«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 190

Լուրեր

Ի՞նչ է ֆիզիոթերապիան. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ

Ի՞նչ է ֆիզիոթերապիան. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ

Ի՞նչ է ֆիզիոթերապիան:


Ֆիզիոթերապիան թերապևտիկ բուժման մեթոդներից է, որն իրականացվում է ոչ թե դեղորայքի կիրառմամբ, այլ ֆիզիկական գործոններով` լույս, ջուր,  ջերմություն, մագնիսական դաշտ և այլն: Դրանց դոզավորված ազդեցությունն ունենում է բուժական արդյունավետություն:


Ինչպե՞ս է կազմավորվել ֆիզիոթերապիայի բաժանմունքը և որո՞նք են նրա գործունեության սահմանները:


Բաժանմունքը գործում է հիվանդանոցի հիմնադրման օրվանից:


Ի սկզբանե այն բազմապրոֆիլ է` ի տարբերություն այլ կլինիկաներում գործող ֆիզիոթերապևտիկ բաժանմունքների: Այսինքն, եթե ֆիզիոթերապիան օգտագործում են հիմնականում հենաշարժական համակարգի հիվանդությունների բուժման նպատակով, ապա մեր բաժանմունքում ֆիզիոթերապիան կիրառելի է լայն սպեկտրով` վիրաբուժական բոլոր այն հիվանդությունների (գինեկոլոգիա, պրոկտոլոգիա, քիթ-կոկորդ-ականջաբանական, ակնաբանական և այլն): ժամանակ, որոնց դեպքում ցուցված է ֆիզիոթերապիան:


Բաժանմունքը հագեցած է նորագույն, առկա է բուժական ֆիզկուլտուրայի մեծ, հարմարավետ սրահ:

 

Ի՞նչ է ֆիզիոթերապիան. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ

Ո՞ր խնդիրների դեպքում է նշանակվում ֆիզիոթերապիա:


Ֆիզիոթերապիան կարելի է համարել այն միջանցքը, որտեղ բացվում են բժշկության բոլոր դռները: Բոլոր խնդիրների ժամանակ ֆիզիոթերապիան ունի իր մեթոդները:


Կա սխալ պատկերացում, որ ֆիզիոթերապիան  ցուցված է հիվանդությունների ենթասուր և քրոնիկ փուլերում: Հիվանդությունների որոշ խմբի մոտ ֆիզիոթերապիան ցուցված է հենց սուր շրջանում, օրինակ, սուր շրջանում ցուցված է գոտևորող հերպեսի, սուր նևրալգիկ ցավերի, հայմորիտների, ֆրոնտիտների ժամանակ:


Լարվածության գլխացավերի դեպքում նույնպես արդյունքները գոհացուցիչ են:


Ի՞նչ մեթոդներ են կիրառվում:


Օրինակ, գինեկոլոգիայում, պոլիկիստոզի ժամանակ, երբ հորմոններ կիրառելը արդյունք չի տալիս, դիմում ենք ֆիզիոթերապևտիկ մեթոդներին և գինեկոլոգների հետ համատեղ  աշխատելու արդյունքում ստացնում ենք դրական արդյունքներ: Կիրառվում է գալվանական կիսավարտիք` փոքր կոնքի շրջանում սնուցումը լավացնելու համար, իսկ դաշտանային ցիկլի օրերին զուգահեռ կատարվում է նաև ուլտրաձայն` յուրօրինակ սխեմայով և մեթոդով:


Ռեկտալ` ուղիղաղիքային միջամտություններ կիրառվում են ո՛չ միայն ուրոլոգիական խնդիրների (շագանակագեղձի ադենոմա, բորբոքում), այլ նաև ուղիղ աղու ճաքերի, 1-ին, 2-րդ աստիճանի թութքի ժամանակ: Նման դեպքերում դեղորայքը և ֆիզիոթերապիան զուգակցվում են:


Իրականացնում ենք ներհյուսվածքային էլեկտրաֆորեզ: Հիվանդին տրվում է որևէ հակաբորբոքային պատրաստուկ, և 40 րոպե անց պաթոլոգիկ օրգանի շրջանում տեղակայվում է դեղորայքը, որպեսզի այն ազդեցություն ունենա միայն հիվանդ օրգանի շրջանում:  Դեղորայքի ներերակային կամ պերօրալ ընդունումից հետո դեղն էլոկտրոֆորեզով կենտրոնացվում և բերվում հիվանդ օրգանի շրջան, որպեսզի այն կրկնակի ազդեցություն ունենա:


Կիրառում ենք ցեխի և տորֆի մզվածք` էլեկտրոֆորեզի միջոցով:


Մոնոթերապիան գրեթե  բացակայում է, սովորաբար,  բժիշկների հետ համատեղ աշխատանք է իրականացվում :

 

Ի՞նչ է ֆիզիոթերապիան. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ


Ի՞նչ հակացուցումներ կան:


Հակացուցում են ուռուցքային, ինֆեկցիոն հիվանդությունները: Կան մասնակի հակացուցումներ` մաշկի ամբողջականության խախտում և այլն:


Ներկայում կա նոր մոտեցում, որի համաձայն ֆիզիոթերապիան օգտագործվում է հենց ուռուցքների բուժման համար: Օրինակ, էլեկտրոֆորեզը, օրինակ,  ուռուցքային հիվանդությունների ժամանակ հակացուցվաժ չէ:


Ի՞նչ տեխնիկական հագեցվածություն ունի բաժանմունքը:


Բաժանմունքը հագեցած է բոլոր անհրաժեշտ  սարքերով, գործիքներով, ունի վերջին մոդելի նորագույն ֆիզիոթերապևտիկ ԲՏԼ գործիքներ, որոնք պարունակում են լազերաթերապիա, մագնիսաթերապիա, դիադինոմոթերապիա, էլեկտրոֆորեզի նոր սարք և այլն:


Այս սարքերի օգնությամբ, միաժամանակ, երկու միջամտություն կարելի է իրականացնել` և՛ էլեկտրոֆորեզ, և՛ ուլտրաձայն: Այն իր մեջ պարունակում է նաև մագնիսաթերապիա, որը կարելի է կատարել ամբողջ մարմնի մակերեսով:


Խոսենք ծառայությունը մատուցող անձնակազմի մասին:


Մասնագետները լիարժեք վերապատրաստված են և հիանալի տիրապետում են գործին: Բուժքույրերից շատերը միջինը 40 տարվա աշխատանքային փորձ ունեն, բամապրոֆիլ մասնագետներ են, փորձառու, հիանալի աշխատողներ: Ես այստեղ աշխատում եմ դեռևս մեկ տարի:


Բաժանմունքում իրականացվում են մերսում`  հենաշարժական խնդիրներից զատ, նաև այլ դեպքերում` գլխացավեր, մկանների գերլարվածություն, հիվանդությունների կանխարգելում և այլն: Մանկական պարեզներով երեխաների հետ զբաղվում է հատուկ մասնագիտացում անցած ֆիզիոթերապևտը:

 

ծառայությունը մատուցող անձնակազմ

Ինչպե՞ս և որտե՞ղ են անցնում վերապատրաստումներ:


Յուրաքանչյուր 2 տարին մեկ Հայաստանում անց է կացվում ֆիզիոթերապևտների միջազգային գիտաժողով, որին մասնակցում են արտերկրի մասնագետներ, նաև` մեր մասնագետները: Ընդհանուր առմամբ, բժշկական համալսարանում և ֆիզիոթերապիայի ինստիտուտում բոլոր ֆիզիոթերապևտիկ գիտաժողովներին մեր մասնակցությունն ակտիվ է: Հետևում ենք ֆիզիոթերապիային վերաբերող պարբերականներին, որոնք հասանելի են մեզ Առողջապահության նախարարության գրադարանից:


Զբաղվում ենք գիտական աշխատանքներով, որոնցից մեկը դեռ փորձարկման փուլում է, և այս տարվա գիտական կոնֆերանսին պետք է ներկայացնենք:


Գործո՞ւմ է զեղչային համակարգ, պետպատվերի սպասարկում:


Քանի որ բաժանմունքը խիստ սպեցիֆիկ ուղղվածություն չունի, բոլոր մեթոդները վճարվում են միանման և բավականին մատչելի են: Սպասարկվում են Աջափնյակ համայնքի թիվ 6 պոլիկլինիկայի տարածքում գրանցված բոլոր հիվանդները` պետպատվերով: Մինչև 7 տարեկան երեխաները, հիվանդանոցում բուժվող հիվանդները ևս սպասարկվում են այդ շրջանակում: Սոցփաթեթները նույնպես սպասարկվում են համապատասխան կերպով:


Ինչպե՞ս կարող են դիմել


Հիվանդները տարածքային շրջանում արդեն տեղյակ են բաժանմունքի գործունեության մասին, և մեկ անգամ դիմողը կրկին վերադառնում է մեզ մոտ, կամ ուղղորդում ծանոթներին: Շատ կարևոր է անձնակազմի վերաբերմունքը: Այստեղ անմիջական փոխադարձ-հարգալից կոնտակտ կա բուժքրոջ, հիվանդի և բժշկի միջև ու, արդյունքում հիվանդը գոհ է, խորհուրդ է տալիս նաև ուրիշներին:


Պացիենտները կարող են անմիջապես դիմել մեր բաժանմունք և ստանալ համապատասխան ծառայություն, կամ ուղղորդվել  որևէ մասնագետի կողմից: Մենք ժամանակ առ ժամանակ դիմում ենք այլ բաժանմոնւնքների ղեկավարներին և ներկայացնում նորամուծությունները:


Ավետիսյան Գոհար Մկրտչի,
Արմենիա բժշկական կենտրոն,
Վերականգնողական բաժանմունքի բժիշկ-ֆիզիոթերապևտ

31.01.2020