«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Լուրեր

Օստեոպորոզ. հարցազրույց ռևմատոլոգ Գոհար Հակոբյանի հետ

Օստեոպորոզ. հարցազրույց ռևմատոլոգ Գոհար Հակոբյանի հետ

Ի՞նչ է օստեոպորոզը:


Ռևմատոլոգիական հիվանդություններից Հայաստանում մեծ տարածում ունեն ռևմատոիդ արթրիտը, օստեոարթրիտը և այժմ նաև` օստեոպորոզը:


Օստեոպորոզն արտահայտվում է կալցիումի անբավարար մակարդակով, որը բերում է ոսկրերի փխրունության, փափկության, կոտրվածք ստանալու հավանակության:


Երկար ժամանակ այն կարող է ընթանալ առանց գանգատների և հիվանդն ընդհանրապես կարող է չկասկածել, որ իր մոտ նման խնդիր կա: Այն հաճախ հայտնաբերվում է, երբ արդեն կոտրվածք է առաջանում:


Եվ քանի որ օստեոպորոզները պատճառ են դառնում կոտրվածքների առաջացման և հաշմանդամության, այդ պատճառով ներկայում մեծ ուշադրություն է դարձվում այդ պաթոլոգիային:


Հիմնականում հիվանդանում են 50-նն անց կանայք և 70-նն անց տղամարդիկ:


Օստեոպորոզի պատճառները


Օստեոպորոզն արտահայտվում է կալցիումի պակասի արդյունքում, իսկ կալցիումը կարող է իրականում նաև բավարար ներմուծվել օրգանիզմ, բայց վատ յուրացվել:


Օստեոպորոզին նպաստում են տարբեր հանգամանքներ՝ և հորմոնները, և տարբեր հիվանդությունները՝ վահանաձև գեղձի հիվանդություններ, տարբեր ռևմատոլոգիական հիվանդություններ, երբ հիվանդները շատ գլյուկոկորտիկոիդներ են օգտագործում, ստամոքս-աղիքային համակարգի հիվանդությունները:


Կանանց մոտ օստեոպորոզը հիմնականում պայմանավորված է դաշտանադադարով` պոստմենոպաուզալ օստեոպորոզ, հորմոնալ ընկճվածությամբ: Շատ է լինում նաև ավելի երիտասարդների մոտ, դա վաղաժամ օստեոպարոզն է, որի պատճառը վաղաժամ դաշտանադադարը կարող է լինել: Այդ դեպքում, հորմոնների պակասի հետևանքով աստիճանաբար լինում է կալցիումի վատ յուրացում և նրա արագ հեռացում ոսկրերից: Առաջանում է կալցիումի դիսբալանս ներծծման և հեռացման միջև, և արդյունքում զարգանում է ոսկրային խնդիր:


Սրանք էնդոգեն պատճառներն են: Կան նաև արտաքին պատճառներ, օրինակ սնունդը, որը կալցիումով անբավարար է հագեցած, պատճառ է նաև արևի ճառագայթների պակասը: Կալցիումի վատ յուրացմանը նպաստում է նաև վիտամին D-ի պակասը, նաև տարբեր դեղերի օգտագործումը:


 Չնայած մեզ մոտ արևը շատ է, բայց կա վիտամին D-ի անբավարարություն, որովհետև նրա անհրաժեշտ քանակի համար պետք է ողջ օրը արևի տակ լինել, ինչը գրեթե անհնար է:


Ախտանշանները


Ախտանիշներն են տարածուն ոսկրացավը, մկանային կծկումները հատկապես գիշերները, ոսկրային, մկանային տարածուն ցավերը: Չնայած պրոցեսը կարող է նաև անսիմպտոմ ընթանալ և միայն կոտրվածքների ժամանակ հայտնաբերվել:


Ինչպիսի՞ կոտրվածքներ են ավելի բնորոշ այս պաթոլոգիային:


Հիմնականում կոտրվածքները լինում են կոնք-ազդրային հոդում, ողնաշարի գոտկային հատվածում և ճաճանչ դաստակային հոդում:  Այս հոդերի կոտրվածքներն ավելի վտանգավոր են, հատկապես  կոնք-ազդրային գլխիկի կոտրվածքը, որը բավականին լուրջ խնդիր է իրենից ներկայացնում:


Կոտրվածքներ կարող են լինել նաև ողնաշարի այլ հատվածներում, և եթե դրանք կոմպրեսիոն են, հիվանդը կարող է չհասկանալ, թե ինչ է իր մոտ կատարվել: Նա կարող է գամվել անկողնուն, անշարժանալ:


Ի՞նչ հետազոտություններով է հայտնաբերվում:


Հետազոտման մեթոդներից նախնականը դենսիտոմետրիան է, իսկ ուշ շրջանում արդեն ռենտգենոգրաֆիայով ակնհայտ երևում են փոփոխությունները: Դենսիտոմետրիան ունի իր ցուցանիշները, ըստ որոնց էլ որոշվում է` դա օստեոպենիա է, անցումային վիճակ, թե՞ օստեոպորոզ:


 Խարհուրդ է տրվում, որ մեծ տարիքում՝ 50-ից բարձր տարիքի կանայք և 70-նն անց տղամարդիկ, 3-4 տարին մեկ անցնեն դենսիտոմետրիա հետազոտությունը, բացի դա պետք է ստուգել կալցիումի և վիտամին D-ի քանակն արյան մեջ: Եվ հետազոտություններում փոփոխությունների առկայության դեպքում պետք է դիմել մասնագետի: Ընդհանրապես, եթե կա ռևմատոիդ պրոցես, արդեն բուժող բժիշկն ուղղորդում է դենսիտոմետրիայի:


Բուժման կազմակերպումը


Եթե արդեն ախտորոշվել է օստեոպորոզ, հիվանդը պետք է ստանա տարբեր պրեպարատներ` կալցիումի և վիտամին D-ի հետ, որպեսզի բուժումը արդյունավետ լինի և տեղի ունենա կալցիումի տեղափոխում արյունից դեպի ոսկրեր և դա բերի ոսկրերի ամրացման:


Ներկայում օստեոպորոզի համար կան շատ լավ պրեպարատներ, որոնց օգտագործումը կարող է կանխել նման բարդությունները:


Նշանակվում են բիֆոսֆոնատներ, որոնք կալցիումը տեղափոխում են ոսկրեր: Ավելի արդյունավետ պրեպարատ է դենոսումատը, որը բիոլոգիական պրեպարատ է, բայց գնային առումով դժվար մատչելի:


Բացի դեղորայքային բուժումը, առաջարկվում են նաև տարբեր պրոցեդուրաներ՝ յոգա, ֆիզիոթերապիա, մանուալ թերապիա և այլն:


Կանխարգելումը


Շատ կարևոր է առողջ, կալցիումով հագեցած սննդի օգտագործումը, իսկ կալցիումն ավելի շատ առկա է ընդեղենի մեջ, քան կաթնամթերքի՝ կաթնաշոռի,  ինչպես բոլորը կարծում են: Այն շատ է նուշի, ընկույզի, լոբազգիների, քունջութի մեջ: Դեղին պանիրը ևս շատ կալցիում է պարունակում:


Խորհուրդ է տրվում շատ քայլել, մարզվել, մաքուր օդում շատ լինել, թողնել վնասակար սովորությունները, ազատվել ավելորդ քաշից, որը նաև նպաստում է կոտրվածքների առաջացմանը, ակտիվ լինել, հեծանիվ վարել, խուսափել տրավմաներ ստանալուց, ծանրաբեռնվածությունից:

Պրոֆիլակտիկ խորհուրդ է տրվում նաև օստեոպենիայի փուլում օգտագործել կալցիում և վիտամին D երկար ժամանակ, մոտ 6 ամիս:


Համագործակցություններ


Այժմ Հայաստանում կա Օստեոպորոզի Ասոցիացիա, որտեղ հիվանդները գրանցվում են, անցնում են իրենց տարբեր դեղերին զուգակցված բուժումները;


Գոհար Գառնիկի Հակոբյան,
Արմենիա բշկական կենտրոնի ախտորոշիչ բաժնի ռևմատոլոգ

29.02.2020