«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Լուրեր

Էլեկտրոէնցեֆալոգրաֆիկ հետազոտություն. հարցազրույց «Արմենիա» ԲԿ նեյրոֆիզիոլոգ Աննա Չախոյանի հետ

Էլեկտրոէնցեֆալոգրաֆիկ հետազոտություն. հարցազրույց «Արմենիա» ԲԿ նեյրոֆիզիոլոգ Աննա Չախոյանի հետ

Ի՞նչ է էլեկտրոէնցեֆալոգրաֆիկ (ԷԷԳ) հետազոտությունը:

 

Էլեկտրոէնցելոգրաֆիան գլխուղեղի ֆունկցիոնալ, ոչ ինվազիվ հետազոտություն է բիոէլեկտրական ակտիվության գրանցման միջոցով։ Այն գրեթե անփոխարինելի հետազոտություն է էպիլեպսիաների դեպքում: Հնարավորություն է տալիս ի հայտ բերել  էպիլեպտոգեն օջախները, պարզել, թե որ բլթում է առաջանում էպիլեպտիկ ակտիվությունը, ի՞նչ տեսակի է՝ մասնակի՞, թե՞ գեներալիզացված:


Այս ամենը շատ կարևոր է դեղորայքի ընտրության և կարգավորման հարցում ՝ ի՞նչ դոզայով հիվանդն ընդունեց դեղը, դոզան համապատասխա՞ն էր, թե ոչ, օգնե՞ց, թե՞ ոչ, ավելացնե՞լ, պակասեցնե՞լ, նույնը թողնե՞լ, թե՞ փոխել: Դրանով պետք է հասնել նրան, որ ուղեղում էպիլեպտիկ ակտիվությունը վերանա:

 

Էպիլեպսիայից զատ, ո՞ր հիվանդությունների ժամանակ է կարևոր ԷԷԳ հետազոտությունը:


Այլ հիվանդությունների դեպքում էլեկտրաէնցեֆալոգրաֆիան նվազագույն տեղեկատվություն է տալիս և առանձնապես դեր չունի, оրինակ, բորբոքային, անոթային, գլխուղեղի ուռուցքային և այլ գոյացությունների ժամանակ: Կարող է գլխուղեղում մեծ գոյացություն լինել, սակայն ԷԷԳ արդյունքները լինեն նորմայի սահմաններում: Այդ պատճառով չի կարելի բավարարվել ԷԷԳ-ով և հիվանդի գանգատների դեպքում բժիշկը պետք է կողմնորոշվի, թե ինչ ուղղությամբ, որ հիվանդության մասին պետք է մտածել և ինչ հետազոտություններ անել: Նման դեպքերում օգնության են գալիս ՄՌՏ, ՀՏ-ն: Նյարդաբանության մեջ առաջնությունը տրվում է ՄՌՏ-ին:


Կան էնցեֆալոպաթիաների տեսակներ, որոնք առաջացնում են լուրջ դեմենցիաներ, և դրանց դեպքում ԷԷԳ-ն տեղեկատվական է այնքանով, որքանով որ արձանագրում է դեմենցիայի փաստը, բայց որևէ այլ տեղեկատվություն չի տալիս:

Ի՞նչ է իրենից ներկայացնում ԷԷԳ սարքը և ո՞րն է հետազոտության իմաստը:


Սարքը համակարգչային է, հատուկ ծրագրով: Հիվանդի գլխամաշկին  փակցվում են էլեկտրոդներ, երկու կողմից, նախատեսված դաշտերում․ քունքային, ճակատային, ծոծրակային, գագաթային և կենտրոններում: Հետազոտության նպատակն է հայտնաբերել ախտաբանական շեղումներ գլխուղեղում։

 

Ժամանակի ընթացքում զարգացում ապրե՞լ է սարքը:


Այո, այն անալոգայինից, դարձել է թվայնացված, և ծրագիրը հնարավորություն է տալիս հետազոտությունն անցկացնել բազմաթիվ արտածումներից:

Որքանո՞վ է հետազոտությունը ճշգրիտ և հնարավո՞ր է էպիլեպսիայի ժամանակ նորմալ ԷԷԳ գիր ստանալ


Էպիլեպսիաների դեպքում երբեմն կարող է ԷԷԳ-ն նորմալ լինել․ պատճառը կարող է լինել օջախի խորանիստ տեղակայումը, ստացած հակաէպիլեպտիկ դեղորայքը:


Հետազոտությունից առաջ պե՞տք է նախապատրաստվել:


Հատուկ նախապատրաստման անհրաժեշտություն չկա։ Մաքուր գլխամաշկ։ Անհրաժեշտ է բժշկին տեղեկացնել ընդունած դեղորայքի մասին:

Հետազոտության ժամանակ օգտագործվո՞ւմ են օջախն ի հայտ բերող միջոցներ:

Որպեսզի ակտիվությունն ի հայտ գա, կատարվում են պրովոկացիոն թեստեր՝ խորը շնչառություն, որն ուղեղում ալկալոզ է առաջացնում և ակտիվացնում է ախտաբանական բջիջների աշխատանքը, օգտագործվում է քնի և դեղորայքի դեպրիվացիա /զրկանք/։ Կարմիր գինին ևս պրովոկատոր է։ Մասնագիտացված կլինիկաներում կան հատուկ սենյակներ, որտեղ հիվանդները քնում են և գրանցվում է քնի ամբողջ ընթացքը: Կա մոնիտորային հասկացություն, դա 24 ժամյա էէԳ-ն է, երբ և՛ քունն է գրանցվում, և՛ արթուն վիճակը: Այլ թեստեր էլ կան՝ ֆոտոստիմուլյացիա. տարբեր հաճախականությունների վրա լուսային էֆեկտ է տրվում փակ աչքերին և ցանցենու վրա ընկած լույսը դրդում է ուղեղը ու, եթե կա էպիլեպտոգեն օջախ, այն ի հայտ է գալիս:


Հետազոտությունն ունի՞ վտանգներ և հակացուցումներ


ԷԷԳ-ն բացարձակապես հակացուցում չունի և ոչ մի վտանգ չի ներկայացնում:


Կա՞ պետպատվերով իրականացվող հետազոտություն և բոլո՞ր զինակոչիկներն են այս հետազոտությունն անցնում:


Այո, պետպատվերի ծրագիրը գործում է, և բավականին կանոնակարգված է։ Հիվանդը պատրաստում է համապատասխան փաստաթղթեր, հերթագրվում է և ստանում հետազոտությունը: Այո,  բոլոր զինակոչիկներն այս հետազոտությունն անցնում են:

23.04.2019