահայտված գանգատը կամ անհանգստությունը կարող են շատ մեծ խնդրի արտահայտություն լինել, որոշ դեպքերում էլ շատ ուժեղ ցավը, օրինակ աղիքային խիթի հետևանքով առաջացած, կարող է շուտով անցնել և լուրջ պատճառ չունենալ:


Գրականության մեջ նշված է և վիրաբույժների կողմից ընդունված է, որ նարկոտիկ անալգետիկներ և հակաբիոտիկներ ցանկալի չէ օգտագործել մինչև տվյալ խնդրի պատճառի բացահայտումը: Բայց լինում են դեպքեր, երբ ցավազրկել պետք է ոչ նարկոտիկ անալգետիկներով, օրինակ` ոչ ստերոիդային հակաբորբոքիչ միջոցներով, որոնք կարող են համապատասխան ցավազրկում ապահովվել, որպեսզի գոնե հնարավորինս հիվանդի տառապանքը թեթևացնեն և թույլ տան հիվանդին ադեկվատ պատասխանել հարցերին: Ցավի մեջ գալարվող հիվանդին հնարավոր չէ նորմալ հետազոտել, կատարել որովայնի շոշափում կամ  հարցերին  ճիշտ պատասխաններ ստանալ: Այս դեպքում, բնականաբար,  հիվանդներին ցավազրկելը անհրաժեշտ է, բայց հիմնականում դա պետք է անել  հիվանդանոցային պայմաններում՝ բժշկի կողմից և  նրա հսկողությամբ: Առանց բժշկի հսկողության նման միջոցառումներ կիրառելն անթույլատրելի է: Հաճախ լինում են հիվանդներ, ովքեր օրերի ընթացքում տարբեր ցավազրկողներ, ոչ ստերոիդային հակաբորբոքիչներ են օգտագործում և, ի վերջո, ստամոքսում ու տասներկումատնյա աղիքում առաջացնում էրոզիաներ և խոցեր: Իսկ դա նշանակում է, որ եղած խնդիրներին ավելանում է նորը և հարկ է լինում նաև պայքարել դրա դեմ:


Որոշ դեպքերում ավելի մեծ սխալներ են կատարում. որովայնի վրա տաք ջեռակ են դնում, կամ բազմաթիվ այլ կենցաղային միջոցներ, տարբեր հնարքներ են օգտագործում, հոգնաներ անում:


Դեպքեր են լինում, երբ հիվանդներն ընդունվում են հիվանդանոց հաստ աղու, սիգմայաձև աղու թափածակումով /պերֆորացիայով/ և պարզվում է, որ որովայնի ցավի և աղիները չգործելու հետ կապված կատարել են հոգնաներ, իսկ դա նպաստել է, որ ավելի մեծ քանակով աղիների պարունակությունը լցվի որովայնի խոռոչ:


Անկանոն և անգրագետ ցավազրկումը, տաք ջեռակի օգտագործումը, անհարկի արված հոգնաները որոշ դեպքերում կարող են սուր որովայնով, որովայնի ցավերով, որովայնի տարբեր խնդիրներով հիվանդի վիճակն ավելի բարդացնել, ինչը նաև ժամանակի իզուր կորուստ է, որովհետև այդ ընթացքում նա արդեն կարող էր գտնվել բուժհիմնարկում:


6. Որովայնում ո՞ր ցավերի դեպքում դիմել մասնագետի:


Բոլոր ցավերի դեպքում պետք է անպայման դիմել բուժհիմնարկ, որովհետև միայն ցավի ուժգնությունից հնարավոր չէ հասկանալ վիճակի լրջությունը: Դա կարող է պարզել միայն մասնագետը:


7. Բուժման ի՞նչ սկզբունքներ կան:


Կա հետևյալ սխեման. նախ, հիվանդին պետք է ցուցաբերել առաջին բուժօգնություն, հատկապես, եթե նա գտնվում է հետհեմոռագիկ, հետարյունահոսական կամ ցավային շոկի վիճակում, անցկացնել հետազոտում և բուժում համապատասխան բաժանմունքում, ավելի հաճախ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Այնուհետև հետազոտությունների հիման վրա կարճ ժամանակի ընթացքում պետք է պարզել հիվանդության պատճառը և որոշել, թե ինչ մեթոդով բուժօգնություն ցույց տալ: Ներկայումս առավելությունը տրվում է նվազ ինվազիվ մեթոդներին` հնարավորինս փոքր տրավմայով լավ բուժական արդյունք:


8. Կանխատեսումը սուր որովայնի ժամանակ:


Կանխատեսումն այս դեպքում շատ անորոշ է: Կանխատեսումն ավելի հավաստի է, եթե ախտահարման տեսակը և հիվանդության զարգացման աստիճանը, արտահայտվածությունը պարզ են, իսկ ՛՛սուր որովայն՛՛ ասելիս մենք դեռ չգիտենք կոնկրետ ինչի հետ գործ ունենք:


9. Հնարավո՞ր է կանխարգելել համախտանիշի զարգացումը:


Պետք է տարբերակել այն հիվանդությունները, որոնց դեպքում ապրելակերպը և կանխարգելիչ միջոցները կարող են ունենալ նշանակություն: Այս իրավիճակները կանխարգելման քիչ ենթարկվող վիճակներ են: Բայց կան նաև հիվանդություններ, որոնց դեպքերում հիվանդի ուշադրությունն իր առողջությանը կարող է նշանակություն ունենալ և նա կխուսափի սուր ախտաբանությունից կամ բարդություններից: Եթե անձը գոնե  մի քանի տարին մեկ անցնում է  որովայնի խոռոչի ուլտրաձայնային հետազոտություն կամ մարսողական ուղու էնդոսկոպիկ հետազոտություն, նա կարող է կանխարգելել մի շարք ախտաբանական վիճակներ:
Այս հարցերում ճիշտ կողմնորոշվելու համար կարևոր են հիվանդի կենսամակարդակը, գիտելիքները: Այժմ բժշկական հեռուստահաղորդումներն օգնում են մարդկանց այդ հարցերում: Մեծ տեղ է հատկացվում առողջ ապրելակերպին, հետազոտություններին և բուժական միջամտություններին, բացատրվում է հիվանդությունների վաղ հայտնաբերման և բուժման կարևորությունը:

 

 

30.01.2018