«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Լուրեր

Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան

Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան

Արտաքին արյունահոսության ժամանակ առաջին օգնությունը պետք է լինի արյունահոսող վերքի շրջանում նախ` սեղմող վիրակապ  դնելը:

Մեծ անոթի դեպքում, եթե ձեռքի տակ կան ստերիլ վիրախծուծներ,  վերքի մեջ կարելի է տամպոնադա անել ու հենց վերքի վրայից բինտով փաթաթել: Լրացուցիչ պետք է նաև արյունահոսող հատվածից վերև լարան, սեղմող կապ դնել: Եթե սեղմող վիրակապ դնելով արյունահոսությունը դադարում է, արդեն սեղմակներ և լարաններ դնել պետք չէ: Հիվանդին կարելի է միանգամից , հենց այդ սեղմող վիրակապով տեղափոխել ստացիոնար բուժօգնության:

Սեղմող կապը կարելի է պահել առավելագույնը երկու ժամ: Երկու ժամվա ընթացքում հիվանդը պետք է արդեն տեղափոխվի  մասնագիտացված բաժանմունք: Եթե երկու ժամից  կամ առավելագույնը վեց ժամից ավելի հիվանդի վերջույթը չի սնվում՝ վերջույթը սնող կենտրոնական անոթի վնասվման կամ սեղմող կապի պատճառով,  կարող են անվերադարձ փոփոխություններ առաջանալ, որոնք, նախ, վտանգավոր են կյանքի համար, ինչպես նաև կարող են վերջույթը կորցնելու լուրջ վտանգ առաջացնել:

Բաժանմունքում, երբ հիվանդն ընդունվում է անոթային վնասվածքով, նրան ցուցաբերվում է մասնագիտացված բուժօգնություն, կատարվում է վնասված անոթի վերականգնում, արյունահոսության դադարեցում, քանի որ դա լուրջ վտանգ է հիվանդի կյանքի համար: Հիվանդի մահվան պատճառը վնասվածքների ժամանակ հիմնականում սուր արյունահոսությունն է:

Եթե  վերքերը փոքր են, քերծվածքներ են, և արյունահոսությունը թույլ է, պետք չէ դիմել մասնագիտական բուժօգնության, կարելի է ուղղակի սեղմող վիրակապ դնել վերքին: Կան բազմաթիվ միջոցներ փոքր արյունահոսությունը կանգնեցնելու համար: Օրինակ, քթային արյունահոսության ժամանակ օգնում է աղաջրով կամ ջրածնի պերօքսիդով  թրջած վիրախծուծը:

Եեթե վնասվածքը փակ է և վերք չկա, այլ հեմատոմա է առաջանում, այդ տեղում պետք է սառը թրջոց դնել:

Վիրաբ Մանուկի Աղաբեկյան

«Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոնի անոթային վիրաբուժության կենտրոնի ղեկավար

29.10.2018