«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Լուրեր

Էլեկտրասրտագրություն և հոլտեր մոնիտորինգ. հարցազրույց Նարինե Պետրոսյանի հետ

Էլեկտրասրտագրություն և հոլտեր մոնիտորինգ. հարցազրույց Նարինե Պետրոսյանի հետ

Որքա՞ն ժամանակ է օգտագործվում էլեկտրասրտագրությունը և նոր մեթոդների շարքում արդյոք չի՞ նվազել նրա դերը:


Շուրջ 100 տարի է, ինչ էլեկտրասրտագրությունը (ԷՍԳ) մուտք է գործել կլինիկա, սակայն այն չի կորցրել իր առաջատար դերը սրտի գործունեությունը ուսումնասիրող ժամանակակից մեթոդների  շարքում` մնալով ամենակիրառելի և մատչելի մեթոդը:

Ի՞նչ է բացահայտում Էլեկտրասրտագրությունը:


Սրտի  գործունեությունը պայմանավորված է իր հիմնական ֆունկցիաներով` ավտոմատիզմի, հաղորդականության, դրդման: ԷՍԳ-ն, լինելով սրտամկանի բիոէլեկտրական պոտենցիալներն ուսումնասիրող մեթոդ, հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու հիմնական  ֆունկցիաների, մասամբ էլ՝ կծկողական ֆունկցիայի մասին, ինչպես նաև, այնպիսի կարևոր էլեկտրաֆիզիոլոգիական պրոցեսների մասին, ինչպիսինն են ռեֆրակտերությունը և աբերանտությունը:

Որո՞նք են ԷՍԳ ցուցումները:

Իհարկե, ցանկալի է, որ 30-անց տարիքի բոլոր անձիք անցնեն էլեկտրասրտագրություն: Մեթոդը ցուցված է սրտի  շրջանի  ցավերի ժամանակ. ավելի բնորոշ են սեղմող բնույթի, ճառագայթող, երբեմն կարճատև ցավերը: Ցուցված 1 հաճախասրտության, հազվասրտության, ռիթմի խանգարումների` առիթմիաների ժամանակ:

 

Էլեկրասրտագրությունն ունի՞ արդյոք վնասակար ազդեցություն օրգանիզմի վրա:


ԷՍԳ  մեթոդի առավելություններից է նրա միանգամայն անվնաս և անցավ լինելը, ինչը հնարավորություն է տալիս հետազոտությունը կրկնել անհրաժեշտ թվով և հաճախականությամբ:

Ինչո՞ւ է երբեմն էլեկտրասրտագրությունը կատարվում այս կամ այն դեղորայքի օգտագործմամբ:


Կատարվում է նաև ԷՍԳ  դեղորայքով` նիտրոգլիցերինով, ատրոպինով, ճշտելու թաքնված արյան շրջանառության առկայությունը, դիֆֆերենցելու ավտոմատիզմի և հաղորդականության խանգարումները:

Ո՞ր դեպքում է հարկ լինում ԷՍԳ-ից հետո դիմել սրտի հետազոտման այլ մեթոդների:

Սրտաբանի, թերապևտի ցուցումով, իսկ վերը նշված փոփոխությունների ախտորոշման դեպքում, անհրաժեշտ է շարունակել հետազոտությունները:

Կա՞ն նոր զարգացումներ ԷՍԳ մեթոդի մեջ:

Այս տարիների ընթացքում առաջարկվել են հետազոտության ավելի խորացված մեթոդներ. արտածումներ` առաջարկված տարբեր հեղինակների կողմից, կերակրափողային արտածումներ, 35 կրծքային արտածումներով ԷՍԳ՝ այսպես կոչված հարկրծքային քարտեզավորում: Փոփոխության են ենթարկվել նաև սարքավորումները, կիրառության մեջ են մտել համակարգչային վերլուծությամբ սրտագրության սարքավորումներ:

Ի՞նչ է իրենից ներկայացնում սրտագրության Հոլթեր մեթոդը:


Բաժանմունքում կատարվում է նաև ԷՍԳ երկարատև դիտարկում: Մեթոդն առաջարկվել է Նորման Հոլթերի կողմից դեռևս 1961թ.-ին և կրում է հեղինակի անունը` Հոլթեր մոնիտորինգ:


Մեթոդը հնարավորութուն է տալիս գրանցելու Էլեկտրասրտագրության ինչպես կայուն, այնպես էլ անցողիկ փոփոխությունները, ախտորոշելու սրտային տարբեր ախտահարումներ, նաև գնահատելու բուժման ընթացքում կիրառվող դեղորայքի անհատական էֆեկտիվությունը և, որ շատ էական է, գրանցումը կատարվում է հետազոտվողի ազատ ակտիվության պայմաններում:

Ինչո՞վ են տարբերվում Հոլտերի և ԷՍԳ-ի տեխնիկաները միմյանցից:

ԷՍԳ-ը կատարվում է ԷՍԳ-ն կաբինետում, որտեղ հետազոտվողի ձեռքերին և ոտքերին միացնում են էլեկտրոդները, կրծքավանդակի համապատասխան կետերում դրվում են կրծքային էլեկտրոդները և գրանցվում է էլեկտրասրտագիրը:


«Հոլտեր» մոնիտորինգ հետազոտության ժամանակ հատուկ սարքի էլեկտրոդները փակցվում են հետազոտվողի կրծքավանդակին, միացվում է ապարատը և հետազոտվողը գնում է տուն: Հաջորդ օրը հետազոտվողից հանվում է սարքը և վերծանվում:

Նարինե Պետրոսի Պետրոսյան,
Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնի ԷՍԳ, Հոլթեր»մոնիթորինգ բաժնի վարիչ՝ 

14.03.2019