«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Բրոնխիալ ասթմա. հարցերին պատասխանում է «Արմենիա» ՀԲԿ ալերգոլոգ Աննա Օհանյանը

Բրոնխիալ ասթմա. հարցերին պատասխանում է «Արմենիա» ՀԲԿ ալերգոլոգ Աննա Օհանյանը

Ի՞նչ է բրոնխիալ ասթման:

Տարբերում են բրոնխիալ ասթմայի  երկու ձև` ինֆեկցիոն-ալերգիկ և ատոպիկ: Ատոպիկ կամ ալերգիկ ասթմայի ախտորոշմամբ, հետազոտմամբ և բուժմամբ զբաղվում են ալերգոլոգները: Բրոնխիալ ասթմայի հիմնական ախտանիշը շնչահեղձության նոպան է, որը պայմանավորված է բրոնխոսպազմով, բրոնխիալ պատի այտուցով և հիպերսեկրեցիայով:

Ալերգիկ, թե՞ շնչառական համակարգի հիվանդություն է բրոնխիալ ասթման:

Բրոնխիալ ասթման ալերգիկ հիվանդություն է, որի արդյունքում ախտահարվում է շնչառական համակարգը:                                                                                               

Ի՞նչ արտաքին գործոններ են նպաստում հիվանդության զարգացմանը:

Ատոպիկ ասթմայի զարգացմանը նպաստող արտաքին գործոններն են էկզոգեն ալերգենները` ծաղկափոշին, ծառերի,  մոլախոտերի փոշին, տնային փոշին, բարձի փետուրը կամ ներքնակի բուրդը, կատվի և շան մազը:  Սննդային ալերգենները, ինչպիսիք են ձուկը, հալվան, ձուն, հազվադեպ կարող են լինել բրոնխիալ ասթմայի պատճառ:

Ովքե՞ր են ռիսկային խմբում:

Որպես ալերգոլոգ` կնշեմ ատոպիկ ասթմայի հետ կապված ռիսկերը: Ռիսկային գոտում են պոլինոզով հիվանդները: Տարիների ընթացքում չբուժվելու դեպքում պոլինոզը կարող է վերածվել բրոնխիալ ասթմայի:

Կա՞ գենետիկ գործոն:

Հիվանդությունը պայմանավորված է գենետիկ գործոնով, բայց պարտադիր չէ, որ այն ժառանգաբար փոխանցվի: Ժառանգական նախատրամադրվածության և բարենպաստ պայմանների առկայության դեպքում հիվանդությունը կարող է զարգանալ:

Ի՞նչ է ատոպիկ բրոնխիալ ասթման:

Ատոպիկ կամ ալերգիկ բրոնխիալ ասթման արտաքին աշխարհից եկող (էկզոգեն) ալերգեններով պայմանավորված ասթման է:

Ի՞նչ ախտանիշներով է դրսևորվում բրոնխիալ ասթման:

Ի հայտ է գալիս հազով, շնչահեղձության նոպայով և դիստանցիոն չոր սուլող խզզոցներով, որոնք լսում է և հիվանդը, և դիմացինը: Հազը կարող է լինել խորխարտադրությամբ կամ առանց դրա:

Ի՞նչ հնարավոր բարդություններ կարող են լինել:

Բրոնխիալ ասթմայի ատոպիկ ձևի ամենածանր բարդությունը տոտալ բրոնխոսպազմն է, որը կարող է մահացու լինել:

Հիվանդության զարգացման ի՞նչ աստիճաններ կան:

Կան թեթև և ծանր ձևեր: Ատոպիկ ասթմաները հիմնականում թեթև են: Սեզոնին հիվանդի վիճակը կարող է ծանրանալ, սակայն սեզոնն ավարտվելուց հետո, երբ ծաղկափոշին օդից վերանում է, հիվանդը լրիվ առողջ է: Ատոպիկ ասթման երկար տարիներ չբուժելու դեպքում կարող է վերածվել ինֆեկցիոն-ալերգիկ ասթմայի:

Ի՞նչ հետազոտությունների հիման վրա է ախտորոշվում բրոնխիալ ասթման:

Բրոնխիալ ասթման հիմնականում ախտորոշվում է համապատասխան ախտանիշների, սպիրոմետրիայի՝ արտաքին շնչառական ֆունկցիայի տվյալների հիման վրա:

Հնարավո՞ր է բրոնխիալ ասթման լիարժեք բուժել :

Տարբերում են ալերգիկ ասթմայի լիարժեք բուժման երկու ձև` սրացման շրջանում` դեղորայքային բուժում, ռեմիսիայի շրջանում` սպեցիֆիկ իմունոթերապիա:

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնություն նոպայի ժամանակ:

Որպես շտապ օգնություն, հիվանդը պետք է ունենա բրոխոսպազմը վերացնող դեղամիջոց. օրինակ`սալբուտամոլ: Այժմ գոյություն ունեն նաև բրոնխները լայնացնող շատ լավ այլ բրոնխալայնիչներ: Դրանք պարունակում են միայն սիմպատոմիմետիկներ, իսկ որոշ դեղամիջոցներ բացի սիմպատոմիմետիկներից պարունակում են նաև հորմոններ:

Ե՞րբ դիմել շտապ օգնության:

Սալբուտամոլի անարդյունավետության դեպքում կանչում ենք շտապ օգնություն կամ դիմում համապատասխան մասնագետի:

Ի՞նչ ժողովրդական մեթոդներ կարելի է կիրառել:

Այդպիսի մեթոդներ չկան:

Որո՞նք են բրոնխիալ ասթմայով հիվանդի սննդակարգի առանձնահատկությունները:

Առանձնահատկություններ չկան: Ուղղակի անհրաժեշտ է բացառել հիստամին անջատող ուտելիքները, որոնք համարվում են ալերգեն. օրինակ` ելակը, կիվին, ձմերուկը:

Ինչպե՞ս վերահսկել և կանխարգելել հիվանդությունը:

Անհրաժեշտ է, որ հիվանդը ժամանակ առ ժամանակ այցելի բժշկին, քամու ժամանակ դուրս չգա տանից, իրականացնի բնակարանի ամենօրյա խոնավ մաքրում: Ամենօրյա լոգանքն ու ծովափնյա հանգիստը ևս անհրաժեշտություն են:

 

 

29.06.2018