«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Լուրեր

Համահայկական էնդոկրինոլոգիական միության տարեկան երկրորդ գիտաժողով Երևանում

Համահայկական էնդոկրինոլոգիական միության տարեկան երկրորդ գիտաժողով Երևանում

Օրերս Երևանում տեղի ունեցավ Համահայկական էնդոկրինոլոգիական միության տարեկան երկրորդ գիտաժողովը: Գիտաժողովում քննարկվող հարցերի շուրջ զրուցեցինք «Արմենիա» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիայի բաժնի վարիչ, ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. ԵՊԲՀ դասախոս, ՀԷՄ նախագահ Լուսինե Մամիկոնյանի, էնդոկրինոլոգ Մարիամ Բաղդասարյանի և գիտաժողովին մասկացելու համար Հայաստան ժամանակ  հյուրերի հետ:

 

Լուսինե Մամիկոնյան

Համահայկական էնդոկրինոլոգիական միության տարեկան երկրորդ գիտաժողով ԵրևանումՀամահայկական էնդոկրինոլոգիական միության գիտաժողովները պլանավորել ենք կազմակերպել տարին մեկ անգամ: Ներկա գիտաժողովը թվով երկրորդն է:

Այս տարի շատ հետաքրքիր թեմաներ էին ընտրված և վստահ եմ, որ գիտաժողովը մեր մասնագետների աշխատանքային գործընթացին նոր լիցքեր կհաղորդի:

Մոսկվայից ժամանած օնկովիրաբույժ Լանշակով Կիրիլ Վլադիմիրովիչի զեկույցը  վերաբերում էր վահանագեղձի հանգույցների ժամանակ բուժման խնդիրներին, ինչ այսօր հրատապ թեմա է, քանի որ Հայաստանում այս ախտաբանությունը բավականին տարածված է, ու համարվում է յոդ-դեֆիցիտային ռիսկային գոտի: Դա բացատրվում է ծովի մակերևույթից մեր բարձր դիրքով: Շատ կարևոր է բուժման ընթացքում որոշում կայացնել, թե որ հանգույցները կարելի է վիրահատել և որոնք՝ ոչ, ինչին հատկապես անդրադարձավ բանախոսն իր զեկուցի ժաամանակ:

 
Ուկրաինայից ժամանած Նադեժդա Ժերդեվան խոսեց դիաբետի, դիաբետիկ նեյրոպաթիաների մասին, որոնք ամբողջ աշխարհում շարունակում են մնալ մտահոգիչ թեմաներ:

Մեր հայրենակից Գոհար Երիցյանը խոսեց շաքարային դիաբետի բարդությունների մասին, իսկ Սուսաննա Ավետիսյանը ներկաներին վիտամին D-ի կիրառմանը վերաբերող հետաքրքիր տեղեկություններ հաղորդեց, ինչը նույնպես ներկայում կարևորագույն խնդիրներից է:

 

Համահայկական էնդոկրինոլոգիական միության տարեկան երկրորդ գիտաժողով Երևանում


Մարիամ Բաղդասարյան ելույթը նվիրված էր վահանաձև գեղձի հիվանդությունների բուժման նորագույն մեթոդներին:

Գիտաժողովի կարևորությունը նրանում է, որ բժիշկներն, ովքեր հնարավորություն չունեն արտերկրում վերապատրաստվելու, հնարավորություն են ունենում այսկերպ տեղեկանալ աշխարհում կիրառվող նոր մեթոդներին, կիսվել մասնագիտական փորձով:

 

Համահայկական էնդոկրինոլոգիական միության տարեկան երկրորդ գիտաժողով Երևանում Համահայկական էնդոկրինոլոգիական միության տարեկան երկրորդ գիտաժողով Երևանում


Նախատեսվում է դիաբետի օրվա կապակցությամբ՝ նոյեմբերի 14-ին, կազմակերպել ֆլեշ-մոբ /FLESH MOB/: Օրվա կարգախոսն է լինելու՝ «Ապրեցեք առողջ»: Մենք շատ կարևորում ենք դիաբետի ժամանակին հայտնաբերումը և փորձելու ենք այդ կարևորության գիտակցումը փոխանցել նաև ներկաներին: Մեր բաժանմունքի երիտասարդ աշխատակիցներն այդ օրը մարդկանց մոտ կորոշեն արյան մեջ  գլյուկոզայի մակարդակը, իսկ առաջնակի հայտնաբերված պացիենտներին կնվիրվի գլյուկոմետր: Դա կնպաստի նրան, որ նրանք առավել ուշադիր լինեն արյան մեջ գլյուկոզայի մակարդակի որոշմանը և խնդիրներից խուսափելու համար նախընտրեն առողջ ապրելակերպն ու սննդակարգը:

 
Համահայկական էնդոկրինոլոգիական միության տարեկան երկրորդ գիտաժողով ԵրևանումԼանշակով Կիրիլ Վլադիմիրովիչ, բ գ թ, դոցենտ, Պրեզիդենտի գործերի կառավարման կլինիկական հվանդանոցի բժիշկ, օնկոլոգ

Զբաղվում եմ վահանագեղձի խնդիրներով, մասնակցել և հանդես եմ եկել բազմաթիվ գիտաժողովներում՝ Իտալիայում, Ռուսաստանում և այլուր: Զեկույցներիս հիմնական թեման վահանագեղձի խնդիրներն են: Հայաստան այցելում եմ երկրորդ անգամ: Անցյալ տարի մասնակցել եմ դիաբետին, էնդոպաթոլոգիայի թերապևտիկ խնդիրներին նվիրված կոնգրեսին:

Իմ զեկույցի ժամանակ խոսել եմ  վահանագեղձի տարբեր հիվանդությունների ժամանակ բուժման ցուցումների մասին: Վահանագեղձը «կոմերցիոն» օրգան է, տարբեր բժիշկներ իրենց ծառայությունն են առաջարկում, չմտածելով, որ բուժումը հիվանդին չի օգնելու. սա է առկա խնդիրների բուն պատճառը:

Ներկայում ամբողջ աշխարհում հիվանդներին իրենց բազմատեսակ ծառայություններն են առաջարկում ամենատարբեր բժշկական կենտրոններ, որոնք գործում են ինքնուրույն, առանց լուրջ վերահսկողության, և դա չի կարող չանհանգստացնել: Ես փորձում եմ ներկայացնել բժիշկների առաջարկած միջոցառումների ցուցումները, որպեսզի պացիենտները հնարավորին պաշտպանված լինեն ոչ համապատասխան բուժում ստանալու վտանգից: Ցանկանում եմ, որ մեր բժշկական աշխարհում համախմբվեն միանման մտածող ավելի շատ բժիշկներ՝ ի շահ մեր հիվանդների:

 
Համահայկական էնդոկրինոլոգիական միության տարեկան երկրորդ գիտաժողով Երևանում–   Սուսաննա Ավետիսյան,  Արմենիա բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիական բաժանմունքի էնդոկրինոլոգ

Ես ներկայացրեցի վիտամին D-ի դեֆիցիտին վերաբերող զեկույց, խոսեցի դիաբետիկ նեյրոպաթիաների բուժման մեջ վիտամին D-ի կարևորության մասին:

Թեման հրատապ է, քանի որ ներկայում հիվանդների 60-70 տոկոսը, որոնց հետ առնչվում ենք, ունեն հենց այդ խնդիրը:

Աշխարհում վիտամին D-ի դեֆիցիտն առավել առկա է աֆրիկյան ժողովուրդների մոտ: Դա առաջին հայացքից կարող է զարմանալի թվալ, քանի որ այնտեղ արևի պակաս չկա: Սակայն դա իր բացատրությունն ունի. նրանք մուգ մաշկ ունեն: Փաստորեն, որքան մարդու մաշկը մուգ է և մելանինի քանակը  շատ է, այնքան արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներն ավելի դժվար են թափանցում օրգանիզմ, և, որքան մելանինը մաշկում շատ է, այնքան քիչ վիտամին D է արտադրվում: Աֆրիկյան երկրներում 80,4 տոկոսը տառապում է վիտամին D-ի դեֆիցիտով:

 

Համահայկական էնդոկրինոլոգիական միության տարեկան երկրորդ գիտաժողով Երևանում Համահայկական էնդոկրինոլոգիական միության տարեկան երկրորդ գիտաժողով Երևանում

Իսկ սկանդինավյան երկրներում, որտեղ գրեթե արև չկա, վիտամին D-ի դեֆիցիտ չկա:

Մեզ մոտ բնակչության մոտավորապես 40 տոկոսը տառապում է վիտամին D-ի դեֆիցիտով: Այդ թիվն իրական պատկերը ցույց չի տալիս, քանի որ չկան հետազոտություններ:

Զեկույցիս նպատակն է, որ այս տեղեկյատվությունը լսելուց հետո, մարդիկ բազմաթիվ խնդիրների, կլինիկական ախտանշանների առկայության դեպքում հաշվի առնեն այն, որ հնարավոր է գործ ունեն վիտամին D-ի պակասի հետ:


Համահայկական էնդոկրինոլոգիական միության տարեկան երկրորդ գիտաժողով ԵրևանումՄարիամ Բաղդասարյան, էնդոկրինոլոգ, Արմենիա բժշկական կենտրոն

–   Ներկայացրել եմ վահանաձև գեղձի հանգույցների հետ կապված խնդիրները, դրանց ժամանակակից ախտորոշան և բուժման մեթոդները: Դա շատ կարևոր թեմա է, քանի որ, ըստ վիճակագրական տվյալների, տարեց-տարի ավելանում են պացիենտների թիվը, նաև` քաղցկեղի դեպքերի թիվը: Չի բացառվում նաև, որ դա կապված լինի նոր մեթոդներով ախտորոշման և առավել հաճախ հայտնաբերման հետ, քան` նախկինում: Ամեն դեպքում, այս պահին մենք լուրջ խնդիր ունենք: Կարծում եմ այս թեման հետաքրքրեց ներկա էնդոկրինոլոգներին, որովհետև շատերն են առնչվում այդ խնդիրների հետ և նրանց համար ևս կարևոր է տեղեկանալ նորագույն բուժման մեթոդների հետ:

Այս գիտաժողովները էնդոկրինոլոգիայի տարբեր խնդիրներին վերաբերող արժեքավոր տեղեկատվություն են փոխանցում բժիշկներին` կիրառելու իրենց մասնագիտական պրակտիկայում:

31.10.2018