«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Լուրեր

Երկու ժամ բնության գրկում անցկացնելն անհրաժեշտ է առողջության համար

Երկու ժամ բնության գրկում անցկացնելն անհրաժեշտ է առողջության համար

Գիտնականները հաշվարկել են, թե որքան ժամանակ է պետք անցկացնել բնության մեջ, որպեսզի դա, իսկապես, առողջության վրա դրական ազդեցություն ունենա: Հեղինակները նշում են, որ դա 2 ժամն է` յուրաքանչյուր շաբաթ: Եվ օգուտ ստանալու համար լրացուցիչ ոչինչ հարկավոր չէ, պետք է պարզապես հիանալ տեսարանով: Գիտական աշխատանքը հրապարակվել է Scientific Reports հանդեսում:


Այն փաստը, որ այգում, անտառում, լողափին անցկացրած ժամանակը օգտակար է ֆիզիկական և հոգեկան առողջության համար, վաղուց է հայտնի: Նոր հետազոտությունն առաջինն է իր տեսակի մեջ, որն ուսումնասիրել է բնության մեջ անցկացվելիք ժամանակը:


Դրա արդյունքները հիմնված են 20000 անգլիացիների շրջանում կատարված հարցումների վրա: Քիչ կամ ընդհանրապես բնության մեջ ժամանակ չանկացրածների 1/4-ը հայտնել է վատ առողջական վիճակի մասին, և գրեթե կեսը բողոքել է այն բանից, որ բավարարված չի իր կյանքից:


Հետազոտության առաջնորդող հեղինակ դոկտոր Մետյու Ուայթն` Էքսետերի Համալսարանի բժշկական դպրոցից, ընդգծում է, որ 2 ժամ բնության մեջ լինելու ազդեցությունը նույնն է երիտասարդների և մեծահասակների, հարուստների և աղքատների, քաղաքաբնակների և գյուղաբնակների համար:


Նույնքան բարենպաստ բնությունն ազդել է նաև երկարատև հիվանդություններով և հաշմանդամությամբ մարդկանց վրա: Ընդ որում, դա կարող է լինել ընդամենը այգում նստարանին նստելը: Հետազոտողներին զարմացրել է այն, որ կարևորություն չի ունեցել, թե դա միանգամից 2 ժա՞մ է եղել, թե՞ կարճ ժամանակահատվածներ, որոնց գումարը կազմել է ամենաքիչը 2 ժամ:


Հաշվի չի առնվել սեփական այգիներում անցկացրած ժամանակը, որովհետև դա դժվար է հաշվարկել: Բացի այդ, ըստ դոկտոր Ուայտի, մարդկանց գրեթե կեսը սեփական այգում ավելի շուտ տեսնում է չարքաշ աշխատանք, քան հաճույք և հանգիստ: 2 ժամը շաբաթվա մեջ դա այն սահմանն է, որից սկսվում է բնության դրական ազդեցությունն օրգանիզմի վրա, և ոչ մի դեր չունեն այդ հանգստի կազմակերպման համար լրացուցիչ կատարված ծախսերը:


Հետազոտողներին զարմացրել է նաև այն, որ առողջության համար օգտակարությունը բնության գրկում պարզ ներկայությունը հավասար է ֆիզիկական մարզումներին:


Գիտնականները չեն փորձել պարզել, թե ինչո՞ւ է բնության մեջ պասիվ հանգիստն այդքան օգտակար, բայց Ուայթը շարունակում է, որ կարևոր գործոն կարող է լինել խաղաղության զգացումը:

15.10.2019