«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Միոգրաֆիա. Հարցազրույց Աննա Չախոյանի հետ, «Արմենիա» ԲԿ նեյրոֆիզիոլոգ

Միոգրաֆիա. Հարցազրույց Աննա Չախոյանի հետ, «Արմենիա» ԲԿ նեյրոֆիզիոլոգ

Ի՞նչ է էլեկտրոմիոգրաֆիան:


Էլեկտրոմիոգրաֆիան մկանների էլեկտրական ակտիվության գրանցումն է, բիոէլեկտրական պոտենցիալների հետազոտման մեթոդ է, որոնք առաջանում են մկաններում և նյարդերում /էլեկտրոնեյրոգրաֆիա/։ Հետազոտությունը կատարվում է էլեկտրոմիոգրաֆի օգնությամբ։


Ո՞ր հիվանդությունների դեպքերում է կիրառվում:


Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան բավականին տեղեկատվական է բոլոր  պերիֆերիկ նյարդային և նյարդամկանային հիվանդությունների դեպքում`  մոնոնեյրոպաթիաների, սուր, քրոնիկ բորբոքային և մի շարք ժառանգական պոլինեյրոպաթիաների, ռադիկուլոպաթիաների, դիմային նյարդի ախտահարումների, մետաբոլիկ միոպաթիաների, միոզիտների, միոդիստրոֆիաների, միասթենիայի և այլն ։


ԷՆՄԳ -ն հնարավորություն է տալիս տարբերակիչ ախտորոշում անցկացնել նեյրոպաթիաների և ռադիկուլոպաթիաների միջև, միոպաթիաների, միելոպաթիաների և բազմակի մոնոնեյրոպաթիաների միջև, ինչը չափազանց կարևոր նշանակություն ունի, քանզի բուժման մարտավարությունը խիստ տարբեր է։


Ի՞նչ է իրենից ներկայացնում միոգրաֆիայի սարքը:


Էլեկտրոմիոգրաֆը կմախքային մկանների բիոպոտենցիալների տարբերության փոփոխությունների գրաֆիկական գրանցման սարք է։ Միոգրաֆը համակարգչային ծրագիր է,  ունի էլեկտրոդներ՝ մակերեսային և խորանիստ /ինվազիվ/ (ասեղային): Մակերեսայինի դեպքում էլեկտրոդները փակցվում են մկանին, նյարդին հաղորդվում է ստիմուլ և գրանցվում է շարժիչ միավորի գործողության պոտենցիալը: Ասեղայինի դեպքում բարակ ասեղը ներառվում է մկանի մեջ և գրանցվում են մկանային պոտենցիալները։


Սարքերը վերջին տարիներին մեծ զարգացում չեն ապրել։ Ճիշտ է ծրագրերը ավելի համակարգված են դարձել և աշխատանքը հեշտացել է։ Սակայն հայաստանում 25 տարուց ավելի  գործել է, և առաջինը «Արմենիա» ՀԲԿ- ում,  լավագույն, ճապոնական արտադրության հզոր և բազմածրագրային Էլեկտրոնեյրոմիոգրաֆը։

Պե՞տք է նախապատրաստվել հետազոտությանը:


Հատուկ նախապատրասում չի պահանջվում։ Մարմնի մաքուր մակերես։ Ցանկալի է հետազոտությունից առաջ բացառել կոֆեինը, նիկոտինը և որոշ դեղորայք, ազդող նյարդամկանային հաղորդչականության վրա:

Ինչպիսի՞ն է հետազոտության ընթացքը և որքա՞ն է տևողությունը:


Հետազոտության տևողությունը անհատական է և կախված է ախտորոշումից, միջինը 30-60 րոպե։
Հետազոտությունը առաջացնում է որոշակի, սակայն տանելի, դիսկոմֆորտ էլեկտրական իմպուլսի մատուցման և ասեղի տեղադրման ընթացքում։


Ինչպիսի՞ն է հետազոտության ճշգրտությունը:


Հետազոտությունը բավականաչափ ճշգրտություն և տեղեկատվություն ունի։

Վտանգավո՞ր է հետազոտությունը և որքա՞ն հաճախ է այն հնարավոր կրկնել:


Գրագետ անցկացված հետազոտությունը բացարձակ անվնաս է և հաճախականության սահմանփակում չկա։

Հետազոտությունն ունի՞ հակացուցումներ:


Հետազոտությունն ունի անհատական մոտեցում։ Որոշ դեպքերում հետազոտություն կատարելն է դժվարացած, նույնիսկ անհնար է:

 

Օրինակ՝ վերջույթի արտահայտված այտուցի դեպքում, կամ չհանվող լանգետների դեպքում։ Հակցուցումներից են՝ սրտի ռիթմավարի առկայությունը, արյան պաթոլոգիաները, մասնավորապես հեմոֆիլիան։


Կարելի՞ է միեգրաֆիան փոխարինել այլ հետազոտությամբ:


Հետազոտությունն անփոխարինելի է որոշ հիվանդությունների դեպքում:

10.05.2019