«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Ընդհանուր վիրաբուժական ծառայութանը վերաբերող հարցերին պատասխանում է Արմինա Նալբանդյանը

Ընդհանուր վիրաբուժական ծառայութանը վերաբերող հարցերին պատասխանում է Արմինա Նալբանդյանը

–   Ինչպիսի՞ վիրաբուժական ախտաբանության դեպքերն են առավել հաճախ վիրահատվում Ձեր բաժանմունքում:


–   Քանի որ բաժանմունքն ընդհանուր վիրաբուժական է, վիրահատում ենք գրեթե բոլոր ախտաբանությունների ժամանակ, այսինքն, չկա կոնկրետ ուղղվածություն:  Բաժանմունքում իրականացվում են նաև գինեկոլոգիական պլանային վիրահատություններ, անհրաժեշության դեպքում հրավիրվում են համապատասխան նեղ մասնագետներ այլ բաժանմունքներից՝ ուրոլոգիայի, նեյրովիրաբուժության, անոթային և այլն:


–   Որքանո՞վ են կարևոր ընդհանուր վիրաբուժական հմտություններն, ընդհանրապես, ցանկացած վիրաբույժի համար:


–   Նեղ մասնագետ դառնալու համար, նախ, ընդհանուր վիրաբուժությունն են ուսուցանում և հետո միայն մասնագիտանում որևէ ուղղությամբ: Դա ճիշտ մոտեցում է, որովհետև խիստ նեղ մասնագիտացումն առանց ամբողջ օրգանիզմի նրբությունները հասկանալու, տվյալ օրգան-համակարգից դուրս որևէ բարդություն առաջանալու դեպքում, վիրաբույժին կարող է լուրջ խնդրի առաջ կանգնեցնել:


–   Կա՞ն հիվանդություններ, որոնք վերջին տարիներին առավել հաճախ են հանդիպում:


–   Շատ են դեպքերը և՛ անհապաղ ախտաբանության, և՛ տարբեր վնասվածքների, և՛ ուռուցքների:


Ներկայում շատացել են բարդացած, բարձիթողի դեպքերը, ուռուցքաբանական ախտաբանությունը: Պատճառները շատ են: Դրանցից մեկը տարեցների թվի աճն է, մեծավ մասամբ ուշ են դիմում բժշկի՝ սոցիալական վատ վիճակի պատճառով:


Պատճառներից է այն, որ մեզ մոտ հաճախ են գալիս այլ կլինիկաներում հետազոտված, բայց ինչ-ինչ պատճառներով չհոսպիտալացված, չբուժված և ավելի բարդացած վիճակով պացիենտներ: Երբեմն որևէ տեղ հետազոտվում են, հետո պարզվում է, որ համապատասխան բաժին չկա, կամ ֆինանսական խնդիրներ են ծառանում:


Իսկ չընդունել չենք կարող, հիվանդին ընդունում ենք… Անկախ ամեն բանից, կարևորն այն է, որ հիվանդն արդեն ժամանակին օգնություն է ստացել…


–   Անէսթեզիայի ո՞ր տեսակներն եք առավել հաճախ կիրառում:


–   Անէսթեզիան հիմնականում իրականացվում է ընդհանուր եղանակով՝ սպինալ, պերիդուռալ, երակային կամ ինտուբացիոն: Տեղային անէսթեզիայով շատ վաղուց վիրահատություններ չեն իրականացվում:


–   Վիրահատության դասական ձևերից բացի օգտագործվո՞ւմ են նոր մեթոդներ և որո՞նք են դրանք:


–   Մեր հիվանդանոցը բավականին մեծ է և բոլոր ծառայություններն առկա են մեզ մոտ, տարբեր բնագավառի, տարբեր ծանրության վիրահատություններ են իրականացվում: Կիրառվում են վիրահատության տարբեր եղանակներ՝ բաց վիրահատություն, լապարասկոպիա, էնդոսկոպիա: Վիրահատության ձևն ընտրվում է՝ ելնելով հիվանդի ախտաբանական վիճակից, բարդության աստիճանից: Էնդոսկոպիան օգտագործվում է արյունահոսությունները դադարեցնելու,  քարահեռացման, պապիլոմաների հեռացման և այլ դեպքերում:


Մեր վիրաբույժների խումբը գիտակ է և պրոֆեսիոնալ, բոլորը ձգտում են նոր մեթոդներ ներդնել, կիրառել: Նրանց մակարդակը թույլ է տալիս ամենաբարդ վիրահատություններն իրականացնել` փորձառության, նաև որոշ սարքերի շնորհիվ:  Կան նաև համակցված մասնագիտությամբ մասնագետներ, որոնք ավելի լայն գործունեություն կարող են ծավալել: Հիանալի, բանիմաց կլինօրդինատորներ ունենք, և ցավալի կլինի, եթե այստեղ ապագա չտեսնելով՝ հեռանան երկրից: Այսօր շատերն են հեռանում:


–   Ժամանակի ընթացքում եղե՞լ են զարգացումներ:


–   Ժամանակի ամենակարևոր դերը, կարծում եմ, փորձառության ձեռք բերումն է, հատկապես, որ մեզ մոտ հիմնականում ընդունվում են չափազանց ծանր հիվանդներ՝ ծանր դեպքերով: Դրա պատճառն է նաև այն, որ ժամանակին այս հիվանդանոցը հանրապետական հիվանդանոց էր և մարզերից բոլոր ծանր հիվանդներն այստեղ են դիմում:


–   Ձեր աշխատանքի ընթացքում առավել հաճախ ի՞նչ բարդություններ են հանդիպում:


–   Որքան ավելի վաղ ժամկետներում են դիմում, այնքան արդյունքն ավելի լավ է, և բարդությունների հավանականությունն՝ ավելի քիչ: Օրինակ, եթե ուռուցքային խնդիրներով դիմած հիվանդների մոտ ուշացած դեպքեր են լինում, ապա վիրահատությունից հետո հետագայում մետաստազների, մահվան ելքի տոկոսն ավելի բարձր է լինում:


Բարդությունների զարգացումը կախված է նաև հիվանդության ընթացքից:


–   Հիվանդների հետ կապ և հսկողություն իրականացվո՞ւմ է վիրահատությունից հետո:


Մեր վիրահատած հիվանդները հիմնականում կապ են պահում և տեղեկություններ ենք ստանում նրանցից կամ ծանոթներից:
Ի՞նչ խնդիրներ կարող եք նշել, որոնք լուծում են պահանջում:


Խնդիրներ շատ կան. դրանց հիմնական մասը սոցիալական է. Հիվանդներն ուզում են բուժվել, բայց փող չունեն և հաճախ ստիպված են հրաժարվել հետազոտություններից և մնալ առանց բժշկական օգնության: Այդ պատճառով պետք է լինի բժշկական ապահովագրություն: Եթե այդ համակարգը նորմալ գործի, շատ հարցեր լուծում կստանան:


–   Ձեր խորհուրդը պացիենտներին


Վաղ դիմեն բժշկի, այդ ժամանակ բժշկի ջանքերը կարող են ցանկալի արդյունք չունենալ:

 

Արմինա Ռոբերտի Նալբանդյան,
Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբույժ

 

29.01.2019