«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Լուրեր

Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայությունը Հանրապետական բժշկական կենտրոնում. Արա Մելիքսեթյան

Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայությունը Հանրապետական բժշկական կենտրոնում. Արա Մելիքսեթյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայության գործունեության մասին զրուցեցինք պլաստիկ վիրաբույժ և միկրովիրաբույժ Արա Մելիքսեթյան ի հետ

- Ի՞նչ վիրահատություններ են իրականացվում Հանրապետական բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայության շրջանակներում:


- Միկրովիրաբուժությունն իր մեջ ներառում են վերին և ստորին վերջույթներու ու ռեկոնստրուկտիվ վիրաբուժությունը, քանի որ վերջինը նույնպես միկրովիրաբուժական հմտություններ և գիտելիքներ է պահանջում: 


Ծառայությունն աշխատում է շուրջօրյա.  իրականացվում է ինչպես անհետաձգելի բուժօգնություն (դաստակի վնասվածքների, միկրովիրաբուժական այլ խնդիրների ժամանակ), այնպես էլ պլանային (կատարվում են   դեմքի, որովայնի առաջային պատի, կրծքագեղձերի, ականջախեցիների, քթի և այլ էսթետիկ, պլաստիկ վիրահատություններ):


- Ո՞ր խնդիրներն են ավելի շատ հանդիպում միկրովիրաբուժական պրակտիկայում:


- Դիմելիության առումով շատ են դաստակի խնդիրները ՝ համակցված անոթային ախտաբանություններով: Ամբողջ աշխարհում դաստակի վիրաբուժությունն ամենաբարդն է, որոշ երկրներում անգամ այն  առանձնացվում է որպես նեղ մասնագիտություն:


Բարդությունը պայմանավորված է փոքր հատվածում մեծաքանակ նյարդերի, անոթների ներկայությամբ և ձեռքի ֆունկցիայի կարևորությամբ:


- Հաճա՞խ են դիմում պլաստիկ և էսթետիկ վիրահատությունների համար:


3. Պլաստիկ միջամտություններից հիմնականում դիմում են քթի վիրահատության համար, ավելի քիչ՝ ականջի, ականջախեցու ձևախախտումների, լոշտակության շտկման համար: Կոպերի կախվածության, թուլության, դեմքի ձգման համար ավելի քիչ են դիմում:
Նախորդ տարիների համեմատ դիմելիությունն, իհարկե, ավելացել է. 10 տարի առաջ հազվադեպ էին պլաստիկ, էսթետիկ վիրահատության, միկրովիրաբուժության համար դիմողները:


Ներկայում այս ծառայությունները մատուցող կլինիկաները շատ են, ուստիև  Հայաստանում մրցակցությունը մեծ է:


- Որո՞նք են վիրահատությունների ժամանակ հանդիպող բարդությունները:


- Բարդությունները ընդհանուր վիրաբուժական են, որոնք որոշ հաճախակաությամբ և յուրաքանչյուր կլինիկայում հանդիպում են, և ոչ-ոք ապահովագրված չէ: Մեր նպատակն է հնարավորինս նվազեցնել բարդությունների զարգացման  հավանականությունը:


- Ինչպիսի՞ն է բաժանմունքի դեղորայքով և բժշկական տեխնիկայով հագեցվածությունը:


-Ամբողջ աշխարհում կիրառվող ամենաժամանակակից մեթոդները, տեխնոլոգիաները, սարքերը ներդրված են մաև մեր ծառայությունում:


Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության մեջ դեղորայքային լայն սպեկտոր չի կիրառվում, իսկ պահանջարկի դեպքում Հայաստանում այդ առումով որևէ խնդիր չունենք:


- Համագործակցությունների ինչպիսի՞ շրջանակ ունեք:


- Համագործակցում ենք ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի լավագույն, առաջատար մասնագետների հետ, իրականացնում փորձի փոխանակում: Մասնակցում ենք գիտաժողովների, վերապատրաստումներ անցնում Հայաստանում և արտերկրում` մեր  ծառայությունում ներդնելով համաշխարհային փորձը, վերջին նորությունները:


«Արմենիա» ՀԲԿ պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքը սերտ համագործակցում է նաև այրվածքային կենտրոնի հետ: Այդ համագործակցությունը հատկապես իրականացվում է վերականգնողական խնդիրների  շրջանակում` հյուսվածքային դեֆեկտների ժամանակ լաթերով ազատ փոխպատվաստումներ իրականացնելիս:


- Ինչպիսի՞ խնդիրներ կան Ձեր աշխատանքում:


- Խնդիրները շատ են. բժշկությունը ամենազարգացող ոլորտներից է և անընդհատ պետք է վերապատրաստվել, սովորել, գիտելիքները զարգացնել՝ ժամանակից հետ չմնալու համար: Հիմնականում խնդիրները համակարգային են, որոնք վերաբերվում են ամբողջ առողջապահական ոլորտին, որտեղ շատ անելիքներ կան:

16.11.2018