«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Միջնադարյան մեթոդը կօգնի բժիշկներին կանգնեցնել մանրէների աճը

Միջնադարյան մեթոդը կօգնի բժիշկներին կանգնեցնել մանրէների աճը

Մանրէները վտանգավոր հիվանդությունների հիմնական պատճառ են, այդ պատճառով հիվանդանոցներում կարևոր է ամեն բան շատ մաքուր վիճակում պահել: Բժշկական գործիքների մակերեսին կուտակվելով, հիվանդագին միկրոբները կարող են դառնալ մահացու վարակների օջախներ, որոնք ընդունակ են ախտահարել թույլ պացիենտներին: Ինչպես հայտնի է, կանխարգելումը գերադասելի է բուժումից, դրա համար Աստոն Համալսարանի հետազոտողները մշակել են նոր նյութ, որը պատրաստվում է միջնադարյան տեխնոլոգիայով և արդյունավետ կերպով ոչնչացնում է վարակների հարուցիչներին:


Նոր նյութն իրենից ներկայացնում է կենսակտիվ ապակի, նրա կազմի մեջ մտնում են տարբեր մետաղներ, որոնք մշտական արագությամբ իոններ են անջատում: Մետաղի տեսակից կախված, նյութը կարող է օրգանիզմի վրա տարբեր ազդեցություն ունենալ: Օրինակ. նպաստել ոսկրերի ամրացմանը: Ավելի վաղ պարզվել էր, որ կենսակտիվ ապակին կարելի է հաջողությամբ օգտագործել ատամների պլոմբավորման համար:


Գիտնականների կողմից ստեղծված նյութը կազմված է կոբալտի խառնուրդով ապակուց: Այդ խառնուրդն այրվում է վառարանում 1000 աստիճանում: Այդպիսի տեխնոլոգիա է կիրառվել միջնադարում վիտրաժային ապակի ստանալու համար, որը, որպես կանոն, օգտագործվել է վանքերի զարդարման համար:


Որպեսզի ստուգվի, թե որքանով է նման ապակին մանրէների ոչնչացումն իրականացնում, հետազոտողները այն դրել են Պետրիի թասի մեջ, որը լցված է եղել ախտածին մանրէներով: Պարզվել է, որ որքան շատ կոբալտ է պարունակում նյութը, այնքան ավելի արդյունավետ է ոչնչացնում մանրէները: Օրինակ. աղիքային ցուպիկը լիովին ոչնչացել է 6 ժամվա ընթացքում, իսկ արյան վարակ և թոքաբորբ առաջացնող ոսկեգույն ստաֆիլոկոկը ոչնչացել է 24 ժամում:


Պարզվել է, որ միկրոբները ոչնչանում են մետաղների իոնների հետ հանդիպելով, նրանց պատերը պարզապես քայքայվում են: Ավելին, որոշ մանրէներ սպանվում են անգամ նյութի հետ անմիջական շփում չունենալով: Գիտնականները կարծում են, որ ապակին ընդունակ է ոչնչացնել նույնիսկ այն մանրէները, որոնք ձեռք են բերել հակաբիոտիկների նկատմամբ կայունություն: Դրանցով կարելի է պատել տարբեր գործիքներ, որոնք ընդունակ են կանխարգելել վարակը հենց վիրահատական միջամտությունների ժամանակ:

 

Սկզբնաղբյուր՝ news.ru

26.03.2019