«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Պատվաստման ֆլեշմոբ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում

Պատվաստման ֆլեշմոբ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում

ՀՀ առողջապահության նախարարի հրամանի համաձայն (պետական պատվերի շրջանակներում սեզոնային գրիպի դեմ (Վաքսիգրիպ) պատվաստումներ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպել և իրականացնել կամավոր սկզբունքով…), «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում ս/թ դեկտեմբերի 10-ին կազմակերպվել էր պատվաստման իրականացման ֆլեշմոբ բուժանձնակազմի շրջանում: 


Միջոցառման կարևորությունը նրանում է, որ սուր շնչառական վարակիչ հիվանդություններից ամենատարածվածը գրիպն է, որը բնութագրվում է համաճարակների, երբեմն նաև պանդեմիաների` համավարկաների առաջացմամբ ու հղի է մի շարք լուրջ բարդություններով, որոնցից ամենատարածվածը թոքաբորբն է, ինչը մեծ վտանգ է ներկայացնում նաև բուժաշխատողների համար: Նրանք գրիպով հիվանդանալու տեսանկյունից ռիսկի խմբում են, քանի որ գրիպով հիվանդներն առաջինը դիմում են բուժաշխատողներին:

Ուստի շատ կարևոր է, որ բոլոր բուժաշխատողները պատվաստված լինեն գրիպի դեմ, քանի որ ցանկացած կառավարելի վարակիչ հիվանդության, այդ թվում նաև սեզոնային գրիպի դեմ, պայքարի ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է: Պատվաստվելով, առաջինը մարդն իրեն է պաշտպանում, և հետո նաև իր շրջապատին` կոլեկտիվ անընկալունակության ձեռքբերման միջոցով:

Պատվաստումներն անկացվեցին Վաքսիգրիպ և ԱԴՓ-Մ (դիֆթերիայի և փայտացման) պատվաստանյութերով, քանի որ, ելնելով աշխարհում դիֆթերիայի հիվանդացության լարված իրավիճակից, անհրաժեշտ է պատվաստվել նաև դիֆթերիայի դեմ: Աշխարհի մի շարք երկրներում` Հնդկաստան, Վենեսուելա, Հարավային Աֆրիկայի որոշ երկրներ, Ուկրաինա և այլն, արձանագրվել են դիֆթերիայից մահվան դեպքեր: Եվ, քանի որ ներկայում շփումները վերոնշյալ երկրների հետ, մասնավորապես` Հնդկաստանի ազգաբնակչության հետ մեծ են, դիֆթերիայի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն է ստանում:

 Պատվաստման ֆլեշմոբ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնումԽնդրին վերաբերող հարցերի շուրջ զրուցեցինք «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի համաճարակաբանության ծառայության ղեկավար Նունե Քրիշչյանի հետ:


–   Այսօր «Արմենիա» բժշկական կենտրոնի ամբողջ բուժանձնակազմը միանում է բուժաշխատողների շրջանում անցկացվող գրիպի և դիֆթերիայի պատվաստումների իրականացմանը: Այն կատարվում է ՔԿԱ կլինիկայում, քանի որ դիֆթերիայի կասկածի դեպքում պացիենտներն առաջինը դիմում են քիթ- կոկորդ-ականջաբաններին:

 

Մեր օրինակով ցանկանում ենք ցույց տալ, որ բժիշկները չեն վախենում պատվաստումներից, քանի որ դրա արդյունքում ենք կանխարգելում գրիպի և դիֆթերիայի հնարավոր բարդությունները: Գրիպի ժամանակ ամենատարածված բարդությունները թոքաբորբերն են, որոնց հետ հաճախ ենք առնչվում:

Պատվաստանյութը գրիպի A և B շտամերի, H-1 N-1 ենթատեսակների (խոզի գրիպ) դեմ է: Պատվաստանյութը ներարկվում է անհատական ներարկիչներով:

–   Հնարավո՞ր է կանխատեսել տվյալ տարվա սեզոնային ինֆեկցիաները և որքանո՞վ է հավանական, որ ինֆեկցիայի տարածման ժամանակ հենց այս շտամերը կլինեն:

 

 Պատվաստման ֆլեշմոբ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում
–   Սեզոնային վարակները կանխատեսել հնարավոր է, միշտ պետք է պատրաստ և աչալուրջ լինել, քանի որ վարակի վտանգը միշտ կա: Իհարկե, հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, ներկայում ևս առկա են A և B տիպի շտամերը և նրանց ենթատեսակները: Եվ հենց այդ ամենատարածված ենթատեսակներն էլ նախատեսված են այս պատվաստանյութի մեջ:

–   Նմանատիպ ֆլեշմոբ անցկացվե՞լ է նախկինում:

–   Ֆլեշմոբն անցկացվում է առաջին անգամ, բայց պատվաստումներն արդեն մի քանի տարի է, ինչ իրականացվում են: 2009 թվականից մենք առնչվել ենք այդ խնդրի հետ, ունեցել ենք բազմաթիվ հիվանդներ, նույնիսկ H-1 N-1 ենթատեսակով վարակված հիվանդներ, որոնք անկանխատեսելի կլինիկայով էին մեզ դիմում: Նման դեպքերը պատճառ էին, որ ակտիվ մասնակցենք այդ ոլորտին վերաբերող տարբեր գիտաժողովների, նաև վերապատրաստվենք: Մենք առաջնորդվում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության ընթացակարգերով և՛ բուժման, և՛ պատվաստումների հարցերում:

 

Եվ այսօր, ինչպես ամեն տարի, առաջինը կպատվաստվեմ ես:


 Պատվաստման ֆլեշմոբ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնումՎասակ Մելիքսեթյան, Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնի ՔԿԱ կլինիկայի ղեկավար

–   Որքանո՞վ է անհրաժեշտ այս միջոցառումը:

–   Սեզոնային գրիպի պատվաստումներն արդեն մոտ մեկ ամիս է կատարվում են հանրապետության տարբեր բուժհիմնարկներում: Այսօր այդ պատվաստումների ֆլեշմոբն է անցկացվում «Արմենիա» բժշկական կենտրոնում: Բուժաշխատողների շրջանում պատվաստումների անցկացման նպատակը մեր քաղաքացիներին օրինակ ծառայելն է, որովհետև կա կարծիք, որ բժիշկները խորհուրդ են տալիս, բայց իրենք չեն պատվաստվում: Այս կերպ փորձում ենք ցույց տալ, որ նման միջոցառումները կարևոր են, և բռնկումներից խուսափելու ճանապարհը սա է:

–   Որքանո՞վ է վտանգավոր դիֆթերիան մեծահասակների մոտ:

–   Վտանգը միշտ կա և կարևոր է, որ մեր ազգաբնակչությունը տեղեկացված լինի ինֆեկցիաների դեմ կանխարգելիչ միջոցառումների կարևորությանը: Դիֆթերիան ընթանում է սովորական անգինաների կամ վերին շնչուղիների կատարի ձևով, իսկ հետագա զարգացումները բերում են մի շարք բարդությունների, որոնցից խուսափելու համար կոչ ենք անում պատվաստվել:

 

 Պատվաստման ֆլեշմոբ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում  Պատվաստման ֆլեշմոբ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում


–   Պատվաստումից բարդություններ և ռեակցիաներ հաճա՞խ են հանդիպում, կա՞ն հակացուցումներ:

–   Պատվաստումից հետո կարող են լինել սովորական բարդություններ: Դրանցից է մի քանի օր տևող ջերմության բարձրացումը, որը բնականոն ընթացք է և անցնում է առանց հետևանքների: Քրոնիկ հիվանդները պետք է բժշկին տեղեկացնեն հիվանդությունների մասին, որպեսզի պատվաստումից հետո սրացումներ չլինեն: Հակացուցում կարող են լինել սրացման փուլում գտնվող որոշ քրոնիկ ծանր հիվանդությունները:

–   Պատվաստումները կամավո՞ր են: Կա՞ն հրաժարվողներ:

–   Իհարկե՛, դա յուրաքանչյուրի ցանկությամբ է իրականացվում: Մենք բացատրում, տեղեկացնում ենք պատվաստման կարևորության մասին, բայց մարդիկ ազատ են իրենց որոշման մեջ: Վստահեցնում եմ, որ մեր կլինիկայում հրաժարվողներ չկան:

 

 Պատվաստման ֆլեշմոբ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում

 

13.12.2018