«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Լուրեր

Շաքարային դիաբեդը տարածման և երիտասարդացման միտում ունի. ինչպես խուսափել բարդություններից

Շաքարային դիաբեդը տարածման և երիտասարդացման միտում ունի. ինչպես խուսափել բարդություններից

Վիճակագրությունը փաստում է, որ շաքարային դիաբետ հիվանդությունն ունի ոչ միայն տարածման, այլև երիտասարդացման միտում: Եթե 2011 թվականին ամբողջ աշխարհում կար այս հիվանդությունն ունեցող 266 միլիոն մարդ, ապա 2015 թվականին նրանց թիվն արդեն հասել էր 514 միլիոնի: Փորձագետների գնահատմամբ` 2040 թվականին շաքարային դիաբետով հիվանդաների թիվը կլինի 642 միլիոնի սահմաններում:

Յուրաքանչյուր 10 վայրկյանը մեկ երկրագնդի վրա ավելանում է 1 շաքարախտով հիվանդ, ինչը նշանակում է 7 միլիոն մարդ` տարեկան: Մեկ տարվա ընթացքում շաքարային դիաբետից մահացողների թիվը 4 միլիոն է:

Թեև գիտությունն առաջ է ընթանում, բժշկության հնարավորություններն ընդլայնվում ու կատարելագործվում են, այդուհանդերձ, հիվանդությունը շարունակում է տարածվել: Որո՞նք են այն հիմնական պատճառները, որոնք բերում են հիվանդության տարածմանը: Արմենիա բժշկական կենտրոնի ներզատաբանական բաժանմունքի վարիչ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դոցենտ, «էնդոկրինոլոգների համահայկական միության» նախագահ Լուսինե Մամիկոնյանի ներկայացմամբ` շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, մետաբոլիկ խանգարումներով: Առաջին հիմնական պատճառներից մեկը քաշի ավելացումն է. 21-րդ դարում ճարպակալումը դարձել է ամենատարածված դրսևորումներից մեկը, որն իր հերթին բերում է արյան ճնշման բարձրացման, գլյուկոզայի մակարդակի աճի, շատ այլ բարդությունների:

Նրա խոսքով՝ շաքարային դիաբետի տարածումը մեծապես կապխած է սննդակարգից, էկոլոգիայի վիճակից, նստակյաց կյանքից: 21-րդ դարին բնորոշ է քիչ քայլելը, արագ սննդի հաճախակի ընդունումը, որոք նույնպես նպաստում են մարդկանց ճարպակալմանը:

Պատասխանելով հարցին, թե ինչ ախտանիշների ի հայտ գալուց է անհրաժեշտ դիմել բուժհաստատություն, բժշկուհին նշեց, որ նախ պետք է ուշադրություն դարձնել կլինիկորեն արտահայտված բերանի չորությանը, հաճախամիզությանը, գիշերամիզությանը: Նաև՝ արձանագրվում է քաշի նվազում. բառացիորեն 1 ամսում հիվանդը կարող է մոտ 6 կգ քաշ գցել: «Եթե նկատում եք, որ ավելի հաճախ եք սկսել ջուր խմել, հատկապես ածխաջրերով հարուստ սնունդ ընդունելուց հետո, ապա անպայման պետք է դիմել բժշկի՝ առաջին օղակ՝ պոլիկլինիկա»,-հորդորեց Լուսինե Մամիկոնյանը:
Որքանո՞վ է բուժելի և որքանո՞վ է այսօրվա բժշկությունն իր կարողություններով ունակ չեզոքացնել վատ հետևանքները: Ըստ բաժանմունքի վարիչի՝ գործ ունենք անբուժելի, քրոնիկ, ծանր հիվանդության հետ: Այն իր հերթին բերում է բազմաթիվ բարդությունների՝ հիմնականում անոթային, տեսողության վատացման, աչքի հատակում բավականին բացասական փոփոխություններ են առաջանում, երիկամների լուրջ խանգարումներ արձանագրվում: Խնդիրներ են առաջանում սիրտ-անոթային համակարգի, ստորին վերջույթների հետ կապված:

«Հետևանքների մեղմումը շատ բանով կախված է բժշկի մոտեցումից և հիվանդի գիտակցությունից: Վերջինս պետք է հասկանա, որ անհրաժեշտ է հրաժարվել շատ-շատ բաներից, որը նախկինում արել է: Խուսափել փողոցում սնվելուց, արագ սննդի, գազավորված ջրերի օգտագործումից: Զուգահեռաբար հարկ է շատ ժամանակ հատկացնել ֆիզկուլտուրային, մաքուր օդին քայլելուն: Ապրելակերպն ամբողջությամբ վերանայելու կարիք է առաջանում»,-ասաց դոցենտ Մամիկոնյանը՝ հավելելով, որ, եթե այս ամենից հետո բարելավվում չի արձանագրվում, նոր միայն անցում է կատարվում հակադիաբետիկ հաբերի օգնությամբ բուժմանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե որքանո՞վ է հայաստանյան իրականության մեջ արդյունավետ կազմակերպվում դիաբետով հիվանդների հետ տարվող աշխատանքը, որքանո՞վ է մեզանում բարձր առկա մասնագիտական պատրաստվածությունը, «էնդոկրինոլոգների համահայկական միության» նախագահը ձեռնպահ մնաց գնահատելու այլ մասնագետների գործունեությունը, նշելով, որ յուրաքանչյուրն ունի իր մոտեցումները, գիտելիքներն ու աշխատելոճը: Հայաստանում առկա են մեծ թվով ներզատաբաններ, և ներկայում անգամ առկա է անհամապատասխանություն պատրաստվող կադրերի և պահանջարկի միջև: «Ավելի լավ է քիչ թվով մասնագետներ պատրաստվեն և շեշտը դրվի մասնագետական որակների զարգացման վրա»,-ընդգծեց բժշկուհին:

Հիվանդներին դեղորայքային ապահովումը պետությունը մեծամասամբ իր վրա է վերցրել: Ինսուլոթերապիայի հակադիաբետիկ բուժումն ապահովում է առաջին օղակը՝ ինսուլինը հիվանդներին տրամադրում է պոլիկլինիկան: «Հիմնականում տրվում է այն դեղամիջողը, որը գնվում է պետության կողմից: Ինչ խոսք, ավելի լավ կլիներ, եթե ընտրությունն ավելի մեծ լիներ՝ հատկապես հակադիաբետիկ պրեպարատների առումով, ապահովվեր այլընտրանք՝ կապված հիվանդի մոտ առկա խնդրից»,-նշեց Լուսինե Մամիկոնյանը:

Ըստ «էնդոկրինոլոգների համահայկական միության» նախագահի՝ կարևոր է, որ բնակչությունը պահպանի կանխարգելիչ միջոցառումների ռեժիմը՝ հետագա բարդություններից խուսափելու համար: Այս առումով Միությունը փորձում է ճանաչողական ամենատարբեր միջոցառումներ կազմակերպել, այդ թվում՝ տարբեր բնակավայրերում գլյուկոզոյի մակարդակի զանգվածային ստուգումներ: «Ցավոք, մեր բնակչության մենթալիթետն այնպիսին է, որ մինչև «դանակը ոսկորին չի հասնում»՝ բժշկի չեն դիմում: Միչդեռ հիվանդության վաղ շրջանում միջամտությամբ կարելի է խուսափել բազմաթիվ բարդ հետևանքներից»,- հավելեց Արմենիա բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիայի բաժանմունքի վարիչը:

 

Սկզբնաղբյուր՝ LADYNEWS.am

 

07.05.2019