«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Լուրեր

Գինեկոլոգիական ծառայությունը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում. Արմենուհի Ավետյան

Գինեկոլոգիական ծառայությունը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում. Արմենուհի Ավետյան

«Արմենիա» ՀԲԿ-ում գինեկոլոգիական ծառայության գործունեությանը վերաբերող հարցերին պատասխանեց գինեկոլոգ- վիրաբույժ, սոնոգրաֆիստ Արմենուհի Ավետյանը

- Ինչպե՞ս է կազմակերպվում գինեկոլոգիական ծառայությունը:


- Մենք սպասարկում ենք  հիվանդանոցում գրանցված, հոսպիտալացված պացիենտներին:


Ծառայության շրջանակում կատարվում է գերձայնային հետազոտություն` նախնական ախտորոշմանը միտված: Այն կանայք, ովքեր հրատապ բուժօգնության կարիք ունեն, տեղեկացվում են այդ մասին և հենց տեղում իրականացվում է անհրաժեշտ մասնագիտական միջամտությունը:


- Ինչպիսի՞ն է գինեկոլոգիական ծառայության տեխնիկական, բժշկական հագեցվածությունը:


Տեխնիկական և բժշկական հագեցվածությունը բավարար է: Սա հանրապետական հիվանդանոց է, և տնօրինության կողմից արվում է հնարավորինը` հիվանդների սպասարկումը բարձր որակով  ապահովելու համար, ներդրված են նորագույն մեթոդներ և սարքեր:


- Ի՞նչ ծառայություններ են մատուցվում:


Գործում են թերապևտիկ և վիրաբուժական ծառայություններ: Իրականացվում են գինեկոլոգիական ուղղվածության գրեթե բոլոր վիրահատությունները: Սերտ համագործակցում ենք Պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնի հետ: Էքստրագենիտալ ախտաբանություններով հոսպիտալացված հղի ի դեպքում դիմում ենք համապատասխան մասնագետների խորհրդատվությանը և համատեղ իրականացնում հղիի բուժումը:


Ծառայությունները և վիրահատությունները (արգանդի էքստերպացիա, հավելումների վիրահատություններ, պլաստիկ վիրահատություններ) կարող են լինել ինչպես վճարովի, այնպես էլ անվճար՝ պետպատվերի, սոցփաթեթի շրջանակներում:


- Ինչպիսի՞ն են Ձեր կապերը արտերկրի մասնագետների հետ:


Մասնակցում ենք տարբեր գիտաժողովների, տեղեկանում բժշկագիտության նորություններին: Վերջերս Վիրաբույժների եվրոպական ասոցիացիայի գիտաժողովն էր, որին ակտիվ մասնակցություն ենք ունեցել: Պարբերաբար մասնակցում ենք հայաստանյան և միջազգային գիտաժողովներին։


- Ինչպիսի՞ հիվանդություններն են հաճախ հանդիպում Ձեր պրակտիկայում:


- Մեզ մոտ պլանային դեպքեր քիչ են լինում: Հիմնականում ծանր, բարդ  դեպքեր են հանդիպում՝ զուգակցված ախտաբանություններով: Հաճախ ուշացած դեպքերն այնքան բարձիթողի են, որ երբեմն ստիպված ենք լինում վիրահատության ժամանակ բժիշկների 2-3 խմբով աշխատել:


Մեզ հաճախ դիմում են գինեկոլոգիական բորբոքային հիվանդությունների, արգանդի պարանոցի ախտահարումների, ձվարանի կիստաների, միոմաների, արգանդի իջեցման գանգատներով։ 


- Ինչպիսի՞ բարդություններ են լինում գինեկոլոգիական հիվանդությունների ժամանակ:


 - Արգանդի իջեցման ժամանակ հիվանդները միզարձակման հետ կապված խնդիրներ են ունենում: Ցավալի է, որ հաճախ ուշ են դիմում` արդեն տոտալ արտանկումներով: Դա կարող է կապված լինել տարած ծննդաբերությունների հետ, կարևոր է  ժառանգականության գործոնը:


40-ն անց կանանց մոտ մեծանում է գինեկոլոգիական ախտաբանությունների  առաջացման հավանականությունը, որոնց հայտնաբերման դեպքում պետք է իրականացվի տարբերակիչ ախտորոշում, գնահատվի ռիսկայնությունը:


- Ձեր խորհուրդը կանանց:


- Ընդհանրապես, բնակչությունը պետք է տեղեկացված լինի, նման հարցերում` կրթված: Ճիշտ կլինի այդ տեղեկատվությունը հնարավորինս պարզ, մատչելի ուսուցանվի դպրոցում:


Խորհուրդ եմ տալիս  հիվանդությունների դեպքում հնարավորինս շուտ դիմել մասնագետին, հետազոտվել և ժամանակին ստանալ անհրաժեշտ բուժում, այլապես կարող են անգամ կյանքին սպառնացող լուրջ բարդություններ լինել: 

26.11.2018