«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Ցավ. հարցազրույց նյարդաբան Ազնար Այդինյանի հետ

Ցավ. հարցազրույց նյարդաբան Ազնար Այդինյանի հետ

Ի՞նչ է ցավը:


Ցավն ախտանիշ է, օրգանիզմի ինդիկատոր: Ցավը վկայում է որևէ հյուսվածքի վնասման մասին: Այն պաշտպանիչ մեխանիզմ է, որը ցույց է տալիս, որ վնասված հյուսվածքն այլևս չի դիմանում իր վիճակին:


Եթե ինչ-որ տեղ ցավ կա, պետք է հասկանալ, թե ինչն է դրա պատճառը: Երբեք պետք է անտարբեր չլինել ցավի նկատմամբ, որովհետև հենց այնպես ոչինչ չի ցավում:


Ցավը բնութագրվում է հուզական, վարքի փոփոխությամբ, ինչպես նաև` հոգեկան տառապանքով: Պարտադիր չէ, որ ցավի ժամանակ միշտ և անպայման հյուսվածքի փոփոխություն լինի, կարող է դրսևորվել նաև ենթադրյալ հյուսվածքի վնասում, այսինքն, ցավը կարող է լինել նաև հոգեծին:


Որո՞նք են ցավի պատճառները:


Ցավի պատճառները բազմազան են: Ցավի դեպքում պետք է ժխտվեն նախ` սոմատիկ և դրանց կողմնային պատճառները, և միայն դրանից հետո` ցավը կարելի է դիտարկել նյարդաբանական տեսանկյունից:


Հոգեծին ցավի դեպքում որևէ օրգանական պատճառ չկա: Նման դեպքերում ճիշտ է դիմել հոգեբաններին, հոգեթերապևտներին, հոգեբույժներին: Դա կարող է լինել նևրոզների, հիսթերիայի, ասթենիզացիայի ժամանակ:


Ներկայում Հայաստանում արդիական խնդիր է վիտամին D-ի դեֆիցիտը, որը նույնպես կարող է քրոնիկ ցավային համախտանիշի պատճառ լինել: Եվ, եթե դիտվում են թափառող, տարածուն ցավեր, անհրաժեշտ է անպայման ժխտել վիտամին D-ի, նաև` կալցիումի դեֆիցիտը: Տվյալ տեսանկյունից ցավային համախտանիշի բուժման պարագայում անհրաժեշտ է համագործակցել էնդոկրինոլոգի, ռևմատոլոգի հետ:


Ի՞նչ դեր ունի ժառանգականությունը ցավի արտահայտման մեջ և ի՞նչ է ցավային շեմը:


Ժառանգորեն հիվանդին փոխանցված բնավորությունը, խառնվածքը կարող են նպաստել ցավի ոչ համապատասխան ընկալմանը: Եվ հաճախ խառնվածքն է պատճառը, որ հիվանդները տարբեր վերաբերմունք են ցուցաբերում բնույթով նույն ցավին: Մի հիվանդի մոտ նույն ցավը կարող է շատ սաստիկ, բուռն ընկալվել, իսկ մի այլ հիվանդի մոտ՝ ավելի թույլ: Դա ցավային շեմի տարբերությունների հետևանք է, և հարկավոր է ուշադրություն դարձնել դրան:


Շեմի տարբերություն կարող է առաջանալ նաև այլ պատճառներով: Քրոնիկ ցավը, երբ այն տևում է տարիներ շարունակ, և հիվանդի համար բոլոր բուժական միջոցառումները փաստվում են անօգուտ, իջնում է ցավի շեմը և բերում հոգեկան հյուծման: Հիվանդը բուռն է արձագանքում նախկինում տարած ցավին: Դա կարող է լինել նեյրոպաթիաների ժամանակ՝ դիաբետիկ, դիսմետաբոլիկ, դիսէլեկտրոլիտային, դիսհորմոնալ, այդ թվում նաև` վահանագեղձի հիպո-, հիպերֆունկցիաների հետևանքով:


Ցավի ի՞նչ տեսակներ կան:


Ըստ ցավի առաջացման ու տևողության ժամանակի, այն կարող է լինել սուր և քրոնիկ: Ցավերը լինում են առաջնային և երկրորդային: Կան տարբեր դասակարգումներ, դրանք բոլորը թվարկել հնարավոր չէ մեկ զրույցի շրջանակում:


Ամենաանտանելի ցավը նեյրոպաթիկ ցավն է, որն առաջանում է  մարմնի ծայրամասային նյարդերի ախտահարման պատճառով: Այն առավել տարածված է շաքարային դիաբետով տառապող հիվանդների մոտ: Դիաբետի ժամանակ դիտվում է ցավի որակի փոփոխություն, որը կարող է դրսևորվել այրոցով, թմրածության զգացողությամբ, ցավերով, որոնք հատկապես սաստկանում են գիշերային ժամերին և, օրինակ, կարող են սկսվել որևէ առարկայի, կամ անգամ սավանի հետ շփման հետևանքով:


Ցավի տեսակներից է միոֆասցիալ ցավը, որի ժամանակ դիտվում է մկանների, ջլերի, կապանների ախտահարում, ընդ որում, պատճառ կարող է լինել նույնիսկ մկանային լարվածությունը: Կարող են արտահայտվել նաև հոդային ցավերով: Նման դեպքերում հարկ է դիմել ռևմատոլոգի:


Ցավի բուժման համար կարևոր են մի քանի ցուցիչներ, որոնք պետք է պարզել հիվանդների օգնությամբ: Նրանք պետք է բացատրեն, թե որտե՞ղ է ցավը տեղակայված, ճառագայթո՞ւմ է, թե՞` լոկալ է, ինչպիսի՞ն է ցավի բնույթը, սաստկությունը, տևողությունը՝ այն կա՞րճ է, նոպայաձև՞, ամբողջ օ՞րն է ցավում և այլն:


Ցավի ժամանակ, նախ, պետք է փնտրել սոմատիկ պատճառները: Բոլոր օրգանական պատճառները ժխտելուց հետո միայն պետք է մտածել հոգեծին ցավի մասին, որովհետև նյարդաբանական հիվանդներից 90 տոկոսի մոտ առկա է ցավ:


Հատկապես հարկ է զգույշ լինել որովայնի ցավերի դեպքում: Այդ ցավերը կարող են լինել երկու տեսակի՝ սոմատիկ և վիսցերալ: Սոմատիկ ցավի դեպքում ցավը տեղակայվում է մաշկի, մկանների շրջանում, իսկ վիսցերալ ցավի դեպքում՝ ներքին օրգանների մակարդակում: Նյարդաբանական տեսանկյունից, վիսցերալ ցավը դրսևորվում է որովայնի վրա որոշակի սոմատոտրոպ գոտիներով, և դրանք կարող են, ախտորոշման տեսանկյունից, խառնաշփոթ առաջացնել: Այդ պատճառով պետք է շատ մանրամասն անամնեզ հավաքել, որպեսզի բուժումը ճիշտ նշանակվի, և որպեսզի արդյունքում, օգնելու փոխարեն, չվնասենք հիվանդին:


Ինչպե՞ս բուժել ցավը:


Եթե ցավը չնչին պատճառով է, կարճատև, դա անհանգստացնող չէ, բայց եթե տալիս է կյանքի որակի փոփոխություն և տևում է որոշակի ժամանակ, կամ ուղեկցում է որևէ օրգանի ֆունկցիայի խանգարման, անհրաժեշտ է դիմել բժշկի:


Հասկանալով ցավի պատճառը, պարզելով նրա տեսակը, բուժման պլան է մշակվում: Բուժման գործընթացում կարևոր է բուժել ոչ թե «գանգատը», այլ` պատճառը: Եթե ցավը երկրորդային է, պետք է բուժել գլխավոր պատճառը, օրինակ, կրծքավանդակի այրոցով ընթացող, սեղմող, սաստիկ ցավը կարող է ինֆարկտի նախանշան լինել: Նման դեպքերում պետք է ո՛չ միայն ցավազրկել, ինչը տարածված սխալ է և հղի վտանգավոր հետևանքներով:


Բոլոր դեպքերում, պետք է փորձել հիվանդին ազատել ցավային ախտանշից և երբեք անտարբեր չլինել ցավի նկատմամբ: Եթե ցավի հետազոտման, բուժման ճիշտ պլան չի մշակվում, կարող են անգամ հոգեկան խանգարումներ զարգանալ:


Ի՞նչ բարդություններով է հղի ցավը և ինչպե՞ս կանխարգելել:


Ցավի բարդությունների կանխարգելման համար պետք է դիմել բժշկի, հետազոտվել, չթողնել, որ ցավն առաջացնի կյանքի որակի փոփոխություններ, հուզական խանգարումներ, վարքային փոփոխություններ: Այլապես, նման դեպերում, հիվանդն իր գանգատները կարող է ոչ ադեքվատ, ոչ ճիշտ ներկայացնել: Իսկ դա կարող է բժշկի ոչ ճիշտ կողմնորոշման պատճառ լինել, ինչի արդյունքում հիվանդը կարող է տուժել:

29.04.2019